09.01.2020 ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՆՈՐ ՏԱՐՎԱ ԱՌԱՋԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ Է ՀՐԱՎԻՐԵԼ
ՀՍՏԱԿԵՑՎԵԼ ԵՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ամանորի տոներից հետո հունվարի 9-ին քաղաքապետ Դավիթ Սարգսյանը քաղաքապետարանի պատասխանատուների ու նրա ենթակայության ներքո գտնվող ընկերությունների և կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ նոր տարվա առաջին ընդլայնված խորհրդակցությունն էր հրավիրել` նպատակ ունենալով քննարկումների արդյունքում հստակեցնել առաջիկա հիմնախնդիրները և քայլեր ձեռնարկել նախանշված ծրագրերը կյանքի կոչելու ուղղությամբ: Խորհրդակցությանը քաղաքապետը ներկաների ուշադրությունը հրավիրել է այն առաջնահերթությունների վրա, որոնք սկզբունքային նշանակություն ունեն և դրանց լուծմամբ էական փոփոխություններ կարձանագրվեն մայրաքաղաքի կենսագործունեության ամենատարբեր ոլորտներում: Նա այդ համատեքստում մասնավորապես ընդգծել է կապիտալ շինարարության ծրագրերի արդյունավետ համակարգման անհրաժեշտությունը, ինչը նոր տարում Ստեփանակերտ քաղաքում ենթադրում է շիննորոգման ու բարեկարգման մեծածավալ աշխատանքներ: Դ.Սարգսյանը բացառել է առանց շինթույլտվության իրավունքի` որևէ կառույցի շինարարության իրագործումը և անհրաժեշտ հանձնարարական տվել վերահսկողության բաժնի պատասխանատուներին: Քաղաքապետը վերջում խորհրդակցության մասնակիցներին կոչ է արել միասնաբար լծվել բնակչության բարեկեցության բարելավմանը միտված գործընթացներին և անձնապես նպաստել մայրաքաղաքի առջև ծառացած հիմնահարցերի լուծմանը: Նա միաժամանակ բաժնի պետերին և կառույցների /ընկերությունների/ ղեկավարներին հանձնարարել է մինչև հունվարի 20-ը հաշվետվություն ներկայացնել 2019թ. ընթացքում իրականացված աշխատանքների վերաբերյալ:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն |
< Վերադառնալ |