Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   475.92  դրամ
EUR   527.46  դրամ
RUB   7.22  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
01.08.2016   Օգոստոսի 4-ին Ստեփանակերտում կանցկացվի «Երևան ՏԱՐԱԶֆեստ» երկրորդ փառատոնը

 

Տեղեկացնում ենք, որ «Երևան ՏԱՐԱԶֆեստ» փառատոնը, որը նախատեսված էր ս/թ օգոստոսի 5-ին Երևանում, կկայանա օգոստոսի 4-ին ժամը 13:00-ից 22:00՝ ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքի Վերածնունդի հրապարակում:

Հիշեցնենք, որ «Երևանյան ամառ 2016» եռամսյա  միջոցառումների ծրագրի շրջանակում «Երևան Տարազֆեստ» փառատոնն անցկացվելու է երկրորդ անգամ:

Այս տարի որոշվել է անցկացնել փառատոնը Ստեփանակերտում, հաշվի առնելով Երևան-Ստեփանակերտ քաղաքների ակտիվ համագործակցությունը:

«Երևան ՏԱՐԱԶֆեստ 2016» երկրորդ փառատոնին աջակցում են Ստեփանակերտի քաղաքապետարանը, ինչպես նաև ԼՂՀ էկոնոմիկայի և ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունները:

Փառատոնը բաղկացած է լինելու երկու մասից՝ ցուցահանդես-տոնավաճառ, որին կմասնակցեն ինչպես Երևանի, այնպես էլ Արցախի ժողվարպետներ, տիկնիկագործներ, թանգարաններ, գորգի գործարաններ և մի շարք այլ կազմակերպություններ:

Իսկ երեկոյան արդեն տեղի կունենա Տերյան մշակութային կենտրոնի ղեկավար, դիզայներ Լիլիթ Մելիքյանի, դիզայներներ Արամ Նիկոլյանի և Վահան Խաչատրյանի տարազային և մանրանկարչության բաղադրիչ պարունակող հագուստների հավաքածուի անհատական ցուցադրությունները: Հագուսների կներկայացնեն «Ատեքս» նորաձևության կենտրոնի մոդելները:

Ողջ ծրագրի ընթացքում ելույթ կունենան Երևանի և Արցախի ազգային համույթները, իսկ երեկոյան դեֆիլե-ցուցադրությունը կուղեկցվի կենդանի երաժշտությամբ Միքայել Ոսկանյան և ընկերներ բենդի նվագակցությամբ:

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղակայված 16 տաղավարներում, փառատոնի խորհրդին համահունչ, կներկայացվեն Երևանի պատմության թանգարանի, Մեգերյան կարպետ-թանգարանի ցուցանմուշները, Անահիտ Սիմոնյան նորաձևության տան, ինչպես նաև մի շարք անհատ ստեղծագործողների աշխատանքները: Առանձին տաղավարներով հանդես կգան Արցախի գորգի գործարանը, արցախյան մի շարք վարպետներ /կավագործ, ասեղնագործ/, թանգարաններ, Արցախը ներկայցնող կազմակերպություններ:

Մեր համաքաղաքացիներին, մայրաքաղաքի հյուրերին, ինչպես նաև Ստեփանակերտի բնակչությանը սիրով հրավիրում ենք օգոստոսի 4-ին ժամը 13:00-ից սկսած մինչև 22:00 Ստեփանակերտի Վերածննդի հրապարակ ՝ մասնակցելու «Երևան ՏԱՐԱԶֆեստ» երկրորդ անգամ անցկացվող գեղեցիկ ու ազգային միջոցառմանը:

Մանրամասների համար կարող եք դիմել՝ Տուրիզմի բաժին 011-514-230, tourism@yerevan.am