27.09.2019   ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ <<ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ>> ԵՎ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԱՍՄՈՒՆՔԻ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՉՔԻ ԸՆԿԱԾ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ

 

Ինչպես հայտնի է, քաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառումների շրջանակում, մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների` 9-12-րդ դասարանների սովորողների շրջանում անցկացվել են <<Ստեղծագործում են աշակերտները>> և Ստեփանակերտին նվիրված ասմունքի մրցույթներ, որոնց մասնակցել են շուրջ յոթ տասնյակ շնորհալի աշակերտներ, ցուցաբերել  ստեղծագործական իրենց ընդունակություններն ու մայրաքաղաքի նկատմամբ ունեցած անսահման սերը:

Մրցույթների արդյունքում առաջին, երկրորդ և երրորդ պատվավոր  տեղերը զբաղեցրած սովորողները Ստեփանակերտի քաղաքապետի կողմից արժանացել են պատվոգրերի և արժեքավոր նվերների: Բնականաբար, խրախուդվել են նաև նրանց մայրենի լեզու և գրականության դասավանոդ ուսուցիչները:

Քաղաքապետարանի նիստերի դահլիճում հյուրընկալվել են մրցույթում առավել աչքի ընկած աշխակերտներն և նրանց ուսուցիչները: Քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժնի պետ Թերեզա Ղարախանյանը ջերմորեն շնորհավորել է նրանց և մաղթել խաղաղություն, հաջողություններ` ուսման մեջ և անձնական կյանքում: <<Ուրախ եմ, որ ամեն անգամ նորանոր հաղթողներ ենք տեսնում դահլիճում և տարեցտարի ընդլայնվում է մրցույթի մասնակիցների թիվը, - իր խոսքում նշեց Թ.Ղարախանյանը: -Մնում է ենթադրել, որ  ինչպես աշակերտների հետաքրքրությունն ու պատասխանատվությունն է մեծանում ավանդական մրցույթի նկատմամբ, այնպես էլ ուսուցիչների տքնանքը և անդուլ աշխատանքի արդյունքն է առավել նկատելի դառնում>>: Նրա խոսքով երեխաները մեր երկրի ապագան են, որոնք պիտի զինվեն հարուստ գիտելիքներով և դառնան արհեստավարժ մասնագետներ, գիտնականներ, բժիշկներ, շինարարներ, գրողներ, արվեստագետներ, մանկավարժներ, իրենց ուժն ու եռանդը նվիրաբերեն Արցախի պետականության ամրապնդմանն ու երկրի բարգավաճմանը:

Մրցույթներում աչքի ընկնելու և քաղաքի օրվա կապակցությամբ ներկաներին շնորհավորանքի խոսքեր ուղղեց նաև Ստեփանակերտի քաղաքապետի օգնական Կառլեն Մարգարյանը:

Այնուհետև տիկին Ղարախանյանը հանդիսավոր պայմաններում պատվոգրեր ու արժեքավոր նվերներ է հանձնել մրցանակային տեղեր գրաված դպրոցականներին և նրանց ուսուցիչներին: Պարգևատրվածների անունից մայրաքաղաքի հ.7 դպրոցի հայոց լեզվի  և գրականության ուսուցչուհի Անահիտ Պողոսյանը քաղաքապետարանի անձնակազմին շնորհակալություն է հայտնել մատաղ սերնդի նկատմամբ ցուցաբերած հոգատար վերաբերմունքի և բարձր գնահատանքի համար, բոլորին շնորհավորել քաղաքի օրվա կապակցությամբ:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի  մամուլի ծառայություն