Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   476.10  դրամ
EUR   524.47  դրամ
RUB   7.42  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
22.09.2018   ՀԱՆԴԻՍԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՆՇՎԵՑ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՕՐԸ

ՔԱՂԱՔ, ՈՒՐ ԾԱՂԿՈՒՆՔԻՑ ԲՈՒՐՈՒՄ ԵՆ ՍԻԶԱՄԱՐԳԵՐՆ ՈՒ ՊՈՒՐԱԿՆԵՐԸ

 

Սեպտեմբերի 22-ին Արցախի մայրաքաղաքում տոն էր, համաժողովրդական տոնախմբություն: Ստեփանակերտցիները հանրապետություն այցելած բազմաթիվ հյուրերի հետ հանդիսավորությամբ նշել են քաղաքի օրը: Քաղաքի փողոցներն ամենուր փայլում էին մաքրությունից, իսկ բուսաբանական այգու ծաղկաբույծների հոգատար խնամքի շնորհիվ, անուշ բուրում էին սիզամարգերն ու պուրակները` անցորդների ուշադրությունը հրավիրելով երփներանգ ծաղիկների ու վարդերի զմրուխտե կանաչ թփերի և թավշյա գորգեր հիշեցնող խոտածածկ տարածքների վրա, որ դեռ նոր էին ոռոգվել և թերթիկներին` ցող էր իջել աշնանային գիշերը… Օր առաջ էլ, <<ավանդույթի համաձայն>> առատ շիթերով, <<ցնցուղվել>>, լվացվել էին պատմաճարտարապետական բոլոր հուշարձանները, հրապարակներն ու փողոցները` <<լրացուցիչ>> թարմություն և տոնական տեսք հաղորդելով մայրաքաղաքին:

Քաղաքապետարանի աշխատակիցներն առավոտյան ակտիվորեն ձեռնամուխ էին եղել հաճելի անակնկալների մատուցմանը` համաքաղաքացիներին և հյուրերին: Մայրաքաղաքի` զինանշանով ու դրոշներով, գույնզգույն փուչիկներով զարդարված ավտոմեքենաները ուրախ երաժշտության ուղեկցությամբ հայտնվելով փողոցներում` Ստեփանակերտի օրվա կապակցությամբ, քաղաքապետարանի անունից ծաղիկներ և հուշանվերներ էին բաժանում անցորդներին` շռայլորեն շնորհավորանքներ հղում նրանց: Ասել է թե` բարեմաղթանքների պակաս չէր զգացվում: Տոնակատարության մասնակիցների թվում դժվար չէր նկատել տարեցներին, ինչպես նաև` Ստեփանակերտի պատվավոր քաղաքացիներին, որոնցից շատերն արդեն նրա հասակակիցներն են:  Բոլորը խանդավառված Ս.Շահումյանի անվան պուրակ էին շտապում ըմբոշխնելու օրվա տոնական միջոցառումների հագեցած ծրագիրը, ուրախանալու և հպարտանալու հարազատ ծննդավայրի ձեռքբերումներով, սերնդակիցների, երիտասարդների հետ կիսելու քաղաքի ծննդյան հետ կապված վաղեմի հիշողությունները: Նրանք այն մարդիկ են, ովքեր խոր հարգանք ու հեղինակություն են վայելում Արցախում, և իրենց արժանի ներդրումն ունեն քաղաքի կառուցման ու նրա դիմանկարի կերտման, երկրի զարգացման ու շենացման գործում: Այսօր նրանք վստահությամբ հերթափոխը հանձնում են երիտասարդ սերնդին` համոզված լինելով, որ ավանդույթների և արժեքների պահպանումը գտնվում է հուսալի ձեռքերում…

Հանդիսավոր արարողության մեկնարկը, բնականաբար, տրվեց Ս.Շահումյանի անունը կրող օղակաձև պուրակում, ուր քաղաքապետարանի մշակույթի տան փողային նվագախումբն էր զվարթ, տոնական երաժշտություն հնչեցնում` դիրիժոր, արվեստի վաստակավոր գործիչ Ալբերտ Սաֆարյանի գլխավորությամբ: Իսկ տոնակատարության ողջ ընթացքում հորդաբուխ, հախուռն կերպով հնչում էին Արցախի ու Հայաստանի մայրաքաղաքներ Երևանին ու Ստեփանակերտին նվիրված բազում երգեր` խանդավառելով մեծերին ու փոքրերին:

Ժամը 11-ին խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը, անվտանգության խորհրդի անդամները` Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի ուղեկցությամբ, որպես հարգանքի տուրք, ծաղիկներ են խոնարհում Ստեփան Շահումյանի հուշարձանին, խնկարկում նրա հիշատակը:

Տոնական միջոցառումների գլխավոր հավաքատեղը հանդիսացող Շահումյանի օղակաձև պուրակի համապատասխան տարածքներում ստեփանակերտցիներին և մայրաքաղաք ժամանած հյուրերին էին ներկայացվել Արցախի նկարիչների, Ստեփանակերտի արվեստի դպրոցի սաների ստեղծագործությունները: Կազմակերպվել էր նաև արցախյան հին գորգերի և կարպետների, հուշանվերների ցուցահանդես-վաճառք:

Մայրաքաղաքի զինանշանով խորհրդանշական շապիկներ հագած երիտասարդների մի մեծ խումբ միասնական շուրջպար էր բռնել պուրակի <<երգող>> շատրվանների հարևանությամբ հրապարակում` մասնակից դարձնելով հանդիսության մասնակիցներին: <<Վերածննդի>> հրապարակում մարզամշակութային միջոցառումների ընդգրկուն ծրագիր էր նախատեսվել` շարժելով ներկաների հետաքրքրությունը: Այստեղ իրենց ուժերն էին չափում շախմատի, ծանրաձողի մարզաձևերի սիրահարները, պատանի ձյուդոիստներն ու բռնցքամարտիկները: Օղակաձև պուրակի մի անկյունում էլ ազգային ավանդական խաղերի <<բաց առաջնություն>> էր կազմակերպվել, և մասնակիցները ջանում էին ցուցադրել իրենց բազկի ուժն ու ճարպկությունը:

Տոնական միջոցառումից անմասն չեն մնացել և փոքրիկները, ովքեր Վերածննդի հրապարակի գողտրիկ անկյունում ասֆալտի վրա ներկայացրել էին իրենց պատկերացումներն ու երևակայությունները` Արցախ աշխարհի մայրաքաղաք Ստեփանակերտի, խաղաղության, ծառ ու ծաղկի վերաբերյալ` միահյուսելով աշնան թավշյա գույներն ու բույրերը, արևի ջերմությունը: Ու դժվար չէր նկատել, որ շատերի պաշտամունքն են ճերմակ աղավնիները, Հայաստանի, Արցախի պետական դրոշները, Արևն ու Լուսինը…

Քաղաքապետարանը նպատակ ունենալով ընդլայնել միջոցառումների շրջանակները, համերգներ ու մարզական մրցումներ էր կազմակերպել քաղաքի տարբեր թաղամասերում ու փողոցներում, Շ.Ազնաուրի անվան մշակույթի կենտրոնում, <<Էմբադա>> առևտրային կենտրոնի տարածքում, Բաղրամյանի անվան պուրակում, Կոմիտասի անվան երաժշտական դպրոցին հարող տարածքում, այլուր, ավանդական տոնին մասնակից անելով առավել մեծ թվով ստեփանակերտցիների: Ուշադրությունից դուրս չեն մնացել նաև հասարակական կազմակերպություններն ու կառույցները: Քաղաքապետարանի անունից, ծաղիկների հետ արժեքավոր նվերներ են բաժանվել այն փոքրիկների մայրերին, որոնց ծնունդը համընկել է Ստեփանակերտի օրվան: Հիշարժան տոնին չեն անտեսվել և նորապսակ զույգերը` ստանալով նվերներ և բարեմաղթանքներ /քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժնի նախաձեռնությամբ մայրաքաղաքի դպրոցների աշակերտների միջև կազմակերպվել է Ստեփանակերտին նվիրված լավագույն շարադրությունների և ասմունքի մրցույթ, որտեղ լավագույնը ճանաչված հեղինակները պարգևատրվել են պատվոգրերով և հուշանվերներով/:

Տոնական միջոցառումների շրջանակներում Ստեփանակերտի հ. 6 հիմնական դպրոցի մարզադահլիճում կայացել է <<Սանդա-ուշու>> մարզաձի բաց առաջնություն, որին մասնակցում էին նաև Երևանից ժամանած թվով 4 հավաքական թիմեր: Քաղաքի օրվա առթիվ, ողջույնի խոսքով դիմելով ներկաներին, Սուրեն Գրիգորյանը նշեց, թե հիշյալ մարզաձևը հանրապետությունում տարեցտարի լայն մասսայականություն է վայելում: Այդ մասին է վկայում այն իրողությունը, որ <<Սանդա-ուշուի>> գծով Արցախն ունի ինչպես աշխարհի, այնպես էլ` Եվրոպայի չեմպիոններ, ինչը մազրկների և մարզիչների համատեղ տքնաջան աշխատանքի, տոկունության և անկոնտրում կամքի արդյունք է:

Քաղաքի օրվան նվիրված հանդիսությունները եզրափակվել են Մշակույթի և երիտասարդության պալատի դահլիճում կայացած տոնական համերգով, որի ժամանակ ցուցադրվել է նաև Ստեփանակերտի անցյալի ու ներկայի մասին պատմող <<Դու սիրուն քաղաք, դու գարուն քաղաք>> խորագրով նկարահանված վավերագրական ֆիլմը:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն