14.10.2013   ԱՆԿԱԽ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄՔՆ ՈՒ ԱՅՑԵՔԱՐՏԸ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԺՈՂՈՎ` ՆՎԻՐՎԱԾ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՕՐՎԱՆ ԵՎ ԱՆՎԱՆԱԿՈՉՄԱՆ 90-ԱՄՅԱԿԻՆ

Քաղաքի օրվան և Ստեփանակերտի անվանակոչման 90-ամյակին էր նվիրված հոկտեմբերի 11-ին մշակույթի և երիտասարդության պալատում կայացած հանդիսավոր երեկոն, որին ներկա էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Պարգև  արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, խորհրդարանի պատգամավորներ, կառավարության անդամներ, քաղաքական, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՊԲ բարձրաստիճան  սպաներ, պատերազմի վետերաններ, պատվավոր ստեփանակերտցիներ, հյուրեր Հայաստանից և արտերկրից: <<Ստեփանակերտը մեր անկախ պետականության դեմքն ու այցեքարտն է, և համոզված ենք,որ սերունդներն այսուհետ ավելի կարժևորեն ու կսիրեն  իրենց մայրաքաղաքը, անձնապես կնպաստեն նրա հետագա զարգացման ծրագրերի իրագործմանը, կառուցապատմանն ու բարեկարգմանը, կանեն հնարավորը, որպեսզի  վերածնվող Ստեփանակերտը լինի ավելի գեղեցիկ, հրապուրիչ ու ներդաշնակ>>,- նշեց Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը: Ներկաներին, բոլոր ստեփանակերտցիներին օրհնանքի իր խոսքն ուղղեց  Հայ առաքելական եկեղեցու Արցախի հոգևոր թեմի առաջնորդը: Իր ելույթում Ստեփանակերտի պատվավոր քաղաքացի, ԼՂԻՄ մարզգործկոմի  նախկին նախագահ Մուշեղ Օհանջանյանը գլխավորապես անդրադարձավ պաշտոնավարման տարիներին քաղաքի կառուցապատման և բարեկարգման այն լայնածավալ ծրագրերին, որոնք, չնայած Ադրբեջանի իշխանությունների ճշտումներին և հետապնդումներին, հետևողականորեն իրագործվեցին ու ապահովեցին Ստեփանակերտի առաջընթացը: Երևանի քաղաքապետարանի  պատվիրակության անունից ելույթ ունեցավ և Ստեփանակերտի օրվա ու քաղաքի անվանակոչման տարեդարձի կապակցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորանքները հաղորդեց ավագանու անդամ, <<Սինոփսիս Արմենիա>> ընկերության նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Այնուհետև քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, քաղաքին մատուցած ծառայությունների և Ստեփանակերտի օրվա կապակցությամբ մայրաքաղաքի հիմնարկ-կազմակերպությունների մի խումբ աշխատողների պարգևատրեց պատվոգրերով  և արժեքավոր նվերներով:

Ստեփանակերտի քաղաքապետի մամուլի քարտուղար