11.04.2012   Գիտաարտադրական կոնֆերանս` նվիրված ԼՂՀ բնակավայրերի, մասնավորապես`մայրաքաղաք Ստեփանակերտի կանաչապատմանը

ԼՂՀ բնակավայրերի կանաչապատման վիճակը և բարելավման ուղիները. այս թեմային էր նվիրված ապրիլի 11-ին Արցախի պետական համալսարանում անցկացված հանրապետական գիտաարտադրական կոնֆերանսը, որը նախաձեռնել էր Մոսկվայի Դենդրոլոգիայի ակադեմիա>> կազմակերպության նախագահ, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, ակադեմիկոս, ճանաչված գիտնական Կառլեն Քոչարյանը:

Բացելով կոնֆերանսը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը կարևորեց խնդրի արդիական նշանակությունը հանրապետության բնակավայրերի հետագա բարեկարգման ու կանաչապատման գործում: Նա համոզմունք հայտնեց, թե կոնֆերանսը, որն  արդեն թվով երկրորդն է հանդիսանում, կդառնա ավանդական և <<հնարավորություն կունենանք պարոն Քոչարյանի գիտական հարուստ փորձն ու գիտելիքներն օգտագործելով, հանրապետության բնակավայրերում կանաչապատման ու բարեկարգման աշխատանքները դնել գիտական առավել բարձր հիմքերի վրա

Իր խոսքում, քաղաքապետը ներկաների ուշադրությունը հրավիրելով այն հանգամանքի վրա, որ Արցախի ժողովուրդը, աշխարհի համայն հայությունն այս օրերին գտնվում են բոլորիս համար անչափ թանկ ու հարազատ տոնակատարության` Մայիսյան եռատոնի նախաշեմին, կոչ արեց անհրաժեշտ ամեն ինչ անել եռատոնն արժանավայել կերպով դիմավորելու, մայրաքաղաք Ստեփանակերտը տոնական պատշաճ տեսքի բերելու համար:Քաղաքապետի որոշմամբ,- ասաց Ս.Գրիգորյանը,- ապրիլի 14-ը 21-ը և 28-ը հայտարարված են համաքաղաքային շաբաթօրյակների օրեր: Այնպես որ, այսօրվա կոնֆերենսը համահունչ է նախանշված այս աշխատանքներին, որ մենք միասին պետք է իրականացնենք մինչև Մայիսյան տոները: Իմ համոզմամբ, եթե մենք այսօր ձգտում ենք հասնել Արցախի միջազգային ճանաչմանը և աշխարհի քաղաքակիրթ երկրների շարքում մեր արժանի տեղը գրավել, պետք է մեր կյանքի բոլոր ոլորտները համապատասխանեցնենք միջազգային չափանիշներին>

Համաձայնվելով այն մտքի հետ, որ միշտ հպարտությամբ է խոսվում մայրաքաղաքի կանաչապատ տարածքների, փողոցների, զբոսայգիների և պուրակների մասին, նա միաժամանակ շեշտեց,  թե անելիքները դեռևս շատ են ու ժամանակն է, որպեսզի այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները ճիշտ համակարգվեն, կարողանանք   արդյունավետ օգտագործել ժամանակակից տեխնոլոգիաներն ու փուլ առ փուլ հասնենք միջազգային չափորոշիչներին:

ԼՂՀ բնակավայրերի, մասնավորապես` Ստեփանակերտի կանաչապատման հիմնախնդիրների վերաբերյալ հայտնելով իր նկատառումները, ակադեմիկոս Կառլեն Քոչարյանը ասաց, թե այդ ուղղությամբ կատարված աշխատանքներն, անշուշտ, դրվատելի են, բայց իր կարծիքով, ձեռնարկվող քայլերը պետք է լինեն առավել համակարգված ու հասցեագրված:  Անհրաժեշտ է, որպեսզի շարունակ ընդլայնվեն կանաչ տարածքները, հատկապես նորատունկ ծառերի, թփերի ու ծաղիկների այն տեսականին, որոնք համապատասխանում են Արցախի բնակլիմայական մեղմ պայմաններին, հրաշալի աճում և գրավիչ տեսք են հաղորդում մայրաքաղաքի ու երկրի մյուս բնակավայրերին, առավել ներդաշնակ դարձնում նրանց գեղագիտական պատկերը;: Ակադեմիկոսն իր պատրաստակամությունը հայտնեց այուհետ ևս բարեգործական խողովակներով հանրապետություն ներկրել բավականաչափ նոր տնկանյութեր և հազվագյուտ ծաղկատեսակներ, ինչպես նաև նպաստել Մոսկվայի իր գլխավորած Դենդրոլոգիայի ակադեմիայում Արցախից ժամանակ կադրերի վերապատրաստմանը:

Գիտաարտադրական կոնֆերանում ճանաչված բուսաբան Յուրի Արամյանի ելույթն առնչվում էր մշտադալար ծառատեսակների խնամքին ու աճեցմանը, իսկ բժշկական գիտությունների թեկնածու, ԱրՊՀ-ի դոցենտ Զոյա Մաղաքելյանն անդրադարձավ ծառապատման հիգիենիկ նշանակությանը: Նույն բուհի դոցենտ Արթուր Ավետիսյանը խոսեց Արցախի հարուստ բնաշխարհի եթերայուղերի արդյունավետ օգտագործման անհրաժեշտության, ավագ դասախոս Քրիստինե Բաղրյանը` Ստեփանակերտ քաղաքի դենդրոտարածքների տեսակային բազմազանության մասին: Կենսաբան Զոյա Պետրոսյանը գլխավորապես կանգ առավ  ֆիտոնցիդների բուսական անտիսեպտիկներին, այդ առնչությամբ ներկայացնելով իր տեսակետը: