23.09.2014   ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍՈՒՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔԸ ՄՈւՐԱՑԱՆԻ ԱՆՎԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԿՈԼԵԿՏԻՎԻՆ` 50-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԻ ԱՌԻԹՈՎ

Սիրելի ստեփանակերտցիներ Բարեկամներ Ուրախ եմ ձեզ ողջունելու նշանակալի իրադարձության` քաղաքային գրադարանի 50-ամյա հոբելյանի կապակցությամբ:Հայ ժողովուրդն իր պատմության ողջ ընթացքում աչքի է ընկել ընթերցասիրությամբ ու բարձր մշակույթով, առանձնահատուկ սեր տածել գրքի, գրականության նկատմամբ` սերունդներին ձգտելով կրթել ու դաստիարակել հայրենասիրական ոգով: Հանդիսանալով այդ արժեքների կրողը, այսօր էլ շարունակում ենք հավատարիմ մնալ ավանդույթներին: Կրթամշակութային օջախների նկատմամբ ուշադրությունը մշտապես գտնվում է երկրի ու քաղաքային իշխանությունների տեսադաշտում: Պետությունն անչափ կարևորում է նրանց դերակատարությունը հայրենիքի համար առողջ, կայուն գիտելիքներով օժտված սերունդ դաստիարակելու գործում, ձգտում ըստամենայնի բավարարել նրանց հոգևոր պահանջմունքները` բնակչության համար ստեղծելով ազատ ժամանցի և հանգստի նորմալ պայմաններ: Մենք ականատեսն ենք այդ ընդգծված քաղաքականության, որի արդյունքում հանրապետությունում, այդ թվում Ստեփանակերտում տարեցտարի համալրվում է նմանօրինակ հիմնարկների շարքը: Ասվածի ապացույցներից կարելի է համարել վերակառուցված քաղաքային գրադարանի վերաբացումը և մասնաճյուղի ստեղծումը` մայրաքաղաքի Մ.Գոշ փողոցում:Հայ գրականության դասական, մեր հայրենակից Մուրացանի անունը կրող գրադարանը, հիրավի յուրահատուկ դպրատուն, մշակութային գեղեցիկ օջախ է հանդիսանում մայրաքաղաքի ընթերցասեր հասարակության համար: Գրադարանի ծնունդը, ուր գեղագիտական, հայրենասիրական ոգով դաստիարակվել են սերունդներ, կապված է Արցախի ճակատագրով մտահոգ մի խումբ մտավորականների հետ, որոնք նպաստեցին նրա կայացմանը: Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ներկայիս դարաշրջանում էլ գիրքը երբեք չի կորցրել իր դաստիարակչական դերն ու նշանակությունը և ոգևորության ու ներշնչանքի աղբյուր է հանդիսանում ընթերցողների համար` բարություն սերմանելով նրանց հոգիներում:Սիրելի բարեկամներ Օգտվելով ընձեռնված հնարավորությունից, քաղաքապետարանի ողջ անձնակազմի և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ գրադարանի կոլեկտիվին, բոլոր ընթերցողներին` հոբելյանի առթիվ և համոզմունք հայտնում, որ այն այսուհետ ևս արժանապատվորեն կծառայի իր կոչմանը, արգասաբեր աշխատանքի շնորհիվ հասարակության շրջանում էլ ավելի կբարձրանա գրքի դերն ու նշանակությունը, հազարավոր ստեփանակերտցիների համար կդառնա, իրոք, հոգեհարազատ օջախ, յուրահատուկ ժամանցի հավաքատեղի:Մաղթում եմ ձեզ երջանկություն, ամենայն բարիք, խաղաղություն: