Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   481.93  դրամ
EUR   569.16  դրամ
RUB   8.37  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
23.09.2017   ՆՇՎԵՑ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻՕՐԸ

ԱՅՆ ՎԵՐԱԾՎԵԼ ԷՐ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՏՈՆԱԽՄԲՈՒԹՅԱՆ

Սեպտեմբերի 23-ին Արցախի մայրաքաղաքում տոն էր, համաժողովրդական տոնախմբություն: Ստեփանակերտցիները հերթական անգամ նշեցին սիրելի քաղաքի օրը:

Առավոտից քաղաքի զինանշանով ու դրոշներով, գույնզգույն փուչիկներով զարդարված ավտոմեքենաները ուրախ երաժշտության ուղեկցությամբ հայտնվելով փողոցներում` Ստեփանակերտի օրվա կապակցությամբ, քաղաքապետարանի անունից ծաղիկներ և հուշանվերներ էին բաժանում անցորդներին` շռայլորեն շնորհավորանքներ հղում:

Տոնակատարության մասնակիցների թվում դժվար չէր նկատել տարեցներին, ովքեր Ստեփանակերտի հասակակիցն են: Նրանք Ս.Շահումյանի անվան պուրակ էին շտապում ըմբոշխնելու օրվա տոնական միջոցառումների հագեցած ծրագիրը, ուրախանալու և հպարտանալու հարազատ ծննդավայրի ձեռքբերումներով, սերնդակիցների, երիտասարդների, հետ կիսելու քաղաքի ծննդյան հետ կապված վաղեմի հիշողությունները: Նրանց շարքերում են և պատվավոր քաղաքացու կոչման արժանացած ստեփանակերտցիներ, որոնք հարգանք ու հեղինակություն են վայելում Արցախում, և իրենց արժանի ներդրումն ունեն քաղաքի կառուցման ու նրա դիմանկարի կերտման, երկրի զարգացման ու բարգավաճման գործում: Այսօր նրանք վստահությամբ հերթափոխը հանձնում են երիտասարդ սերնդին` համոզված լինելով, որ ավանդույթների և արժեքների պահպանումը գտնվում է հուսալի ձեռքերում…

Հանդիսավոր արարողության մեկնարկը տրվեց Ս.Շահումյանի անունը կրող օղակաձև պուրակում, ուր քաղաքապետարանի մշակույթի տան փողային նվագախումբն էր զվարթ, տոնական երաժշտություն հնչեցնում:

Ժամը 11-ին նախագահ Բակո Սահակյանը, ԼՂՀ խորհրդարանի նաշագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, Անվտանգության խորհրդի անդամները` Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի ուղեկցությամբ /այստեղ է նաև Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանի գլխավորած պատվիրակությունը/, որպես հարգանքի տուրք, ծաղիկներ են խոնարհում Ստեփան Շահումյանի հուշարձանին, խնկարկում նրա պայծառ հիշատակը:

Շահումյանի պուրակի համապատասխան տարածքներում սեփանակերտցիներին և մայրաքաղաք ժամանած հյուրերին էին ներկայացվել Արցախի նկարիչների, Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի, Հադրութի և Շուշիի ՄՊՍԿ, Գյուրջյանի անվան արվեստի դպրոցի սաների ստեղծագործությունները: Կազմակերպվել էր նաև արցախյան հին գորգերի և կարպետների, հուշանվերների ցուցահանդես-վաճառք:

Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի ճեմասրահում բացված լուսանկարների ցուցահանդեսը լավ առիթ էր` այցելուներին ծանոթացնելու քաղաքի տարեգրության էջերին, պատմելու նրա անցյալի ու ներկայի մասին:

Մայրաքաղաքի զինանշանով խորհրդանշական շապիկներ հագած երիտասարդների մի մեծ խումբ միասնական շուրջպար էր բռնել պուրակի <<երգող>> շատրվանների հարևանությամբ հրապարակում` մասնակից դարձնելով պարի սիրահարներին… Իսկ <<Վերածննդի>> հրապարակում` մարզամշակութային միջոցառումների համալիր ծրագիր էր իրականացվում` շարժվելով ներկաների հետաքրքրությունը: Այստեղ համարձակ իրենց ուժերն էին չափում շախմատի, ծանրաձողի մարզաձևի սիրահարները, պատանի ձյուդոիստներն ու բռնցքամարտիկները: Տոնական օրվա խորհուրդը հյութեղ էր, ներդաշնակ: Ասֆալտի վրա փոքրիկները ներկայացրել էին իրենց պատկերացումներն ու  երևակայությունները` Արցախ աշխարհի, մայրաքաղաք Ստեփանակերտի, խաղաղության վերաբերյալ` միահյուսելով աշնան թավշյա գույներն ու բույրերը, արևի ջերմությունը:

Քաղաքապետարանը, նպատակ ունենալով ընդլայնել միջոցառումների շրջանակները, համերգներ և մարզական մրցումներ էր կազմակերպել նաև ծայրամասային թաղամասերում ու մի շարք փողոցներում /Շ.Ազնաուրի մշակույթի կենտրոնի, ՄՊՍԿ, <<Էմբադա>> առևտրային կենտրոնի տարածքում, Բաղրամյանի անվան պուրակում և այլն/, փորձելով ավանդական տոնին մասնակից անել առավել մեծ թվով ստեփանակերտցիների: Ուշադրությունից դուրս չեն մնացել նաև հասարակական կազմակերպություններն ու կառույցները: Քաղաքապետարանի անունից, ծաղիկների հետ արժեքավոր նվերներ են բաժանվել այն փոքրիկների մայրերին, որոնց ծնունդը համընկել է Ստեփանակերտի օրվան: Հիշարժան տոնին չեն անտեսվել և նորապսակ զույգերը` ստանալով նվերներ և բարեմաղթանքներ:

Տոնական միջոցառումների շրջանակներում, Ստեփանակերտի հ. 6 հիմնական դպրոցի նորակառույց մարզադահլիճում կայացավ <<Սանդա-ուշու>> մարզաձի բաց առաջնություն, որին  մասնակցում էր նաև Երևանի հավաքական թիմը: Քաղաքի օրվա առթիվ, ողջյունի խոսքով դիմելով ներկաներին, Սուրեն Գրիգորյանը նշեց, թե հիշյալ մարզաձևը հանրապետությունում տարեցտարի լայն մասսայականություն է վայելում: Այդ մասին է վկայում այն իրողությունը, որ <<Սանդա-ուշուի>> գծով Արցախն ունի ինչպես աշխարհի, այնպես էլ` Եվրոպայի չեմպիոններ, ինչը մարզիկների և մարզիչների համատեղ, տքնաջան աշխատանքի, տոկունության և անկոտրում կամքի արդյունք է:

Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը և նրա գլխավորած պատվիրակության անդամները Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ այցելել են կառուցվող Ազատամարտիկների այգի և ծանոթացել իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին:

Քաղաքի օրվան նվիրված հանդիսությունները եզրափակվել են Մշակույթի և երիտասարդության հիմնանորոգված պալատի դահլիճում կայացած տոնական համերգով: Բնականաբար, համերգից առաջ հնչեցվել է Ստեփանակերտի օրհներգը:

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն