15.06.2018   ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հարգելի՛ ստեփանակերտցիներ,

 

Ինչպես գիտեք, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Արցախի Հանրապետության Սահմանադրության 44-րդ հոդվածով և հաշվի առնելով Ստեփանակերտ քաղաքում հավաքներ կազմակերպելու և հավաքներին մասնակցելու իրավունքի ապահովման ու հավաքների ազատությունն իրականացնելու և պաշտպանելու հարաբերությունները կանոնակարգելու անհրաժեշտությունը՝ Ստեփանակերտի քաղաքապետը, հարցը քննարկելով ավագանու նիստում և ստանալով ավագանու բոլոր անդամների հավանությունը, ս.թ. հունիսի 13-ին ընդունել է <<Ստեփանակերտ քաղաքում  հավաքների ազատության  իրականացման և պաշտպանության պայմանների ու կարգի մասին>> որոշում:

Քաղաքապետի որոշման համաձայն՝ հավաքի կազմակերպիչն հավաքի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 7 օր, և ոչ շուտ, քան 30 օր առաջ պարտավոր է գրավոր իրազեկել Ստեփանակերտի քաղաքապետին և հավաք իրականացնել միայն քաղաքապետարանի որոշումն ստանալուց հետո:

Սակայն, անտեսելով այս ամենը, այսօր՝ հունիսի 15-ի առավոտյան, <<Ազգային վերածնունդ>> կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է հաղորդագրություն՝ կոչ անելով քաղաքացիներին հունիսի 15-ին և 16-ին մասնակցել մայրաքաղաք Ստեփանակերտում իր կողմից կազմակերպվող հանրահավաքներին՝ նշելով հավաքի վայրը:

Տեղեկացնում ենք, որ, ի խախտումն վերը նշված կարգի, քաղաքապետարանը հանրահավաք անցկացնելու մասին որևէ փաստաթուղթ չի ստացել:

Նույն իրավիճակը եղել է ս.թ. հունիսի 13-ին, ինչի կապակցությամբ Հ.Խանումյանը հրավիրվել էր Ստեփանակերտի ավագանու նիստին և տեղեկացվել սահմանված կարգի մասին, հանրահավաքի անցկացման վայրի համար նրան առաջարկվել էին տարբերակներ:

Այս ամենից հետո նրա կողմից կրկին փորձ է արվում խախտել քաղաքապետարանի  հաստատած կարգը, ինչն անթույլատրելի է որևէ մեկի համար:

<<Տեղական ինքնակառավարման մասին>> ԼՂՀ օրենքի համաձայն՝ քաղաքապետարանն իր իրավասության շրջանակներում միջոցներ կձեռնարկի օրենքի գերակայությունը ապահովելու ուղղությամբ:

 

 

ք.Ստեփանակերտ,

15 մայիսի, 2018 թ.