Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   475.99  դրամ
EUR   528.92  դրամ
RUB   7.45  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
20.11.2014   ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳՆՈՒ ՆԻՍՏԸ

Քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի նախագահությամբ այսօր տեղի ունեցավ Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու հերթական նիստը, որում ներառված էին մեկ տասնյակից ավելի հարցեր:

Հիմք ընդունելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ԼՂՀ օրենքի պահանջները, ավագանին սահմանեց 2015թ. տեղական տուրքերի և տեղական վճարների դրույքաչափերը, ինչպես նաև համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարներն ու համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը: Անդրադառնալով  խնդրին, քաղաքապետ Ս.Գրիգորյանը նշեց, թե չնայած բնակչությանը մատուցվող որոշ ծառայությունների, մասնավորապե` սանմաքրման մասով, կատարված աշխատանքների ծավալների տեսակետից սակագները չեն համապատասխանում գանձվող գումարների չափին, այնուամենայնիվ, վճարների դրույքաչափերն անփոփոխ են մնացել: Նրա խոսքով, նման վճիռ կայացվել է այն <<նախապայմանով>>, որպեսզի քաջ գիտակցելով ստանձնած պարտավորություններն անվերապահ կատարման անհրաժեշտությունը,  մատուցված ծառայության դիմաց քաղաքացիները ժամանակին կատարեն վարձավճարները և խուսափեն տուգանքներից և վարչական տույժերից:

Ավագանին իր համաձայնությունը տվեց անհատույց օգտագործման նպատակով` Հեքիմյան փողոցի  հ.21 շենքի նկուղային հարկից ոչ բնակելի տարածք տրամադրելուն` տնտեսական նպատակով օգտագործելու համար: Ավագանու մեկ այլ որոշմամբ Վ.Սարգսյան փողոցի հ.25 շենքի երկրորդ հարկից 78.49 քառ. մետր մակերեսով ոչ բնակելի տարածքն անհատույց օգտագործման նպատակով տրամադրվեց ԼՂՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների ծառայությանը:

Նիստում համապատասխան որոշումներ կայացվեցին համայնքի սեփականություն հանդիսացող մի շարք շենքերի` թվով 10 բնակարաններ նվիրատվության կարգով օտարելու վերաբերյալ: Հիմք ընդունելով ԼՂՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Ստեփանակերտի տարածքային ստորաբաժանման գրությունը` ավագանին նախկինում կայացրած  որոշման մեջ  փոփոխությունկատարեց:

Վերջում ավագանու անդամների կողմից բարձրացվեցին մի շարք  հարցեր, որոնք գլխավորապես վերաբերում են մայրաքաղաքի բարեկարգման, ծայրամասային փողոցների վերանորոգման, և սանիտարական մաքրության, ենթակառուցվածքների, մասնավորապես` տրանսպորտի և կապի բարելավման խնդիրներին: Քաղաքապետ Ս.Գրիգորյանը խոստացավ` քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կառույցների պատասխանատուների  հետ քննարկել դրանք և արդյունավետ լուծման ուղղությամբ ձեռնարկել անհրաժեշտ քայլեր:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար