20.11.2014   Ի՞ՆՉ ԵՆ ՀՈՒՇՈՒՄ ՎԵՐՋԻՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Արդեն 5 տարի է ինչ Ստեփանակերտի քաղաքապետարանի քաղաքային տեսչության եկամուտների բաժնի կողմից <<Սննդամթերքի անվտանգության մասին>> ԼՂՀ օրենքի շրջանակներում իրականացվում են պարբերականստուգումներ, որոնց նպատակն է կանխել առանց պիտանիության ժամկետի, պիտանիության ժամկետն անցած, ոչ ընթեռնելի պիտանիության ժամկետով, պիտանիության ժամկետի կրկնակի մակնշմամբ, արտադրողի կողմից նշված բնօրինակ պիտանիության ժամկետը ջնջված և նոր ժամկետի նշումով, հայերեն մակնշումը արտադրողի կողմից նշված բնօրինակ պիտանիության ժամկետի վրա փակցված ապրանքներ իրացնելը:

Ստուգումների անցկացման նպատակներից մեկն էլ` վաճառողներին ծանոթացնել <<Առևտրի և ծառայությունների մասին>> ԼՂՀ օրենքով նախատեսվածառևտրի օբյեկտներին ներկայացվող պահանջներին:

2014 թվականին կատարված դիտարկումները ցույց են տվել, որ վերոնշյալ խախտումները կտրուկ նվազել են, միևնույն ժամանակ ի հայտ են եկել նոր տիպի խախտումներ: Մասնավորապես` վերջերս ստուգումների ընթացքում հայտնաբերվեց մեծ քանակությամբ սուրճի տեսականի, որի արտադրման տարեթիվը 2014 թվականի դեկտեմբերի 9-ն էր: Այսինքն "սուրճը դեռ չէր արտադրվել", իսկ պահպանման ժամկետը` 9 ամիս է: Նման խախտումը կարող էր լինել արտադրողի անուշադրությունն ու տեխնիկական խնդիրները, սակայն տվյալ դեպքում չի բացառվում նաև պիտանիության ժամկետի երկարաձգման միտումը:

Ստուգումների ընթացքում հայտնաբերված ժամկետանց ապրանքների թվում հիմնականում մսամթերքն է, կաթնամթերքը, պահածոներն ու զովացուցիչ ըմպելիքները` ինչպես տեղական արտադրանքի, այնպես էլ ներմուծված:

<<Հարկ է նշել, որ սպառողները ևս անուշադիր չեն գնվող ապրանքների պիտանիության ժամկետների նկատմամբ, ինչը կարևոր հանգամանք է, քանի որ անկախ կատարվող աշխատանքներից, անհնար է լիովին վերահսկել առևտրի օբյեկտների գործունեությունը և հետևել իրացվող ապրանքների ժամկետներին>>,-գտնում է Ստեփանակերտի քաղաքային տեսչության եկամուտների բաժնի պետ Սուսաննա Բեգլարյանը:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար