19.04.2012   ԱՌԱՋԻՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԸ` ՊԱՏՇԱՃ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ

Միամսյակի շրջանակում ապրիլի 14-ին մեկնարկած ծառատնկման, սանիտարական մաքրման և բարեկարգման առաջին շաբաթօրյակն անցավ կազմակերպված ու պատշաճ մակարդակով:

Համաքաղաքային միջոցառմանը, որը համաժողովրդական բնույթ էր կրում, ձեռնամուխ էին եղել ինչպես հիմնարկ-ձեռնարկությունների, այնպես էլ` բուհերի և հանրակրթական դպրոցների կոլեկտիվները: Վաղ առավոտից ամենուր աշխատանքային աշխույժ եռուզեռ էր տիրում` մայրաքաղաքի գրեթե բոլոր թաղամասերում, մասնավորապես կենտրոնական մասում: Հրապարակներում և փողոցներում բարեկարգման աշխատանքներ էին ընթանում, իսկ զբոսայգիներում, պուրակներում և բակերում սանիտարական մաքրմանը զուգընթաց ծառատունկ էր կատարվում: Քաղաքի կանաչապատմանն ակտիվորեն ներգրավվել էին պետական այրերն ու շարքային մարդիկ, ՊԲ զինծառայողներ, տարեցներն ու դպրոցականները:

Առանձնահատուկ աշխուժություն էր նկատվում Ստեփանակերտի թիվ 5 դպրոցի բակում և նրան հարող տարածքում, ուր շաբաթօրյակին մասնակցում էր նաև քաղաքապետարանի աշխատակազմը` քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի գլխավորությամբ: Քաղաքապետի ուղեկցությամբ այստեղ էին այցելել ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն ու վարչապետ Արա Հարությունյանը, ովքեր մեկական ծառ տնկելուց հետո շրջել են դպրոցի տարածքում, ծանոթացել կրթօջախի շենքային պայմաններն: Այդ օրը միայն դպրոցի բակում շուրջ 100 սոճի է տնկվել:

Ըստ ակադեմիկոս Թախթաջյանի անվան “Ստեփանակերտի բուսաբանական այգի” ՓԲԸ-ի տնօրեն Համլետ Դավթյանի, ապրիլի 14-ին անցկացված շաբաթօրյակի ընթացքում մայրաքաղաք Ստեփանակերտում տնկվել է ամենատարբեր տեսակի 1776 ծառ: