Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   477.51  դրամ
EUR   525.36  դրամ
RUB   7.45  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
09.12.2015   ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԸ

Շահագրգիռ քննարկումներ` օրակարգային հարցերի շուրջ

Հագեցած էր դեկտեմբերի 9-ին կայացած Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու նիստը, որում ընդգրկված էին ինչպես իրավական, այնպես էլ վարչական, կազմակերպչական բնույթի ամենատարբեր հարցեր:

Քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, ով նախագահում էր նիստը, կարևորելով առաջարկվող փաստաթղթերի ընդունման իրավական ու կենսական նշանակությունը` համայնքի առջև ծառացած խնդիրների լուծման տեսանկյունից, ավագանու անդամներին կոչ արեց առավել ակտիվ և սկզբունքային լինել քննարկումների ժամանակ` հարցերի վերաբերյալ ակնկալելով հիմնավորված տեսակետներ:

Ավագանին ուժը կորցրած ճանաչեց 2011թ. նոյեմբերի 4-ի թիվ 50Ա փաստաթուղթը և որոշեց վերապահված հանձնաժողովների գործունեության հետևյալ ոլորտները.

1.ֆինանսաբյուջետային և տնտեսական հարցերի մշտական գործող հանձնաժողով` Ստեփանակերտի քաղաքային համայնքի բյուջե, փոխառություններ, վարկեր, հարկեր, տուրքեր, վճարներ, առևտուր և ծառայություններ, համայնքային գույքի կառավարում, ենթակառուցվածքներ, քաղաքաշինություն, հողօգտագործում, հողաշինարարություն, բնապահպանություն և կանաչապատում.

2.իրավական, սոցիալական և առողջապահության հարցերի մշտական գործող հանձնաժողով` սոցիալական ապահովություն, հաշմանդամություն, առողջապահություն, մայրություն և մանկություն, բնակարանային պայմաններ, համայնքի բնակիչների իրավունքներ և ազատություններ, իրավական հարցեր, երեխայի իրավունքներ, կրոն, հասարակական կարգի պահպանություն.

3.արտաքին կապերի, կրթության, սպորտի, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական գործող հանձնաժողով` կրթություն, հրատարակչական գործ, մշակույթ, մամուլ, ռադիո, հեռուստատեսություն, համացանց, զբոսաշրջություն, երիտասարդություն, սպորտ:

Ֆինանսաբյուջետային և տնտեսական հարցերի մշտական գործող հանձնաժողովը կգլխավորի ավագանու անդամ Արարատ Առստամյանը, իրավական, սոցիալական և առողջապահության հարցերի մշտական գործող հանձնաժողովը` Էրիկ Բեգլարյանը իսկ արտաքին կապերի, կրթության, սպորտի, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական գործող հանձնաժողովը` Նելլա Ղուլյանը:

Նիստում քննության առնվեց Ստեփանակերտի քաղաքային համայնքի գլխավոր հատակագծի նախագծման առաջադրանքի նախագծին հավանություն տալու մասին հարցը, որի վերաբերյալ պարզաբանումներով հանդես եկավ քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը: Քննարկումների արդյունքում` ավագանին իր համաձայնությունը տվեց Ստեփանակերտի քաղաքային համայնքի գլխավոր հատակագծի նախագծման առաջադրանքի նախագծին:

Ղեկավարվելով <<Իրվական ակտերի մասին>> ԼՂՀ օրենքի 71-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանին փոփոխություններ կատարեց քաղաքային համայնքի ավագանու 2015 թվականի հունվարի 22-ի <<Ստեփանակերտի քաղաքային համայնքի 2015թվականի բյուջեի մասին>> N2Ն որոշման NN 3, 4, 8 հավելվածներում: Նիստում որոշում կայացվեց նաև Ստեփանակերտի քաղաքային համայնքի 2016թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարները և համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարները սահմանելու մասին /որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից/:

Նիստում հավանության արժանացավ <<Սանմաքրում>> ՀՈԱԿ անհատույց օգտագործման իրավունքով աղբանոց տրամադրելու մասին ավագանու որոշման նախագիծը, որի համաձայն Ստեփանակերտի քաղաքային համայնքին` սեփականության իրավունքով պատկանող ԼՂՀ Ասկերանի շրջանի Շոշ համայնքում գտնվող աղբանոցն /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 2015թ. հոկտեմբերի 21-ի N149425 վկայական/ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվեց <<Սանմաքրում>> ՀՈԱԿ: Որոշմամբ նախատեսվում է մեկամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել <<Սանմաքրում>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության հետ անհատույց օգտագործման պայմանագրի կնքումը:

Ավագանու նիստում որոշումներ կայացվեցին տնտեսական նպատակների համար տարածք տրամադրելուն թույլտվություն տալու մասին, Ստեփանակերտի քաղաքային համայնքի սեփականությունը հանդիսացող ոչ բնակելի տարածքն ուղղակի վաճառքի ձևով օտարելու մասին:

Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանին որոշեց, որպես գրասենյակ օգտագործելու նպատակով, թույլատրել Վ.Սարգսյան փողոցի N 25 շենքի 3-րդ հարկից 44.39 քառ.մ մակերեսով ոչ բնակելի տարածքը վարձակալության իրավունքով տրամադրել <<Արդարության աջակցության կենտրոն>> հասարակական կազմակերպությանը:

Ավագանին իր համաձայնությունը տվեց նաև համայնքի սեփականություն հանդիսացող մի շարք բնակարաններ նվիրատվության կարգով օտարելու մասին որոշման նախագծերին:

Նիստում որոշում կայացվեց Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու 2015թ. հուլիսի 15-ի N 39Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին` հաշվի առնելով ԼՂՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Ստեփանակերտի տարածքային ստորաբաժանման 2015թ. հուլիսի 28-ի գրությունը:

Օրակարգը սպառվելուց հետո, ավագանու անդամների կողմից բարձրացվեցին մայրաքաղաքի կենսաապահովմանն առնչվող տարաբնույթ հարցեր, որոնց վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնեց և պարզաբանումներով հանդես եկավ քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն