29.02.2012   ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ ՆՈՐ ՓՈՂՈՑԸ ԿԿՐԻ ՌՈՒՍ ԳԵՆԵՐԱԼԻ ԱՆՈՒՆԸ

  Փետրվարի 29-ին կայացած Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու նիստում, մինչև օրակարգի հարցերին անցնելը` քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը ավագանու անդամներին ներկայացրեց նորանշանակ առաջին փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանին:

  Օրակարգում ներառված առաջին հարցը վերաբերում էր քաղաքային համայնքի ավագանու անդամի ծախսերի հատուցմանը, ինչի վերաբերյալ ընդունված որոշման համաձայն, 2012թ. պարտականությունների կատարման դիմաց, որպես դրամական փոխհատուցում, ամսական սահմանվում է 6500 դրամ:

  Մասնակի խմբագրմամբ, ավագանին հաստատեց քաղաքային համայնքի ավագանու ֆինանսատնտեսական, սոցիալ-կենցաղային, կրթական ու մշակութային հարցերով մշտական հանձնաժողովների կանոնակարգերը: Ղեկավարվելով  Տեղական ինքնակառավարման մասին ԼՂՀ 17-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և կառավարության 2008թ. մայիսի 20-ի թիվ 381 որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով, ավագանին որոշեց մայրաքաղաքի Թումանյան, Կամո, Ն.Ստեփանյան փողոցներով սահմանազատված տարածքը (նախկին կահույքի ֆաբրիկայի տարածքը) անվանակոչել Արցախի թաղամաս: Միաժամանակ, հաշվի առնելով գեներալ-մայոր Ա.Զինևիչի նշանակալի ավանդը` բանակաշինության, ԼՂՀ ՊԲ կայացման գործում, ավագանին որոշեց Ստեփանակերտ քաղաքի Թումանյան փողոցից` և Ազատամարտիկների փողոցից դեպի Ստեփանակերտի Ս.Շահումյանի անվան մարզադաշտ տանող ճանապարհի ու Ն.Ստեփանյան փողոցի խաչմերուկը անվանակոչել Անատոլի Զինևիչի անվամբ: Քաղաքապետը ներկաներին տեղեկացրեց, որ հիշյալ նոր փողոցին հարող տարածքում կտեղադրվի ռուս գեներալի կիսանդրին:

  Նիստում քննարկումների ժամանակ, ավագանու անդամների կողմից տարակարծությունների առիթ տվեց վարձակալված համայնքային սեփականություն հանդիսացող որոշ տարածքների` ուղղակի վաճառքի ձևով օտարման մասին հարցը: Ոմանց մտահոգում էր այն հանգամանքը, թե տարիներ շարունակ վարձակալած նկուղները (պահեստները) պահելով իրենց տնօրինության տակ, ինչու վարձակալների կողմից չեն բարեկարգվել, օգտագործման համար այնտեղ թեկուզև նվազագույն պայմաններ չեն ստեղծվել: Այդ առնչությամբ արտահայտելով և իր մտահոգությունը, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը պարզաբանելով միտքը, մասնավորապես նշեց, թե համայնքային սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքները (գույքը) վաճառքի ձևով օտարվում են հենց այդ նպատակով, որպեսզի գնորդների կողմից սահմանված ժամկետներում պատշաճ վերանորոգման ենթարկվեն ու ապահովվեն ենթակառուցվածքները: Ըստ որում, քաղաքապետն ավելորդ չհամարեց հավելել, որ համայնքապետարանի հետ կնքվող պայմանագրերի համաձայն, գնորդը պարտավորվում է, որպես ապաստարան, արտակարգ իրավիճակների պայմաններում այդ տարածքները տրամադրել բնակչությանը:

 Նիստում  քննության առնվեցին մայրաքաղաքի ենթակառուցվածքների, բնակչության կենցաղային խնդիրների, մասնավորապես` քաղաքային տրանսպորտի գործունեության հետագա բարելավման, փողոցների ու բակերի բարեկարգման, բազմաբնակարան  շենքերի տանիքների նորոգման աշխատանքների կանոնակարգմանն առնչվող և այլ բնույթի հարցեր:

 

Ստեփանակերտի քաղաքապետի

մամուլի քարտուղար