16.04.2015   ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԸ

Երևանից ժամանած պատվիրակությունը հյուրընկալվել է Ստեփանակերտի քաղաքապետարանում

 

Մայրաքաղաքներ Երևանի ու Ստեփանակերտի միջև սկզբնավորված բարեկամությունն ու համագործակցությունը, որոնց հիմքերը դրել են քաղաքապետներ Տարոն Մարգարյանն ու Սուրեն Գրիգորյանը, տարեցտարի սերտանում, ավելի են ընդլայնում իրենց շրջանակները: Ասվածի մասին վկայում են ամենատարբեր ձևաչափերով պատվիրակությունների փոխայցելությունները, որոնց արդյունքում ծնունդ են առնում նոր ծրագրեր ու մտահղացումներ, միմյանց նկատմամբ ավելի է աճում վստահությունը, ձևավորվում են գործընկերային ներդաշնակ հարաբերություններ:

Հատկանշական է, որ կողմերի միջև կապերը չեն սահմանափակվում երկու քաղաքապետարանների համագործակցությամբ և Ստեփանակերտի ու Արցախի վարչատարածքային մյուս միավորումների հետ բարեկամության կամուրջներ են ստեղծում նաև Երևանի վարչական շրջանները: Ապրիլի 16-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանի գլխավորած պատվիրակության այցը` Ստեփանակերտ, գործընկերային հարաբերություններն ամրապնդելու և ավանդույթները զարգացնելու նպատակ էր հետապնդում:

Ջերմորեն ողջունելով  պատվիրակության անդամներին և արգասաբեր համարելով Երևանի ու Ստեփանակերտի միջև համագործակցությունը, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը նշել է, որ նման հանդիպումները նպաստում են ավելի լավ ճանաչելու միմյանց և անկաշկանդ խոսելու ինչպես ձեռքբերումների, այնպես էլ` չլուծված խնդիրների մասին, հստակեցնելու դիրքորոշումները, հետամուտ լինելու նոր ծրագրերի իրագործմանը: Հյուրերի խնդրանքով քաղաքապետն անդրադարձել է հանրապետությունում և մասնավորապես` մայրաքաղաք Ստեփանակերտում հիշարժան իրադարձությունների կապակցությամբ անցկացվելիք միջոցառումներին` Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի, Մայիսյան եռատոնի հանդիսությունների, կանաչապատման և սանիտարական մաքրության միամսյակի, մայիսի 3-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքներին:

Իր հերթին, շնորհակալություն հայտնելով ջեր ընդունելության և փոխըմբռնման համար, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանը վստահեցրել է, որ այցելությունները շարունակական կլինեն և արդյունքում` փորձի փոխանակումը միմիայն կօգնի կողմերին խորացնելու բարեկամությունը: Նա հատկապես կարևորել է Ստեփանակերտի և իր գլխավորած վարչական շրջանի կրթական համակարգերի միջև համագործակցությունն ընդլայնելու անհրաժեշտությունը, ինչի համար, պարոն Ալեքսանյանի համոզմամբ, լայն հեռանկարներ կան:

Հանդիպման վերջում Ս.Գրիգորյանն ու Ա.Ալեքսանյանը փոխանակվել են խորհրդանշական նվերներով:

Այցի շրջանակում, Երևանից ժամանած պատվիրակության անդամները, որի կազմում են նաև Հայրենական Մեծ պատերազմի մի խումբ վետերաններ, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի ուղեկցությամբ այցելել են Հուշահամալիր, ուր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարության անունից ծաղկեպսակ է տեղադրվել: Ծաղիկներ են դրվել նաև Մեծ հայրենականում և արցախյան պատերազմում նահատակված հայորդիների շիրիմներին:

 

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար