28.12.2012   ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍՈՒՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Սիրելի հայրենակիցներ

 

         Քաղաքապետարանի անձնակազմի և անձամբ իմ անունից ընդունեք անկեղծ շնորհավորանքներ` Ամանորի և Սուրբ Ծննդի առթիվ:

         2012թվականը մեր հիշողություններում կմնա որպես հիշարժան իրադարձություններով հագեցած տարի: Ասել է թե` այն հոբելյանական էր. ազգովի նշեցինք Շուշիի ազատագրման և պաշտպանության բանակի ստեղծման 20-ամյակը: Երկրում կայացան նախագահական ընտրություններ, որոնք առաջընթաց քայլ են քաղաքակիրթ ձևով աշխարհին ներկայանալու, ժողովրդավարական արժեքների ամրապնդման, անկախության կայացման և ինքնորոշման միջազգայնացման ճանապարհին: Հաղթահարելով ոչ քիչ դժվարություններ ու փորձություններ, հաջողվեց զգալի հաջողություններ ամրագրել նաև տնտեսության ամենատարբեր ոլորտներում:

    Տարին, կարևորագույն խնդիրների լուծման տեսանկյունից, բնականաբար, բարեհաջող էր և ստեփանակերտցիներիս համար: Հետևողականորեն իրագործվեցին քաղաքի փողոցների բարեկարգմանն ու կառուցապատմանը, ջրամատակարարման ապահովմանը միտված լայնածավալ աշխատանքներ, որոնք մասնավորապես ներառված են ԼՂՀ նախագահի նախընտրական ծրագրերում: Համատեղ ուժերով մեզ հաջողվեց լուծել այնպիսի խնդիրներ, որոնք զուտ սոցիալական ուղղվածություն ունեն և լայն պաշտպանություն են գտել երկրի իշխանությունների կողմից: Փուլառփուլ իրագործվում է քաղաքի ջրամատակարարման ծրագիրը, որն ամենայն հավանականությամբ նոր տարում ավարտի կհասցվի և վերջապես ստեփանակերտցիները լիովին կապահովվեն խմելու ջրով: Քաղաքապետարանի տեսադաշտից դուրս չեն մնում ծայրամասային փողոցների և թաղամասերի ենթակառուցվածքների կատարելագործման, բարեկարգման, արտաքին լուսավորման, քաղաքի կանաչ գոտիների ընդլայնման և սանիտարական վիճակի բարելավման հարցերը:Օր-օրի ավելի գեղեցիկ ու բարեկարգ տեսք է ստանում մայրաքաղաքը, ամենուր աչք են շոյում բարձրաճաշակ նորակառույց շինությունները` առանձնակի շուք հաղորդելով նրա ճարտարապետական դեմքին:

         Դրական տեղաշարժերը Ստեփանակերտում, իրոք, շոշափելի են: Միևնույն ժամանակ պիտի խոստովանենք, որ բարեփոխումները դեռևս ոչ բոլոր բնագավառներում են ցանկալի արդյունքներ տվել և տակավին չլուծված են մնում բնակչության կենսական նշանակության մի շարք խնդիրներ: Այս տեսանկյունից, կարծում եմ, անելիքներ շատ ունեն քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կազմակերպություններն ու կառույցները, հատկապես կենսաապահովման հիմնարկները, որոնց արդյունավետ, հստակ գործունեությամբ է պայմանավորված մեր ժողովրդի սոցիալական ու կենցաղային պայմանների բարելավման մակարդակի բարձրացումը: Իսկ ամենևին էլ գաղտնիք չէ, որ հնարավորությունների, զարգացման ներուժի խելացի օգտագործման դեպքում, հաջողություններն, անշուշտ, մեզ կուղեկցեն ամենուր: Ու, եթե յուրաքանչյուրս առավել ուշադիր և սրտացավ  գտնվենք շրջապատի, մեր քաղաքի նկատմամբ, գիտակցենք մի պարզ ճշմարտություն, որ այն բոլորիս ընդհանուր տունն է` մեր կյանքը, մայրաքաղաքի առօրյան կդառնա հագեցած և բարեկեցիկ:

         Մենք հույսեր կապելով Նոր տարվա հետ, ամենաբարի նկատառումներով նրանից ակնկալիքներ ունենք: Իսկ, որպեսզի իրականանան մեր իղձերն ու սպասելիքները, միակամ ու վճռական պիտի գտնվենք առաջիկա բոլոր ձեռնարկումներում, և հանուն պայծառ ապագայի համատեղենք մեր ջանքերը,  միասին կառուցենք ու առավել հմայիչ, բարետես դարձնենք մայրաքաղաք Ստեփանակերտը:

         Սիրելի համաքաղաքացիներ

Վերստին շնորհավորում եմ ձեզ` Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ, մաղթում երջանկություն ու ամենայն բարիք: Թող Նոր տարին ստեփանակերտցիներիս, բոլոր արցախցիների, համայն հայության համար լինի կայունության և խաղաղության տարի:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: