Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   476.18  դրամ
EUR   528.61  դրամ
RUB   7.41  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
03.02.2012   Մամուլի ասուլիս է հրավիրել քաղաքապետը. "Մեր քաղաքի պատմությունն ավելի հին է, քան ոմանք կարծում են"...

    ՙՄիասին բարեկարգենք մեր քաղաքը, մեր ընդհանուր տունը և, որպես մեկ ընտանիքի անդամ, սրտացավ լինենք նրա նկատմամբ՚,- ավելորդ չհամարելով համաքաղաքացիներին հիշեցնել իրենց թիվ 1 պարտականության մասին, նախընտրական քարոզարշավի ժամանակ սա էր Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի կարգախոսը, ով պաշտոնավարման 100-րդ օրվա կապակցությամբ հանդիպելով լրագրողների հետ, հավատարիմ սկզբունքներին, անդրադարձավ այն խնդիրներին, որոնց ընտրվելու դեպքում, նա խոստացել էր առաջնահերթության կարգով լուծում տալ:

    ՙԱյսօր, իրոք, եկել է պահը, որպեսզի խոստացածիս մասին հաշվետու լինեմ իմ ընտրողներին և հրապարակայնորեն տեղյակ պահեմ, թե անցած ժամանակահատվածում ինչպիսի որոշումներ եմ կայացրել նրանց կողմից բարձրացված հարցերն ընթացքավորելու ուղղությամբ՚,- ի պատասխան Արցախի հանրային հեռուստատեսության թղթակցի այն հարցին, թե ստանձնելով քաղաքապետի պաշտոնը, որն է եղել նրա ստորագրած առաջին որոշումը, այսպես ձևակերպեց իր միտքը Ս.Գրիգորյանը, ավելորդ չհամարելով համառոտ անդրադարձ կատարել հասարակական հնչեղություն ունեցող խնդիրներին: Որպես արձագանք ստեփանակերտցիների բողոք-պահանջի, բացի տոնական համապետական նշանակության միջոցառումներից, քաղաքապետն ավագանու որոշմամբ մայրաքաղաքում արգելվել են բոլոր կարգի հրավառությունները, ինչը լայն պաշտպանություն է գտել բնակչության շրջանում:

    ՙՊիտի խոստովանեմ, որ քարոզարշավի շրջանակում ընտրողների հետ ունեցած իմ հանդիպումները (իսկ դրանց թիվը 55-ի է հասնում), քաղաքացիների դիմումներն ու բողոքները ընթացքավորելու առումով, ինձ համար անչափ օգտակար էին: Իմ համոզմամբ Ստեփանակերտի մասին օրենքի ընդունումը, որի նախագիծը գտնվում է մշակման փուլում և նախաձեռնությունը քաղաքապետարանինն է, հնարավորություն կընձեռնի ավելի համակարգված և արդյունավետ պայքարել բոլոր կարգի օրինախախտումների դեմ և մայրաքաղաքը զերծ պահել արատավոր երևույթներից: Իսկ, որպեսզի կարողանանք միասին լուծել մեր առջև ծառացած խնդիրները և դրանց իրագործման ճանապարհին արհեստական խոչընդոտներ չառաջանան, օրինապաշտ պիտի լինի մեզնից յուրաքանչյուրը՚,- կարծում է պարոն Գրիգորյանը` հավելելով, թե անտարբերությունը բոլորիս թշնամին է: Այդ առնչությամբ նա չթաքցրեց իր մտահոգությունը` օրախնդիր ևս մի հարցի շուրջ. անբարեխիղճ քաղաքացիների և հարկատուների մեղքով անցած տարի 32 մլն դրամով թերակատարվել է հարկերի և վարձավճարների հավաքագրման պլանը: Մինչդեռ ապահովման դեպքում, այդ գումարը կարող էր նպատակաուղղվել քաղաքի բազում հոգսերից թեկուզև մեկ-երկուսի թեթևացմանը: Քաղաքապետը նշեց, թե այն հարկատուները, ովքեր նախազգուշացումից հետո կհրաժարվեն կատարել պետության հանդեպ ստանձնած պարտավորությունները, նրանց նկատմամբ կկիրառվեն վարչական պատժամիջոցներ և ընդհուպ դատական ատյաններ կուղարկվեն վիճարկելի հայցերը: Խնդրի վերաբերյալ նա ունի իր հստակ մոտեցումը` առաջնահերթ կընթացքավորեն այն քաղաքացիների դիմումներն ու բողոքները, ովքեր վարձավճարների և հարկերի մասով պարտքեր չունեն: ՙԵթե օգտվել ես բնակշահագործման տնտեսության մատուցած ծառայություններից, ապա պարտավոր ես վճարել. այս պահանջը պարտադիր օրենք պիտի հանդիսանա բոլորի համար՚, - գտնում է Ս.Գրիգորյանը:

    Օրինականության պահպանման համատեքստում քաղաքապետի ուշադրությունից դուրս չի մնացել բնակչության դժգոհությունն առաջ բերող ևս մի երևույթ. Ստեփանակերտի բնակշահագործման տնտեսությունը, չմատուցած ծառայությունների դիմաց, տարիներ շարունակ բնակիչներից տարբեր վարձավճարներ էր գանձում: Բազմակողմանիորեն ուսումնասիրելով հարցը, քաղաքապետարանը ստիպված էր կասեցնել անհիմն գանձումները և ավագանու որոշմամբ սեփականաշնորհված առանձնատների ավելի քան 600 սեփականատերերի հունվարի 1-ից ազատել վարձավճարներից, չնայած արդյունքում բնակշահագործման տնտեսությունը զրկվել է, այսպես ասած, 7 մլն դրամի ՙեկամուտից...՚: Մամուլի ասուլիսի ժամանակ, ուր Սուրեն Գրիգորյանը հրաժարվելով ՙավանդական նախաբանից՚, լրագրողների հետ շփվելու համար նախընտրել էր հարց ու պատասխանի ձևաչափը, նրանց հնարավորթյուն ընձեռնելով բարձրացնել մայրաքաղաքի կենսագործունեությանը վերաբերող ամենասուր խնդիրները, կարևորեց նաև իր առաջարկությամբ քաղաքապետարանում իրականացված կառուցվածքային փոփոխությունների անհրաժեշտությունը, նման քայլը դիտարկելով որպես աշխատանքների արդյունավետ համակարգման, վերահսկողության միջոցով քաղաքապետարանի գործունեության թափանցիկությունն ապահովող միջոց: Քաղաքային համայնքի ղեկավարի խոսքով, ինքը հենց այդ իրողությունների համայնապատկերն է նկատի առել` ստորաբաժանումների կառուցվածքում ավելացնելով քաղաքացիների ընդունելության և դիմումների բաժինը, վերահսկողության ծառայությունը` ձգտելով պատշաճ վերահսկողություն սահմանել քաղաքացիների դիմում-բողոքների ընթացքավորման նկատմամբ:
    ՙՊաշտոնավարման առաջին օրից, տեղեկատվության թափանցիկության ապահովման. հասարակայնության հետ կապի առավել սերտացման տեսանկյունից քաղաքապետն անխուսափելի էր համարում և պաշտոնական կայք էջի ստեղծումը, ինչն այցելուներին թույլ կտա որոշակի պատկերացում կազմել ինչպես քաղաքապետարանի գործունեության, այնպես էլ` մայրաքաղաքի առօրյա կյանքի, Ստեփանակերտում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Գոհունակություն հայտնելով այդ ուղղությամբ ձեռնարկված քայլերի վերաբերյալ, պարոն Գրիգորյանը համոզմունք հայտնեց, որ այն շարունակ հագենալով ուշագրավ թարմ նյութերով և լուրերով, մայրաքաղաքի յուրահատուկ այցեքարտն ու նորությունների զարկերակը կհանդիսանա....
    Լրագրողներին հետաքրքրում էր 2012-ին Ստեփանակերտում իրականացվելիք ծրագրերի աշխարհագրությունն ու ուղղվածությունը` ըստ ոլորտների: Եվ քաղաքապետն իրազեկեց, որ այդ ծրագրերի շարքում կապիտալ շինարարությունն իր գերակշիռ մասնաբաժինն է ունենալու: Նոր թափով կշարունակվեն մայրաքաղաքի շուրջօրյա ջրամատակարարման, բնակարանաշինության ընդլայնման ուղղությամբ տարվող աշխատանքները, կապիտալ վերանորոգման կենթարկվեն բազմաբնակարան շենքերի տանիքները, հատուկ ուշադրություն կդարձվի փողոցների, բակերի և ընդհանուր օգտագործման տարածքների բարեկարգմանն ու ենթակառուցվածքների զարգացմանը: Ընդ որում, լիովին իրատեսական համարելով հիշյալ գործընթացների կազմակերպումը` սահմանված ժամկետներում, նա նշեց, որ պետբյուջեից համապատասխան գումարներ են հատկացվել ու ՙամեն մի լումա պիտի ծառայեցվի իր նպատակին՚:
    Ի պատասխան լրագրողներից մեկի այն հարցի, թե քաղաքապետարանը պատրաստվու±մ է հանդիսավորությամբ նշել քաղաքի ծննդյան 90-ամյակը և այդ մասին գիրք-ալբոմ գրվելու± է, արդյոք, Սուրեն Գրիգորյանն ասաց, թե ինքը ընդհանրապես դեմ չէ քաղաքի պատմության մասին գիրք գրելուն: Միևնույն ժամանակ գտնում է, որ այն 90-ամյա տարեգրության շրջանակներում չպետք է սահմանափակվի: ՙՄեր քաղաքի պատմությունն ավելի հին է, քան ոմանք կարծում են: Այն գալիս է Վաչագան Բարեպաշտի ժամանակներից և, իմ խորին համոզմամբ, այդ լուրջ խնդրով պետք է զբաղվեն բացառապես գործին քաղատեղյակ մարդիկ՚,- շեշտեց քաղաքապետը` հաճելի լուր հաղորդելով ներկաներին` մայրաքաղաքը մոտ ապագայում կունենա իր պատմության թանգարանը:


ՀԳ. Մամուլի ասուլիսին անմիջապես հաջորդել է քաղաքապետարանի պաշտոնական կայք էջի շնորհանդեսը: