29.05.2015   ԱՄՓՈՓՎԵՑԻՆ ՕՐՀՆԵՐԳԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Ընտրվել է լավագույն տարբերակը

 

Մայիսի 29-ին քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի նախագահությամբ տեղի ունեցավ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի օրհներգի մրցույթի հանձնաժողովի եզրափակիչ նիստը:

Հանձնաժողովի նախագահը նշեց, որ շուրջ մեկ տարի տևած գործընթացի արդյունքում լուրջ քննարկումներ են եղել մրցութային ստեղծագործությունների շուրջ: Նրա խոսքով, նախորդ փուլում առանձնացվել էին 4 հեղինակների գործեր, որոնք և ներկայացվել են հանրային քննարկման: Այդ աշխատանքներից, որպես լավագույն տեքստեր, ընտրվել էին Արկադի Թովմասյանի և Գառնիկ Ավանեսյանի բանաստեղծությունները` նվիրված Ստեփանակերտին, որոնց հիման վրա և ստեղծվել են երաժշտական 4 տարբերակներ /երաժշտությունը գրել են Գառնիկ Ավանեսյանը, Նունե Արզումանյանը, Վիլեն Միքայելյանը և Սիմոն Սարգսյանը/:

 

Քաղաքապետ Ս.Գրիգորյանն հանձնաժողովի անդամներին առաջարկեց մեկ անգամ ևս ունկնդրել մրցույթին ներկայացված աշխատանքների ձայնագրությունը` հետևյալ հերթականությամբ.

 

1.      Խոսք և երաժշտություն` Գառնիկ Ավանեսյանի

2.      Խոսք` Արկադի Թովմասյանի, երաժշտությունը` Նունե Արզումանյանի

3.      Խոսք` Արկադի Թովմասյանի, երաժշտությունը` Վիլեն Միքայելյանի

4.      Խոսք` Գառնիկ Ավանեսյանի, երաժշտությունը` Սիմոն Սարգսյանի:

Լսումներից հետո հնչեցված ստեղծագործությունների շուրջ ծավալվեց մտքերի աշխույժ փոխանակություն և արտահայտվեցին ամենատարբեր կարծիքներ, որին հետևեց փակ, գաղտնի քվերակությունը: Ստեփանակերտի օրհներգի համար հանձնաժողովը /10-ը` կողմ և 1 դեմ հարաբերակցությամբ/ լավագույնը ճանաչեց Գառնիկ Ավանեսյանի խոսքերով և Սիմոն Սարգսյանի երաժշտությամբ գրված տարբերակը:

Ամփոփելով նիստի աշխատանքները, Սուրեն Գրիգորյանը նշեց, թե հետևողական է լինելու օրհներգը` գործիքավորման և  ձայնագրման համար ընթացքավորելու խնդրում և մասնագետների աջակցությունն ակնկալելով, համոզմունք հայտնեց, որ այն կհղկվի ու ավելի կկատարելագործվի, ստեղծագործությունը գոհունակությամբ կընդունվի հանրության կողմից:

Հավելենք, որ մրցանակային առաջին տեղը զբաղեցրած հեղինակներին /Գ.Ավանեսյանին և Ս.Սիմոնյանին /հաղթողի դիպլոմի հետ կտրվի 1000 /հազար/ ԱՄՆ դոլար դրամական պարգև:

Մրցանակային երկրորդ տեղ գրաված հեղինակները /Ա.Թովմասյանն ու Վ.Միքայելյանը/ կպարգևատրվեն 500 /հինգ հարյուր/ ԱՄՆ դոլարով:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն