27.04.2012   ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԸ

ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀՈՒՍԱԴՐՈՂ ԵՆ

Ապրիլի 26-ին տեղի ունեցավ Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու հերթական նիստը, որը վարում էր քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:

Օրակարգում ներառված առաջին հարցի` “Քաղաքային համայնքի 2012թ. բյուջեի 1-ին եռամսյակի կատարման մասին” հաղորդմամբ հանդես եկավ քաղաքապետարանի ֆինանսա-բյուջետային բաժնի պետ Մարատ Համբարձումյանը:

Պաշտոնական տվյալների համաձայն, Ստեփանակերտի  քաղաքային համայնքի 2012թ. 1-ին եռամսյակի բյուջեի ընդհանուր մուտքերը կազմել են 175162.3 հազ.դրամ, որը կազմում է պլանավորված 188500.3 հազ.դրամ գումարի 92.9%-ը: Ըստ որում, ընդհանուր մուտքերի 57.2 %-ը կազմել են սեփական եկամուտները: Պլանավորված 61000.3 հազ.դրամի դիմաց հավաքագրվել է 100162.3 հազ.դրամ, /կատարողականը` կազմում է 164.2 %/, ինչը նշանակում է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սեփական եկամուտներն աճել են 44277.2 հազ.դրամով կամ 79.2%-ով:

Եռամսյակի արդյունքներով շենքերից և շինություններից գանձվող գույքահարկի գծով մուտքերը կազմել են 23747.1 հազ.դրամ, որը կազմում է նախատեսված 17003.2 հազ.դրամի 139.7%-ը: Հողի հարկից գանձվող մուտքերն ապահովվել են 1785.0 հազ.դրամի չափով կամ 113.7 տոկոսով: Փոխադրամիջոցներից գույքահարկի գծով պլանավորված 15950.9 հազ.դրամի դիմաց մուտքագրվել է 40756.4 հազ.դրամ: Այսինքն աճը կազմել է 2.5 անգամ:

Անցած ժամանակաշրջանում նկատելի աճ է գրանցվել նաև տեղական տուրքերի գծով: 10620.3 հազ.դրամի դիմաց մուտքագրվել է 9730.6 հազ.դրամ: Պետական տուրքերի մասով կատարողականը կազմել է 121.3 %: Արդյունքները հուսադրող են և հարկային եկամուտների մուտքերի ապահովման տեսակետից: 2012թ. 1-ին եռամսյակում եկամուտների գծով  մուտքագրվել է 3088.5 հազ.դրամ /աճը կազմել է 4.5 անգամ/:

Գույքի վարձակալությունից եկամուտների կատարողականը կազմել է 125.1 տոկոս: Հավաքագրվել է 6383.1 հազ.դրամ /նախատեսված էր 5100.9 հազ.դրամ/: Վարչական գանձումներից ապահովվել է 8579.6 հազ.դրամ և աճը կազմել 3.4 անգամ: Այսպիսով, քաղաքային համայնքի 2012թ. 1-ին եռամսյակի բյուջեի ծախսերը ֆինանսավորվել են 136510.3 հազ.դրամի չափով, որը կազմում է պլանավորված 198770.6 հազ.դրամի 68.7 %-ը:

Ընդհանուր առմամբ հուսադրող համարելով 2012թ. 1-ին եռամսյակի արդյունքները, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանն անցած ժամանակահատվածի ձեռքբերումները որակեց որպես համատեղ աշխատանքի արդյունք: Նա միաժամանակ համոզմունք հայտնեց, թե ստեփանակերտցիները կշարունակեն ժամանակին կատարել վարձավճարների և հարկերի մասով իրենց պարտավորությունները` գիտակցելով այն իրողությունը, որ մայրաքաղաքում չլուծված խնդիրները շատ են,աշխատանքների իրացման ծավալները` բավականաչափ ընդգրկուն: Իսկ գաղտնիք չէ, որ ապահովվող եկամտի գլխավոր աղբյուր են հանդիսանում  գույքահարկից գոյացած միջոցները, որոնց հաշվին ենթադրվում է իրագործել նախանշված ծրագրերը:

Քաղաքապետի առաջարկությամբ ավագանին ի գիտություն ընդունեց քաղաքային համայնքի 2012թ. բյուջեի 1-ին եռամսյակի կատարման մասին հաղորդումը:

Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանին որոշում կայացրեց քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող Վ.Սարոյան փողոցի թիվ 24/1 հասցեում տեղակայված կաթսայատունը /քաղաքային բաղնիք կառուցելու նպատակով/ ուղղակի վաճառքի ձևով օտարելու մասին: Մեկ այլ որոշմամբ, Մ.Գոշ փողոցի թիվ 8/50 հասցեում գտնվող սրճարանն անհատույց օգտագործման իրավունքով կտրամադրվի “Ստեփանակերտի Մուրացանի անվան քաղաքային գրադարան” պետական ոչ առևտրային կազմակերպությանը, գրադարանային ակտիվ գործունեություն ծավալելու, գրքի և ընթերցողների միջև կապը  սերտացնելու նպատակով:

Հիմք ընդունելով ԼՂՀ արդարադատության նախարարության առաջարկությունը, Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանին ուժը կորցրած ճանաչել 2010թ. հուլիսի 20-ին ավագանու կողմից ընդունված որոշումը:

ԼՂՀ քաղաքապետ մամուլի քարտուղար