Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   481.77  դրամ
EUR   540.26  դրամ
RUB   8.50  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
19.01.2017   ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ

ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՒԹՅՈՒՆ` ՆԱԽԱԳԱՀԻ ՆՍՏԱՎԱՅՐՈՒՄ. ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ

ԱԿՏԻՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Հունվարի 19-ին հերթական աշխատանքային այցով Ստեփանակերտ է ժամանել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են քաղաքապետարանի  պատասխանատուներ, վարչական շրջանների, մայրաքաղաքի մի շարք ընկերությունների և բժշկական հաստատությունների ղեկավարներ: Ավանդույթի համաձայն, պատվիրակության անդամները` Ստեփանակերտի քաղաքապետի ուղեկցությամբ այցելել են Հուշահամալիր և ծաղկեպսակ տեղադրել: Նրանք ծաղիկներ են խոնարհել նաև արցախյան ազատամարտում նահատակված հայորդիների շիրիմներին:

Երևանի և Ստեփանակերտի միջև համագործակցության և բարեկամության վերաբերյալ ստորագրված համաձայնագիրը, փոխգործակցության ընդլայնման տեսանկյունից, նորանոր հեռանկարներ է խոստանում կողմերին և ամենատարբեր ուղղություններում տարեցտարի ավելի են ամրապնդվում կապերը: Թե անցած ժամանակաշրջանում ինչ պտուղներ է տվել համագործակցությունը և գործընկերային ինչպիսի սերտ հարաբերություններ են ստեղծվել հայկական երկու հանրապետությունների մայրաքաղաքների, Երևանի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների միջև, այդ մասին հանգամանորեն խոսվեց  երկրի նախագահի նստավայրում կայացած ընդունելության ժամանակ, որտեղ հյուրընկալվել էին նաև Երևանից ժամանած պատվիրակության անդամներ` քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ:

Արժևորելով Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների կողմից` ԼՂՀ-ում, մասնավորապես` մայրաքաղաք Ստեփանակերտում իրականացվող գործունեությունը, նախագահ Բակո Սահակյանը բարձր է գնահատել Տ.Մարգարյանի ու նրա թիմի առաքելությունը`  կենսական նշանակության խնդիրների լուծման գործում,  հույս  հայտնելով, որ առաջիկայում առավել ամուր հիմքերի վրա կդրվեն բարեկամությունն ու համագործակցությունը և համատեղ ջանքերով կիրականացվեն նոր հավակնոտ ծրագրեր: Երկրի ղեկավարը արժևորեց նաև պաշտպանության բանակի հետ` Երևանի քաղաքապետարանի հաստատված ավանդական կապերը, որ դրսևորվում են նյութական և բարոյական աջակցությամբ, Արցախում ծառայող զինվորներին տեսակցելու նպատակով քաղաքապետարանի կողմից նրանց ծնողների և հարազատների այցելությունների կազմակերպմամբ, ինչը նպաստում է նրանց ռազմահայրենասիրական դաստիարակությանը:

Ապա նախագահն ակտիվ համագործակցության ու անձնական ավանդի համար, Երևանի քաղաքապետարանի մի խումբ պաշտոնատար անձանց, վարչական շրջանի և մայրաքաղաքի կենսաապահովման ընկերությունների ղեկավարների պարգևատրեց <<Մխիթար Գոշ>>, <<Անանիա Շիրակացի>>, <<Վաչագան Բարեպաշտ>>, <<Երախտագիտություն>> մեդալներով:

Ելույթ ունենալով միջոցառմանը և նախագահ Բ.Սահակյանին շնորհակալություն հայտնելով գնահատանքի խոսքերի  և պետական պարգևների համար, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձավ նախանշվող այն ծրագրերին, <<որոնց իրագործումը պատվի և արժանապատվության խնդիր է>> և ձեռնարկվող քայլերով լուսավոր նոր պատուհաններ են բացվելու մայրաքաղաք Ստեփանակերտում, Արցախ աշխարհում… <<Արդեն լրանում է Երևանի և Ստեփանակերտի համագործակցության 5-րդ տարին: Ու պիտի խոստովանել, որ անցած ժամանակաշրջանը բավականին արդյունավետ է եղել երկու կողմերի համար: Առիթից օգտվելով, ուզում եմ անկեղծ շնորհակալություն հայտնել ԼՂՀ Նախագահին, կառավարությանը, Արցախի պաշտպանության բանակի հրամանատարությանը` մշտապես աջակցելու համար: Վստահեցնում եմ, որ այսուհետ ևս լինելու ենք Ձեզ հետ, Արցախի ժողովրդի կողքին>>, - ասաց Երևանի քաղաքապետը:

Այնուհետև ակտիվ համագործակցության, Երևանի ու Ստեփանակերտի միջև կապերի ամրապնդման գործում ունեցած ավանդի համար Տ.Մարգարյանը պարգևներ  հանձնեց մի խումբ պաշտոնատար անձանց և ՊԲ ղեկավարներին: <<Արգիշտի>> առաջին մեդալը հանձնվեց ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանին: Երևանի <<Ոսկե մեդալով>> պարգևատրվեցին Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանը, ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, ՊԲ շտաբի պետ, գեներալ-մայոր Կամո Վարդանյանը, ՊԲ հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը, կառավարությանն առընթեր ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը, Շուշիի վարչակազմի ղեկավար Վլադիմիր Կասյանը:

Արգասաբեր և արդյունավետ որակելով հաշվետու ժամանակահատվածում կողմերի միջև սկզբնավորված բարեկամությունն ու համագործակցությունը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը համոզմունք է հայտնել, որ պատվիրակության հերթական այցը խթան կհանդիսանա կապերի սերտացման համար և փոխգործակցության նոր ուղղություններ կուրվագծվեն: Ըստ քաղաքապետի, փոխգործակցությունը չի սահմանափակվում երկու քաղաքապետարանների պատասխանատուների փոխայցելություններով: Ստեփանակերտի հետ ամուր կապեր են հաստատել նաև Երևանի վարչական բոլոր 12 շրջանները: <<Միայն այն իրողությունը, որ անցած ժամանակաշրջանում քաղաքապետարանի և վարչական շրջանների կողմից տարբեր մակարդակներով շուրջ 140 պատվիրակություններ են այցելել Ստեփանակերտ, իսկ Արցախի մայրաքաղաքից 75 պատվիրակություններ և աշխատանքային խմբեր են հյուրընկալվել Երևանում, վկայում է կողմերի միջև հաստատված գործընկերային սերտ հարաբերությունների և կայուն փոխգործակցության մասին>>, - նշեց Ս.Գրիգորյանը:

Տարեցտարի ընդլայնվում են սոցիալական, կրթամշակութային, զբոսաշրջության և մարզական ոլորտներում իրականացվող ծրագրերը: Երևանի քաղաքապետարանի պատասխանատուների հետ հաճախ են Ստեփանակերտ այցելում տարբեր բուժհաստատությունների, կրթական համակարգի, մշակույթի, սպորտի և տուրիզմի ոլորտի ներկայացուցիչներ, ովքեր լայն աջակցություն են ցուցաբերում արցախցի գործընկերներին: Այս տեսանկյունից մասնավորապես անգնահատելի է <<Նորք Մարաշ>> բժշկական կենտրոնի, Երևանի <<Շտապօգնության>> և առողջապահական մյուս հիմնարկների մասնագետների կողմից իրականացվող առաքելությունը, որոնք պարբերաբար այցելելով Արցախ, անհրաժեշտ հետազոտություններ և խորհրդատվություն են անցկացնում, անվճար բուժօգնություն ցույց տալիս հիվանդներին: Նույն համատեքստում կարելի է դիտարկել սոցիալական ծրագրերի շրջանակում Ստեփանակերտ քաղաքից` զոհված և վիրավոր ազատամարտիկների ու սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրվող օժանդակությունը, ինչը նյութականից բացի, նաև բարոյական նշանակություն  ունի:

Ստեփանակերտի քաղաքապետարանին և ենթակայության տակ գտնվող կառույցներին ու հիմնարկներին, կրթօջախներին բազմիցս են օգնություն ցուցաբերել Երևանի քաղաքապետարանն ու վարչական շրջանները` նպաստելով կենսական նշանակության խնդիրների լուծմանը: Որպես երկու մայրաքաղաքների միջև կապերի սերտացման և ժողովուրդների անկաշկանդ հաղորդակցման ու բարեկամության ամրապնդման միջոց կարելի է համարել մշակութային և մարզական միջոցառումների համատեղումն ու արշավների կազմակերպումը, որոնք թույլ են տալիս ավելի հաճախակի դարձնել շփումներն ու լավ ճանաչել միմյանց, ամառային հանգիստն անցկացնել Արցախի գեղատեսիլ բնության գրկում, հաղորդակցվել պատմա-մշակութային հուշարձաններին և նպաստել զբոսաշրջության զարգացմանը: Երկու քաղաքապետարանների համագործակցության արդյունքում է ծնունդ առել Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Ստեփանակերտում` <<Ազատամարտիկների այգու>> հիմնադրման և Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարի հարակից տարածքների բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ մտահղացումը:

Երևանի քաղաքապետարանն առաջիններից մեկն է արձագանքել անցյալ տարվա ապրիլին` Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով տուժած Արցախին աջակցություն ցուցաբերելու կոչին: հաշված ժամերի ընթացքում Ստեփանակերտ ուղարկելով ավելի քան 100 տոննա առաջին անհրաժեշտության ամենատարբեր տեսակի մթերքներ: Իսկ, երբ ռազմագործողությունների ժամանակ ծանր վիրավորված զինծառայողների խումբը բուժվում էր <<Էրեբունի>> բժշկական կենտրոնում, անձամբ Երևանի քաղաքապետն էր ստանձնել նրանց ուղեկցող հարազատների խնամքի, նյութապես և բարոյապես աջակցելու առաքելությունը: <<Նման հոգատար վերաբերմունքն, անկասկած, նպաստել է վիրավորների արագ ապաքինմանն ու կազդուրմանը, նրանց հոգեվիճակի թեթևացմանը, ինչի համար զինծառայողների ծնողներն ինձ են դիմել` իրենց անունից Երևանի քաղաքապետին շնորհակալություն հայտնելու խնդրանքով: Այս փաստը ևս վկայությունն է այն ճշմարտության, որ երբ համախմբված ենք, միասնական, հեշտ է հաղթահարել ցանկացած փորձություն և հասնել հաջողությունների>>, - նշեց Ս.Գրիգորյանը:

<<Պիտի խոստովանել, որ Երևանի ու Ստեփանակերտի միջև բարեկամության և սերտ կապերի հաստատումը, անշուշտ, հնարավոր դարձավ Հայաստանի և Արցախի նախագահներ Սերժ Սարգսյանի և Բակո Սահակյանի մշտական աջակցության և հովանավորության շնորհիվ, ինչի համար, նրանց երախտագիտություն եմ ուզում հայտնել>>, - ասաց Ս.Գրիգորյանը` միաժամանակ շնորհակալական խոսքեր ուղղելով Երևանի քաղաքապետարանին և հատկապես իր գործընկերոջը` Տարոն Մարգարյանին` <<Անցած տարիներին ձևավորված գործընկերային սերտ ու բարեկամական հարաբերությունների համար>>: Վերջում Ստեփանակերտի քաղաքապետը վստահեցրեց, թե այսուհետ ևս ամեն ինչ կարվի այդ արժեքներն ու ավանդույթները պահպանելու, զարգացնելու և սերունդներին փոխանցնելու համար:

Այցի շրջանակներում վաղը մի շարք հագեցած ծրագրեր են նախատեսվում ինչպես մայրաքաղաք Ստեփանակերտում, այնպես էլ` հանրապետության տարբեր շրջաններում:

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն