22.03.2013   ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԸ

ԱՎԱԳԱՆԻՆ ԱՐԳԵԼՈՒՄ Է ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԲԱԿԵՐՈՒՄ ԸՆՏԱՆԻ ԹՌՉՈՒՆՆԵՐ ՊԱՀԵԼԸ

 

Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի նախագահությամբ մարտի 21-ին կայացավ քաղաքային համայնքի ավագանու հերթական նիստը:

Քննության առնելով օրակարգում ներառված տարաբնույթ հարցերը, ավագանին ընդունեց համապատասխան որոշումներ:

Նիստում, հիմք ընդունելով <<Նվազագույն աշխատավարձի մասին>> ԼՂՀ օրենքի առաջին հոդվածը, հավանություն տրվեց քաղաքային համայնքի ավագանու անդամի 2013թ. պարտականությունների կատարման դիմաց ամսական 7 հազար դրամի չափով դրամական փոխհատուցում սահմանելու վերաբերյալ որոշման նախագծին և որոշվեց համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից` 2013թ. առաջին եռամսյակի փոխհատուցման նպատակով ավագանու անդամներին հատկացնել 315 հազար դրամ:

Մեկ այլ որոշմամբ, հաշվի առնելով քաղաքապետարանի աշխատակազմում իրականացված կադրային փոփոխությունները ավագանին փոփոխություններ մտցրեց քաղաքապետարանին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի անհատական կազմում, որը կգլխավորի աշխատակազմի ղեկավար Գագիկ Նազլուխանյանը: Հանձնաժողովում ընդգրկված են ինչպես քաղաքապետարանի պատասխանատու աշխատողներ, այնպես էլ` ավագանու անդամներ, հասարակական կազմակերպությունների և բուժմիավորումների ներկայացուցիչներ:

Ավագանին որոշում կայացրեց, որպես պահեստ օգտագործելու նպատակով, համայնքի սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքները վարձակալության իրավունքով տրամադրելու և վաճառքի ձևով օտարելու, քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող գույքը բաժանելու մասին: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ԼՂՀ օրենքով, ինչպես նաև հաշվի առնելով Ստեփանակերտի առաջին դպրոցի տարածքում նոր մասնաշենք կառուցելու հանգամանքը, հանձնարարվեց սահմանված կարգով դուրս գրել <<Ջերմային տնտեսություն>> ՓԲԸ հաշվեկշռում հաշվառված Կնունյանցների փողոցի թիվ 48/1 հասցեում գտնվող կաթսայատունը: Ընկերությանը պարտավորեցվում է ընկերության հաշվեկշիռ մուտքագրել նշված կաթսայատան պիտանի ապրանքանյութական արժեքները` որոշման կատարման հսկողությունը վերապահելով քաղաքապետարանի համայնքային գույքի կառավարման, բնակարանային, կոմունալ տնտեսության և բնապահպանության բաժիններին:

Ելնելով մայրաքաղաքի սանիտարական վիճակի ապահովման անհրաժեշտությունից, ինչպես նաև հաշվի առնելով քաղաքապետարանին հասցեագրած հանրապետական հակահամաճարակային կենտրոնի ղեկավարության խնդրանքը, ավագանին որոշեց Ստեփանակերտ քաղաքի բազմաբնակարան շենքերի բակերում, հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում, շենքերի նկուղներում, ավտոտնակներում և այլ տնտեսական նշանակության շինություններում արգելել ընտանի թռչուններ պահելը: ԼՂՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչությանը հանձնարարված է մեկամսյա ժամկետում անհրաժեշտ քայլեր ձեռնարկել նշված վայրերում ընտանի թռչուններ պահելը դադարեցնելու, որոշումն իրագործելու ուղղությամբ: Նիստում, անդրադառնալով խնդրին, քաղաքապետ Ս.Գրիգորյանը նշեց, թե նման վճիռ կայացնելու համար հիմք են հանդիսացել բնակչության կողմից ստացվող բազմաթիվ բողոքներն ու ահազանգերը, այդ կապակցությամբ համայնքի տարածքում կատարված շրջայցերը: Նրա համոզմամբ, քաղաքի սանիտարական մաքրության պահպանման համար պատասխանատվություն են կրում բոլոր ստեփանակերտցիները: Ուստի փխըմբռնումով պետք է մոտենալ ավագանու որոշմանը և նպաստել նրա ապահովմանը: Քաղաքապետը հավելեց նաև, թե շուտով ընտանի թռչուններ պահելու վերաբերյալ կարգ կսահմանվի, և սեփական առանձնատներ ունեցող այն բնակիչները, որոնք համապատասխան պայմաններ կստեղծեն իրենց տարածքներում, կարող են ընտանի թռչուններ խնամել ու բարելավել սեփական կարիքները:

Վերջում քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց հասարակական հնչություն ունեցող ևս մեկ կարևոր խնդրի վրա. գարունը լիովին իր իրավունքների մեջ է մտել ու Ստեփանակերտի բարեկարգման սանիտարական մաքրության և կանաչապատման ուղղությամբ աշխատանքները լայն թափ պիտի ստանան: Նա հատկապես կարևորեց առաջիկայում կազմակերպվելիք համաքաղաքային շաբաթօրյակներին` պետական կառույցների, հիմնարկ-ձեռնարկությունների, ուսումնական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների, յուրաքանչյուր ստեփանակերտցու ակտիվ մասնակցությունը, այն հաշվով, որպեսզի առավել գեղեցիկ, մաքուր և բարեկարգ լինի մայրաքաղաքը:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետի մամուլի քարտուղար