Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   482.02  դրամ
EUR   557.50  դրամ
RUB   7.59  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
15.12.2017   ԿԱՅԱՑԵԼ Է ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ` 2017Թ. ՎԵՐՋԻՆ ՆԻՍՏԸ

 

ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ԷԻՆ ԱՄԵՆԱՏԱՐԲԵՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՐՑԵՐ

 

Դեկտեմբերի 15-ին Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու` 2017թ. վերջին նիստն էր հրավիրվել` քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի նախագահությամբ, որի օրակարգում ընդգրկվել էին կենսական, տնտեսական և իրավական բնույթի շուրջ մեկ տասնյակ հարցեր:

Ավագանին որոշեց փոփոխություններ կատարել ավագանու` 2017թ. հունվարի 25-ի որոշման մեջ`<<Ջրմուղ կոյուղի>> ՓԲԸ առաջացած էլեկտրաէներգիայի պարտքը մարելու, <<Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոց>> ՊՈԱԿ-ում առաջացած նախորդ տարվա ջեռուցման և էլեկտրաէներգիայի ծախսերը, ինչպես նաև <<Ն.Ստեփանյանի անվան քաղաքային զբոսայգի>> ՓԲԸ լուծարման հետևանքով առաջացած աշխատավարձի և պարտադիր վճարների ծախսերը մարելու նպատակով`քաղաքային համայնքի բյուջեում ապահովելով վերաբաշխում:

Նիստում որոշում կայացվեց քաղաքային համայնքի 2018թ. տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարները և համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը սահմանելու մասին: Նախագիծն ավագանու դատին ներկայացրեց քաղաքապետարանի ֆինանսա-բյուջետային բաժնի պետ Մարատ Համբարձումյանը: Քննարկման առաջարկվող նախագծի վերաբերյալ հանդես գալով պարզաբանումներով, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը մասնավորապես նշեց,որելնելով գումարների արդյունավետ հավաքագրման անհրաժեշտությունից, ծառայությունների մատուցման դիմաց` գալիք տարում ևս տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը կմնան անփոփոխ ու չեն բարձրացվի:

Ավագանին իր համաձայնությունը տվեց տնտեսական նպատակների համար` քաղաքի Ալ.Հեքիմյան փողոցի  թիվ 3 շենքի նկուղային հարկից ոչ բնակելի տարածքի հատկացման վերաբերյալ որոշմանը: Մեկ այլ որոշմամբ ավագանին բավարարեց առանց ծնողական խնամքի մնացած Գարիկ Արայիկի Բաբայանին` որպես բնակարանի կարիք ունեցող անձ հաշվառելու մասին խնդրանքը: Որոշումներ կայացվեցին նաև համայնքի սեփականություն հանդիսացող Ա.Առաքելյան փողոցի թիվ 1 շենքի թիվ 150 և 151-րդ սենյակները նվիրատվության կարգով օտարելու և Նաբերեժնայա փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 20/1 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը վաճառքի կարգով օտարելու վերաբերյալ:

Նիստում ավագանու անդամների կողմից արծարծվեցին  մայրաքաղաքի կենսական խնդիրներին առնչվող մի շարք հարցեր, հնչեցին առաջարկություններ` միտված մայրաքաղաքումսանմաքրման և բարեկարգման աշխատանքների բարելավմանը,կարգ ու կանոնի ամրապնդմանը:

Ամփոփելով նիստի աշխատանքները, վերջում Սուրեն Գրիգորյանը քաղաքապետարանի անունից ավագանու անդամներին շնորհավորեց գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ` համոզմունք հայտնելով, որ Նոր տարում կկրկնապատկեն ջանքերը` իրենց պարտականություններն առավել բարեխղճորեն կատարելու և ընտրողների ակնկալիքներն արդարացնելու, համատեղ ուժերով մայրաքաղաքի խնդիրները լուծելու համար:

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն