Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   485.00  դրամ
EUR   573.17  դրամ
RUB   6.58  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
19.12.2019   ԿԱՅԱՑԵԼ Է ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ` 2019 ԹՎԱԿԱՆԻ ՎԵՐՋԻՆ ՆԻՍՏԸ

 

 

ԿԻՋԵՑՎԵՆ ՏԵՂԱԿԱՆ ՈՐՈՇ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

Դեկտեմբերի 17-ին քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նախագահությամբ կայացել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքային համայնքի ավագանու` 2019թ. վերջին նիստը:

Օրակարգի առաջին հարցը վերաբերում էր քաղաքային համայնքի 2020թ. տեղական տուրքերի և համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերի և համայնքի սեփականություն համարվող գույքի վարձավճարների սահմանմանը, որի վերաբերյալ հիմնավորումներով հանդես եկավ քաղաքապետարանի ֆինանսա-բյուջետային բաժնի պետ Մարատ Համբարձումյանը:

Խնդրի շուրջ իր դիտարկումները ներկայացրեց քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, ով անդրադառնալով նախընտրական հանդիպումների ժամանակ մատուցվող մի շարք ծառայությունների գծով բնակչության կողմից բարձրացված արդարացի դժգոհություններին, նշեց, թե ուսումնասիրությունների արդյունքում հանգել է այն եզրակացության, որ <<տեղին կլիներ` վերանայել որոշ ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերն ու համայնքի սեփականություն համարվող գույքի վարձավճարները>>: Առաջարկությունը միաձայն հավանության արժանացավ ավագանու անդամների կողմից և նիստում որոշում կայացվեց մասնավորապես` մարդատար տաքսու ծառայության համար գանձվող տուրքի դրույքաչափը նախկինում գործող 20 հազար դրամից, տարվա կտրվածքով սահմանել 10 հազար դրամ, համայնքի տարածքում առևտրի օբյեկտները ժամը 24:00-ից հետո աշխատելու թույլտվության համար` 80 հազարի փոխարեն սահմանել 60 հազար դրամ, իսկ հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար 120-ի դիմաց` 100 հազար դրամ: Միաժամանակ վերանայվեց անշարժ գույքի հասցեագրման դիմաց տրամադրվող վճարի չափը` այն սահմանելով 1000 դրամ: Ավագանին որոշեց հանել ավտոտնակների սպասարկման դիմաց յուրաքանչյուր քառ.մետրի դիմաց գանձվող 15 դրամ վարձավճարը, ինչպես նաև հողամասերի չափագրման համար նախկինում 10 հազար դրամի հաշվով քաղաքացիներից պահանջվող տուրքը: Ընդունվող որոշման մեջ կատարվող փոփոխությունները դիտարկելով որպես բնակչության կենսամակարդակի բարելավմանը և հարկային բեռի թեթևացմանը միտված քայլ, քաղաքապետ Դ.Սարգսյանը հավաստիացրեց, թե սկզբունքային այդ հարցում հետևողական է լինելու ու հետագայում ևս նմանօրինակ որոշումներ կկայացվեն:

Ավագանին իր համաձայնությունը տվեց ավագանու անդամներին 2019թ. 4-րդ եռամսյակի ծախսերի փոխհատուցման նպատակով Ստեփաքնակերտի քաղաքային համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից 450 հազար դրամ գումար հատկացնելու մասին որոշման նախագիծը: Որոշումներ կայացվեցին նաև համայնքի սեփականություն հանդիսացող բնակարանների նվիրատվության կարգով օտարելու, ոչ բնակելի տարածքը վարձակալության իրավունքով տրամադրելու թույլտվության վերաբերյալ:

Նիստում ընդունվեց որոշում` մշտական գործող հանձնաժողովներ ստեղծելու, Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու 2015թ. դեկտեմբերի 9-ի որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին: Ձևավորվեցին ֆինանսաբյուջետային և տնտեսական հարցերի, իրավական, սոցիալական և առողջապահության հարցերի, արտաքին կապերի, կրթության, սպորտի, մշակույթի և երիտասարդության հարցերի հանձնաժողովները ու հաստատվեցին դրանց կազմերը:

Վերջում ավագանու անդամների կողմից <<օրակարգից դուրս>> բարձրացված հարցերի և առաջարկությունների վերաբերյալ պարզաբանումներով հանդես եկավ քաղաքապետ Դավիթ Սարգսյանը:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի  մամուլի ծառայություն