Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   476.18  դրամ
EUR   528.61  դրամ
RUB   7.41  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
08.05.2012   ՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ

ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ԵՎ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻՆ

      Ավագ սերնդի անցած ճանապարհը միշտ էլ ուղեցույց է հանդիսացել երիտասարդների համար, ոգեշնչել ու մղել նորանոր արարումների: Այդ առումով հետաքրքիր խորհուրդ է իր մեջ պարունակում Հայրենական մեծ պատերազմի մասնակից արցախցիների հերոսական սխրանքը, որն 1945-ի մայիսի 9-ին ամրագրվեց խորհրդային երկրի տարած հաղթանակով:

      Հատկանշական է, որ տարիներ անց սերտելով պապերից ու հայրերից ժառանգած դասերը, զավակները պատվով քննություն բռնեցին արցախյան գոյամարտի տարիներին` փառքով պսակելով իրենց անունները: 1992-ի մայիսի 9-ին ազատագրելով Շուշին, մեր ինքնապաշտպանական ջոկատները հետագա հաղթանակների սկիզբը դրեցին` հերոսական մի նոր էջ ավելացնելով արցախան ազատամարտի տարերգության մեջ:

     Մեր ժողովուրդը, իշխանությունները երբեք չեն մոռանա ինչպես մեծ հայրենականի, այնպես էլ արցախյան պատերազմի մասնակիցների ծանրակշիռ ավանդը, ինչն ուսանելի դաս է սերունդների համար: Մայիսյան եռատոնի` Մեծ հաղթանակի 67-րդ, Շուշիի ազատագրման և պաշտպանության բանակի 20-րդ տարեդարձերի կապակցությամբ, այս օրերին բազմաթիվ ուշագրավ միջոցառումներ են կազմակերպվում երկու պատերազմների վետերանների պատվին: Մեծարվում, ուշադրության են արժանանում ավագ և երիտասարդ սերնդի ներկայացուցիչները:

      Մեծարման յուրահատուկ միջոցառում կարելի է որակել Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի կողմից մայիսի 7-ին Մեծ հայրենականի և արցախյան պատերազմի մի խումբ վետերանների հյուրընկալումը քաղաքապետարանում, որին ներկա էին նաև փոխքաղաքապետերն ու աշխատակազմի ղեկավարը, բաժնի պետեր: Քաղաքապետը շնորհավորելով հյուրերին` հիշարժան իրադարձության կապակցությամբ ու բարձր գնահատելով նրանց ավանդը` հայրենիքի ազատագրման գործում, հետաքրքիր զուգահեռներ անցկացրեց մայիսյան հաղթանակների միջև: “451-ի մայիսին էր, երբ զորավար Վարդան Մամիկոնյանի գլխավորած զորագունդը Ավարայրի ճակատամարտում սկիզբը դրեց այն հերոսական արարումների, որոնց շղթան դարերի միջով ձգվեց մինչև Սարդարապատ, հասավ Բեռլին ու Շուշի` ոգեշնչելով բազմաթիվ սերունդների”:

      Ուշադիր վերաբերմունքի, իրենց վաստակը գնահատելու համար հյուրերի անունից շնորհակալական խոսք ասացին ԼՂՀ Աշխատանքի և պատերազմի վետերանների միության նախագահ Սերգեյ Բարսեղյանը, Հմայակ Հարությունյանը, արցախյան ազատամարտի վետերան Կարմեն Ավետիսյանը, ուրիշներ:

      Մայիսյան եռատոնի առթիվ վերստին շնորհավորելով թանկագին հյուրերին, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը նրանց մաղթեց քաջառողջություն, անձնական երջանկություն ու ամենայն բարիք: Խորհրդանշական տոների կապակցությամբ քաղաքապետարանի անունից Ս.Գրիգորյանը հուշանվերներ հանձնեց վետերաններին: