Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   475.92  դրամ
EUR   527.46  դրամ
RUB   7.22  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
25.12.2014   ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍՈՒՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Սիրելի հայրենակիցներ

Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները` Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:

Պատմության գիրկն է անցնում 2014 թվականը, որը նշանավորվեց խաղաղ ու ստեղծարար աշխատանքով, հիշարժան իրադարձություններով: Կարծում եմ սխալված չենք լինի ասել, որ այն երիտասարդ մեր երկրի համար նոր փորձությունների ու նաև զարգացման տարի էր: Հաղթահարելով ոչ քիչ դժվարություններ մեզ հաջողվեց ևս մեկ առաջընթաց քայլ կատարել անկախության կերտման, ժողովրդավարական արժեքների ամրապնդման ու տնտեսության զարգացման ճանապարհին:

Առաջնահերթ խնդիրների լուծման տեսանկյունից տարին բարեհաջող էր և ստեփանակերտցիներիս համար: Իրագործվեցին քաղաքի փողոցների բարեկարգմանն ու կառուցապատմանը, ջրամատակարարման ապահովմանն ուղղված ծավալուն աշխատանքներ, տարաբնույթ ծրագրեր: Շահագործման հանձնվեցին մի շարք բնակելի շենքեր, կրթամշակութային և կենսական նշանակության շինություններ: Մայրաքաղաքում վերաբացվեց Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի հիմնանորոգված հարմարավետ մասնաշենքը: Սովորողների առաջ հյուրընկալորեն իրենց դռները բացեցին հհ 1 և 6 հիմնական դպրոցները: <<Արցախ>> նորակառույց թաղամասում  տեղադրվեց գեներալ Անատոլի Զինևիչի, իսկ Մարտունի փողոցում` Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձանը: Բավականին աշխույժ և հագեցած էր նաև մշակութային կյանքը: Ստեփանակերտ այցելեցին աշխարհահռչակ մի խումբ արվեստագետներ, որոնք բարձրարժեք կատարումներով հաստատեցին իրենց սերն ու հարգանքը` մեր ժողովրդի և պետության նկատմամբ: Այդ տեսակետից բացառիկ էր աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալիեի ելույթը` Վերածննդի հրապարակում, ուր նա հնչեցրեց Մեծն Կոմիտասի հանրահայտ <<Կռունկը>>:

     Քաղաքապետարանի տեսադաշտից դուրս չեն մնացել ծայրամասային փողոցների և թաղամասերի ենթակառուցվածքների կատարելագործման, արտաքին լուսավորման, քաղաքի կանաչ գոտիների ընդլայնման և սանիտարական վիճակի բարելավման հարցերը:

     Դրական տեղաշարժերն, իրոք, նկատելի են Ստեփանակերտում: Միևնույն ժամանակ պիտի խոստովանենք, որ բարեփոխումները դեռևս ոչ բոլոր բնագավառներում են ցանկալի արդյունքներ տվել ու դեռևս չլուծված են մնում բնակչության կենսական նշանակության մի շարք խնդիրներ: Այդ առումով    անելիքներ քիչ չունեն քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կազմակերպություններն ու կառույցները, որոնց արդյունավետ գործունեությամբ է պայմանավորված բնակչության սոցիալական ու կենցաղային պայմանների բարելավման մակարդակի բարձրացումը: Իսկ գաղտնիք չէ, որ հնարավորությունների,  ներուժի խելացի օգտագործման դեպքում, հաջողություններն առավել շոշափելի կլինեն: Հետևաբար, մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է ուշադիր և սրտացավ  լինել  շրջապատի նկատմամբ, կարողանա գիտակցել մի պարզ ճշմարտություն, որ Ստեփանակերտը բոլորիս հարազատ  տունն է և ձգտի իր անձնական ներդրումն ունենալ մայրաքաղաքի զարգացման ու բարգավաճման գործում:

      Գտնվելով Ամանորի նախաշեմին և հույսեր կապելով Նոր տարվա հետ, ամենաբարի նկատառումներով մենք ակնկալիքներ ունենք նրանից: Իսկ, որպեսզի իրականանան մեր սպասելիքները, պիտի միասնական գտնվենք բոլոր ձեռնարկումներում, հանուն պայծառ ապագայի` համատեղենք մեր ջանքերը, կառուցենք ու առավել հմայիչ դարձնենք սիրելի Ստեփանակերտը:

        Սիրելի համաքաղաքացիներ

Վերստին շնորհավորում եմ ձեզ` Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մաղթում երջանկություն ու ամենայն բարիք: Թող Նոր տարին ստեփանակերտցիներիս, բոլոր արցախցիների, համայն հայության համար լինի կայունության և խաղաղության տարի:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: