14.03.2014   ԿԱՆԱՉԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԼԱՅՆ ԹԱՓ Է ՍՏԱՆՈՒՄ

Գարնան զարթոնքի հետ մայրաքաղաքի  սանիտարական մաքրության, բարեկարգման և կանաչ գոտիների ընդլայնման աշխատանքները լայն թափ են ստանում` իրենց մեջ ներառելով ամենատարբեր ուղղություններ և ծրագրեր:

Ստեփանակերտի քաղաքապետարանի բնակարանային, կոմունալ տնտեսության և բնապահպանության բաժնի պետ Կառլեն Գրիգորյանի հավաստմամբ, փետրվար ամսից զբոսայգիներում, պուրակներում և սիզամարգերում սկսված է հողի փխրեցման և  պարարտացման գործընթացը: Այդ աշխատանքներն առավել կազմակերպված բնույթ են կրում Բաղրամյան, Ա.Մկրտչյան, Մ.Մաշտոց, Ազատամարտիկների, Վ.Սարգսյան, Ն.Ստեփանյան, Վ.Վաղարշյան, Ստարավոյտովա փողոցների կանաչ գոտիներում, <<Մենք են, մեր լեռները>> հուշարձանի և քաղաքի հուշահամալիրի հարակից տարածքներում, ուր գլխավորապես տքնում եմ  <<Ակադեմիկոս Թախթաջյանի անվան բուսաբանական այգի>> ՓԲԸ ծաղկաբույծներն ու բանվորները: Ավարտված է քաղաքի թվով երրորդ տնկարանային ջերմոցի շահագործումը և ներկայումս ակտիվ աշխատանքներ են տարվում հողի մշակման ու պարարտացման, ծաղկասերմերի ցանման ուղղությամբ: Մյուս ջերմոցներում ևս առողջ սածիլներ են ակնկալվում:

Մայրաքաղաքի կանաչապատմանը զուգընթաց կատարվում են տարեց ծառերի հատումներ, որոնք անմիջապես փոխարինվում են երիտասարդ տնկիներով: Գործընթացը շարունակվում է:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար