Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   483.66  դրամ
EUR   567.24  դրամ
RUB   8.15  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
01.09.2017   ՄԵԿՆԱՐԿԵՑ ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆԸ

ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ՂՈՂԱՆՋԵԼ Է ԱՌԱՋԻՆ ԶԱՆԳԸ…

 

Մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում ևս սեպտեմբերի 1-ին ղողանջել է 2016-2017թթ. ուստարվա առաջին զանգը: Գիտելիքի, գրի և դպրության օրը, բնականաբար, համընկել էր ԼՂՀ հռչակման տարեդարձի տոնակատարության հետ, և ավանդույթի համաձայն, բոլոր կրթօջախներում ուսումնականի մեկնարկը տրվեց <<Անկախության դասով>>, որը վարում էին ԱԺ նախագահը, պատգամավորներն ու կառավարության անդամները, ՊԲ գեներալներն ու բարձրաստիճան սպաները, Արցախյան ազատամարտի վետերանները, կրթության համակարգի պատասխանատուները:

Հատկանշական է, որ պարապմունքներից առաջ կրթական բոլոր հաստատություններում էլ հնչել է Արցախի Հանրապետության  օրհներգը:

Ինչպես միշտ, այս անգամ ևս բոլորի ուշադրության կենտրոնում առաջին դասարանցիներն էին, որ առանձնակի հոգատարությամբ էին շրջապատվել ուսուցիչների և ծնողների, հարազատների կողմից: Առաջին զանգի հետ կապված հանդիսավոր արարողություններ են կազմակերպվել քաղաքի հանրակրթական բոլոր դպրոցներում, ուր տոնական խանդավառություն էր, և ուրախությունն ու հուզմունքը միահյուսվել էին իրար, ավելի ջերմացել մթնոլորտը:

Ըստ քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժնի պետ Կառլեն Մարգարյանի,  նոր ուսումնականում Ստեփանակերտում առաջին անգամ դպրոց ոտք  է դրել ավելի քան  960 երեխա: Ընդորում, Խ.Աբովյանի և Ե.Չարենցի անվան դպրոցներում` համապատասխանաբար թվով 6 առաջին, իսկ 10-րդ դպրոցում` 5 առաջին դասարան կգործի` մեծաթիվ երեխաների ընդգրկմամբ:

Նոր ուսումնականի պարապմունքները սկսվել են հիմնանորոգված կրթօջախներում: Ասել է թե` դպրոցաշինությունը շարունակում է առաջնահերթ մնալ նախանշված ծրագրերում, ինչը կենսական ու ռազմավարական նշանակություն ունի: Չէ որ այդ  հաստատություններում Արցախի ապագան է դաստիարակվում` սերտելով ավագների պատգամները, և դպրոցն ավարտող աշակերտը վաղը ավագ սերնդի շարքերը համալրող մեր արհեստավարժ մանկավարժն է ու գիտնականը, բժիշկն ու տնտեսագետը, գրողն ու արվեստագետը, ովքեր պիտի շինացնեն ու զորացնեն երկիրը, դարձնեն ավելի ծաղկուն ու բարգավաճ:

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն