18.11.2013   ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ` ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋ

Բյուջեի անվերապահ կատարմանն առնչվող ու հարակից մի շարք այլ հարցեր էին քննարկման դրված նոյեմբերի 18-ին Ստեփանակերտի քաղաքապետարանի պատասխանատուների և համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարների մասնակցությամբ նիստերի դահլիճում հրավիրված աշխատանքային խորհրդակցությունում, որը վարում էր քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:

Ներկաների ուշադրությունը հրավիրելով այն իրողությանը, որ շուտով տնտեսական տարին մոտենում է ավարտին, պարոն Գրիգորյանն ավելորդ չհամարեց մեկ անգամ ևս կարևոր շեշտադրում կատարել. <<Բյուջեի կատարման խնդիրը բոլորիս համար պարտադիր պահանջ է, և այլ կարծիք լինել չի կարող>>: Նա միաժամանակ հասկանալ տվեց, որ ծախսային մասով լրացուցիչ գումարների շռայլումը միանշանակ բացառվում է և կարգը խախտողները խստորեն կպատժվեն: Քաղաքապետն անդրադարձավ նաև մատուցվող ծառայությունների դիմաց հարկատուներից գանձվող գումարների ապահովմանը, այն դիտարկելով որպես բյուջեի համալրման, ստանձնած պարտավորությունների կատարման գլխավոր նախապայմաններից մեկը:

Քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը խորհրդակցությունում մի շարք հանձնարարություններ տվեց իր տեղակալներին և քաղաքապետարանի համապատասխան բաժինների պետերին` մայրաքաղաք Ստեփանակերտի Ամանորի տոնական ձևավորումները պատշաճ մակարդակով կազմակերպելու, Նոր տարվա տոնածառի զարդարման ու տեղադրման աշխատանքները մինչև դեկտեմբերի 15-ը ավարտելու ուղղությամբ, ավելորդ չհամարելով հիշեցնել, թե <<Ամանորի տոնական միջոցառումների ծրագիրը պիտի լինի բազմազան ու հագեցած, և համաքաղաքացիները պետք է ակտիվորեն ներգրավվեն համաժողովրդական տոնախմբությանը>>:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետի մամուլի քարտուղար