Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   487.96  դրամ
EUR   549.93  դրամ
RUB   7.21  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
16.10.2018   ԱՎԱՆԴԱԿԱՆ ԲԵՐՔԻ ՏՈՆԸ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ

Գյուղատնտեսության նախարարությունը` քաղաքապետարանի աջակցությամբ, 8-րդ անգամ է գյուղաշխատողի օրը տոնախմբություն կազմակերպում մայրաքաղաքում` հրավերներ ուղարկելով հանրապետության բոլոր համայնքներին և տնտեսավարողներին: Ըստ պաշտոնական տվյալների, նախօրեին Ստեփանակերտում անցկացված տոնավաճառին  մասնակցել են 170-ից ավելի համայնքներ և սննդամթերք արտադրող շուրջ 100 ընկերություններ: Հայտերի թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 150-ով: Ու, եթե հավելելու լինենք, որ ոչ պակաս, քան 1150 տաղավար է տեղադրվել Վերածննդի հրապարակում, Ստ.Շահումյանի պուրակում, նախագահական և կառավարական շենքերին հարող տարածքներում, Ազատամարտիկների, Վ.Սարգսյան, Թումանյան, Բ.Կնունյանց և Սասունցի Դավիթ փողոցներում, ծավալային առումով առավել պատկերավոր կուրվագծվի տոնավաճառի շրջանակը:

Չնայած մառախլապատ եղանակին, ոչինչ չի խանգարել հագեցած տոնախմբության անցկացմանը: Զվարթ երաժշտությունը, պետական համույթների և գեղարվեստական խմբերի ներդաշնակ կատարումները ոգևորություն և բարձր տրամադրություն են հաղորդել, ինչպես գնորդներին, այնպես էլ գյուղմթերքներ արտադրողներին, որոնք վաճառքի էին հանել բացառապես բարձրորակ և էկոլոգիապես մաքուր ապրանքներ:

Տոնավաճառին, որն, ի դեպ, ամենաներկայացուցչականն է համարվում անցած 8 տարիների կտրվածքով, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի և մյուս այրերի ուղեկցությամբ ներկա են գտնվել նաև Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը և Արցախի նախագահ Բակո Սահակյանը, ովքեր շրջել են տաղավարներում, վաճառքի հանված ապրանքներին ծանոթացել, զրուցել գյուղացիների և տնտեսավարողների հետ, գնումներ կատարել:

Ավանդույթի համաձայն, աշնան առատ բերքն ու բարիքն օրհնել է Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն