Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   476.10  դրամ
EUR   524.47  դրամ
RUB   7.42  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
21.11.2014   ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ

Ձևավորվել են գործընկերային անկեղծ հարաբերություններ

Հայկական երկու հանրապետությունների մայրաքաղաքների միջև համագործակցության և բարեկամության վերաբերյալ ստորագրված համաձայնագրի շրջանակում նոյեմբերի 21-ին Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հյուրընկալել է Երևանի քաղաքապետարանի պատվիրակության անդամներին, որը գլխավորում է քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը:

Պատվիրակության կազմում են քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետ Ռուդիկ Թադևոսյանը, <<Երքաաղլույս>> ՓԲԸ տնօրեն Վարդան Գաբրիելյանը, Երևանի Նոր Մարաշ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղար Վահան Ալեքսանյանը և Երևանի Նորք Մարաշ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Խաչիկ Քեխյանը /հանդիպումից առաջ պատվիրակության անդամներն այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ տեղադրելով` հարգել Մեծ հայրենականում և արցախյան ազատամարտում նահատակված հայորդիների հիշատակը/:

Ողջունելով հյուրերին, Սուրեն Գրիգորյանը բարձր է գնահատել Երևանի քաղաքապետի անձնական ներդրումը կողմերի միջև փոխգործակցության և վստահության ամրապնդման գործում` ընդգծելով, թե կապերի սերտացումը թույլ է տվել ձևավորելու մի նոր որակ և գործընկերային անկեղծ հարաբերություններ: Ս.Գրիգորյանը համոզմունք է հայտնել, թե ներկա այցը, որը համընկել է 2015թ. բյուջեի ձևավորման գործընթացի հետ, նույնպես դրական իր արդյունքը կունենա և փորձի փոխանակման, գործնական շփումների ընթացքում, մասնավորապես ծախսային և եկամուտների ապահովման մասով, առավել հստակ ու իրատեսական շեշտադրումներ կարվեն փաստաթղթի նախագծում:

Քաղաքապետարանի անձնակազմին հաղորդելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ողջույնը և պատվիրակության անունից շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը վստահեցրեց, թե կողմերի միջև համագործակցությունը փուլառփուլ ամրապնդվելու է և Երևանի քաղաքապետարանի կողմից Արցախի մայրաքաղաքին ցուցաբերվող աջակցությունը շարունակական բնույթ է կրելու: Որպես ասվածի ապացույց, նա տեղեկացրեց, որ Տարոն Մարգարյանի առաջարկությամբ Ստեփանակերտ են ժամանել ևս մեկ առաքելությամբ` Ամանորի տոների կապակցությամբ իրենց մասնակցությունը բերելու մայրաքաղաքի գեղարվեստական ձևավորմանը:

Հանդիպման ավարտին Ստեփանակերտի քաղաքապետ Ս.Գրիգորյանն ու պատվիրակության ղեկավար Ա.Հարությունյանը հուշանվերներ փոխանակեցին:

Պատվիրակության ընդունելությանը ներկա էին Ստեփանակերտի փոխքաղաքապետներ Սուրեն Թամրազյանն ու Արմեն Հակոբյանը, քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Գագիկ Նազլուխանյանը, այլ պատասխանատուներ:

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար