23.03.2018   ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ՍԿՍՎԱԾ Է ԾԱՌԱՏՈՒՆԿԸ

 

Չնայած, ծրագրի համաձայն, մայրաքաղաքում ծառատնկման սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքները պիտի մեկնարկեն ապրիլի 1-ից, սակայն բարենպաստ եղանակները հնարավորություն են ընձեռնել ավելի վաղ ձեռնամուխ լինել կանաչ տարածքների մշամանն ու ընդլայնմանը:

Քաղաքապետարանի բնակարանային, կոմունալ տնտեսության և բնապահպանության բաժնի պետ Կառլեն Գրիգորյանի հավաստմամբ, արդեն մի քանի օր է, ինչ Ստեփանակերտի զբոսայգիներում, տարբեր փողոցներում և հասարակական վայրերում, ծառերի, թփերի էտմանն ու ձևավորմանը զուգընթաց, փխրեցվում է հողը, պատրաստվում ծաղկասածիլների տնկին: Քաղաքում միաժամանակ սկսված է ծառատունկը: Բաղրամյան փողոցի առանձին հատվածներում չորացված, անպիտանի ծառերն ու թփերը փոխարինվել են նորերով: Արդեն ավելի քան 100 մատղաշ թխկիներ են տնկվել փողոցի երկայնքով:

Կ.Գրիգորյանի խոսքով, ակտիվ աշխատանքներ են ծավալվել նաև մայրաքաղաքի սանիտարական մաքրման ու բարեկարգման, պուրակների և սիզամարգերի ձևավորման ուղղությամբ:

 

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն