Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   478.73  դրամ
EUR   561.07  դրամ
RUB   8.06  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
15.06.2017   ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ ԿՀԱՆԳՍՏԱՆԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱՄԲԱՐՆԵՐՈՒՄ

ՈՐ ՈՒՐԱԽ ՈՒ ՀԱԳԵՑԱԾ ԱՆՑՆԻ ԱՄԵՆ ՄԻ ՕՐԸ

 

Որպես հին ուսումնականի ընդհանրացման և նոր ուսումնական տարվա նախապատրաստականի անբաժան մաս է դիտարկվում Արցախի կրթական համակարգի պատասխանատուների կողմից դպրոցականների ամառային հանգստի արդյունավետ կազմակերպումը, որ այս օրերին քննարկման նյութ է հանդիսանում կրթօջախներում, և մանկավարժական կոլեկտիվները շահագրգռված են, որպեսզի առավել արժանավորներն ընդգրկվեն ճամբարներում:

Ըստ Ստեփանակերտի քաղաքապետարանի  կրթության  և սպորտի բաժնի պետ  Կառլեն Մարգարյանի, ամռանը երկրի և Հայաստանի Հանրապետության ամենատարբեր ճամբարներում իրենց հանգիստը կազմակերպելու հնարավորություն կունենան շուրջ  երկու հազար դպրոցականներ: Միայն <<Երկրապահ>> կամավորականների <<Սևան>> ճամբարը կհյուրընկալի  900 երեխաների: Հատկանշական է, որ արցախցիների առաջին խմբերն /այդ թվում` Ստեփանակերտից/ արդեն  մեկնել են հանգստանալու: Դպրոցականների մի խումբ այս օրերին իջևանել է Ծաղկաձորի <<Հանքավայր>> ճամբարում: Գերատեսչության պատասխանատուի խոսքով, այստեղ գլխավորապես ամառային իրենց հանգիստը կանցկացնեն սոցիալապես անապահով երեխաները: Մեծ թվով դպրոցականներ կհյուրընկալվեն ՀՀ <<Տիրամայր>> և <<Թեժ լեռ>> /Վանաձոր/ ճամբարներում: Կ.Մարգարյանը հավաստիացնում է, թե <<եղած հնարավորությունները դրանով չեն սպառվում և առաջիկայում անակնկալներ շատ են լինելու>>, մանավանդ, որ Հայաստանից նոր հրավերներ  են  ստացվում և <<անհրաժեշտ է վերջնականորեն հստակեցնել ճամբար մեկնողների ցուցակները>>:

Անդրադառնելով հանրապետությունում գործող ճամբարների աշխարհագրությանը, պետական աջակցությամբ և բարեգործական խողովակներով երեխաների տեղաբաշխմանը, պարոն Մարգարյանը նշեց, թե նախորդ տարիների համեմատ <<և այդ հիմնարկների և հանգստացողների թիվը բավական խոսուն է>>, և քայլեր են ձեռնարկվում մի քանի փուլերով դպրոցականներին ընդգրկելու  համար: Ընդ որում նա հավելեց, թե  հանգստի և ժամանցի  համար  ստեղծված են լավագույն պայմաններ, երեխաները հնարավորություն ունեն անկաշկանդ շփվել ու <<բացահայտել>> իրար, ամենատարբեր ուղղություններում ցուցադրել իրենց շնորհքն ու կարողությունները, շրջապատի հանդեպ լինել բարի և ներողամիտ:

Հաշվի առնելով բարձր դասարանցիների հետաքրքրությունը` ռազմական գործի ու զինվորական կարգապահության պահանջների նկատմամբ, հուլիսին 10-11-րդ դասարան փոխադրվածները կընդգրկվեն Այգեստանի ռազմամարզական ճամբարում, ուր նրանք ՊԲ սպաների մասնակցությամբ հատուկ դասընթացներ և վարժանքներ կանցնեն, կամաց-կամաց կընտելանան ու կհմտանան զինվորական առօրյային: Կառլեն Մարգարյանի տեղեկացմամբ, առաջին փուլում ռազմամարզական ճամբարը կհյուրընկալի մայրաքաղաքի կրթօջախների աշակերտներին: Ամռանը <<բանուկ կլինեն>> նաև դպրոցներին կից գործող ճամբարները, որտեղ կազմակերպիչները խոստանում են հագեցած մշակութային ու մարզական միջոցառումներ, լիարժեք սնունդ: Այդ նպատակին կծառայեն մայրաքաղաքի թվով 2 կրթօջախներ: Հայտերն արդեն ներկայացված են ու մնում է ավարտին հասցնել նախապատրաստական աշխատանքները: Պարոն Մարգարյանը համոզված է, որ փոքրիկները գոհ կմնան առօրյայից և ուրախ կանցնի նրանց ամեն մի օրը:

 

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն