20.11.2017   ԲԱԶՄԱՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ՄԵՔԵՆԱ` ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

ԱՅՆ ՍՏԱՑՎԵԼ Է ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԽՈՂՈՎԱԿՈՎ

Այսուհետ Ստեփանակետի <<Ջրմուղ կոյուղի>> ընկերության բանվորները ժամանակակից հագեցած տեխնիկայի միջոցով կիրականացնեն ջրի և կոյուղու ստորգետնյա խողովակների մաքրումն ու խցանումների վերացումը: Բազմաֆունկցիոնալ մեքենան, որ առավել արդյունավետ կդարձնի կոմունալ տնտեսության ստորաբաժանման աշխատանքը, ձեռք է բերվել բարեգործական խողովակով: Նվիրատվությունը կատարել են Նելսոն և Զավեն Սարգսյանները: Մասնագետների հավաստմամբ, մայրաքաղաքի մաքրության պահպանման գործում նման տեխնիկայի անհրաժեշտությունը խիստ կարևոր է:

Բարերարներին հյուրընկալելով քաղաքապետարանում և բարձր գնահատելով նրանց հայրենասիրական նախաձեռնությունը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը համոզմունք է հայտնել, որ հերթական աջակցությունը մայրաքաղաքին` կլինի ներդրումային ծրագրի շրջանակում, ինչը շահեկան կարող է համարվել և ձեռնակատիրական գործունեության ծավալման տեսանկյունից: Քաղաքապետի հետ քննարկելով առաջիկա անելիքները, նրանք չեն բացառել նաև այդ հնարավորությունը:

<<Բարեգործների նվիրատվությունը ինչպես նյութական, այնպես էլ բարոյական նշանակություն ունի մեզ համար, և առիթից օգտվելով` կոլեկտիվի անունից խորին շնորհակալություն եմ ուզում հայտնել բարերարներ Նելսոն և Զավեն Սարգսյաններին, - ասում է ընկերության տնօրեն Մարտիկ Հայրապետյանը: - Եթե նախկինում որոշ աշխատանքներ մեքենայացված չէին, և որոշակի դժվարություններին էին հանդիպում բանվորները, ապա այսուհետ բացառապես տեխնիկայի միջոցով կլրացվի այդ բացը>>:

Ըստ ընկերության ղեկավարի, նոր սարքավորումը մասնագետներին հնարավորություն կընձեռնի, առանց ասֆալտի ծավալուն ծածկույթը քանդելու, բարձր ճնշմամբ փոքր անցք բացել ու հատուկ տարաներում ներքաշել ստորգետնյա հատվածում խցանված կեղտաջրերը:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն