26.09.2019   ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ Է ՍԹՐՈՎՈԼՈՍԻ /ԿԻՊՐՈՍ/ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

ՍԿԶԲՆԱՎՈՐՎԵՑԻՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

Սեպտեմբերի 26-ին Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը քաղաքային համայնքի ավագանու նիստերի դահլիճում հյուրընկալել է աշխատանքային այցով Արցախում գտնվող Կիպրոսի Սթրովոլոս քաղաքի  քաղաքապետ Անդրեաս   Պապախարալամուսի    գլխավորած պատվիրակության անդամներին, որի կազմում են փոխքաղաքապետ Աննա Կարիդեսը, քաղաքային խորհրդի անդամներ, այլ ներկայացուցիչներ: Նրանց ուղեկցում է Հայոց Դատի Եվրոպայի հաանձնախմբի ղեկավար Գասպար    Կարապետյանը:

Ողջունելով հյուրերին, Ստեփանակերտի քաղաքապետ Ս.Գրիգորյանը բարձր գնահատեց երկու ժողովուրդների միջև ստեղծված ավանդական  բարեկամությունը, որ դարերի պատմություն ունի և, դիմանալով  փորձություններին, միշտ էլ հավատարիմ է մնացել դավանած սկզբունքներին, բոլոր ժամանակներում մնացել անխաթար ու անսասան:

Քաղաքապետը  զուգահեռներ անցկացնելով  հայերի և կիպրոսցիների անցած ճանապարհներին, նշեց  թե երկու ժողովուրդներն էլ ճակատագրով  դատապարտված են եղել պայքարել թշնամու դեմ և պահպանել իրենց ինքնությունը, լեզուն և մշակույթը: <<Ուրախ ենք, որ  չնայած որոշ դժվարությունների, Կիպրոսի Հանրապետությունը շարունակում է տնտեսապես զարգանալ: Արցախ կատարած այցը, դիտարկելով որպես Ստեփանակերտի ու Սթրովոլոս  քաղաքների միջև սկզբնավորվող բարեկամության և համագործակցության  անժխտելի իրողություն, վստահ եմ, որ տարեցտարի կապերն ավելի կամրապնդվեն ու կխորանան   և հպարտանալու  առիթներ անպայման կլինեն>>:

Հյուրերի խնդրանքով քաղաքապետ Ս.Գրիգորյանը, որպես հին բնակավայր, անդրադարձել է Ստեփանակերտի պատմությանը, ավանդույթներին, պատմամշակութային արժեքներին; Նշել է, թե  Արցախին պարտադրված դաժան պատերազմի տարիներին, քաղաքն ինչպես է թշնամու կողմից հրետակոծվել ու ավերվել և համայն հայության աջակցությամբ վերականգնվել: <<Եթե երկու տասնամյակ առաջ այցելած լինեիք այստեղ` կտեսնեիք թե ինչպիսի ավերածությունների է ենթարկվել քաղաքը,- ասաց քաղաքապետը: - Վերջին 10 տարիներին այն անճանաչելիորեն վերափոխվել, վերակառուցվել է, բարեկարգվել ու հմայիչ տեսք ստացել: Դրանում համոզվելու համար, կխնդրեի բերդաքաղաք Շուշիից  հայացք ձգել Ստեփանակերտին և <<հանրագումարել>> ձեր տեսակետները>>: Այնուհետև նա պատվիրակության անդամներին ծանոթացրել է մայրաքաղաքի խնդիրներին և զարգացման նոր ծրագրերին:

Պատասխան խոսքում Սթրովոլոսի քաղաքապետ Անդրեաս  Պապախարալամուսը պատվիրակության անունից շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և ընդգծեց, թե Արցախ ոտք դնելուց` այն  զգացումն է ունեցել, որ դարձյալ գտնվում է <<հայկական հյուրընկալ հողում>>: Նրա տեղեկացմամբ, Սթրովոլոսն իր տարածքով Կիպրոսի երկրորդ մեծ շրջանն է համարվում, ուր տնտեսության հետ        զարգանում են կրթությունն ու մշակույթը, առաղջապահությունը: Քաղաքում  առանձնակի  ուշադրություն է դարձվում շրջակա միջավայրի, հոգևոր-մշակութային  արժեքների պահպանմանն ու զարգացմանը: Հատկանշական է, որ քաղաքապետարանը բոլոր ոլորտներում սերտորեն համագորակցում է 5 հազար բնակչություն ունեցող տեղի հայ համայնքի հետ ու համատեղ ոչ քիչ ծրագրեր են իրականացվում:

Վերջում քաղաքապետներ Սուրեն Գրիգորյանն ու Անդրեաս Պապախարալամուսը խորհրդանշական հուշանվերներ են փոխանակել:

Ճանաչողական այցով հանրապետությունում գտնվող կիպրոսցիները հանդիպումներ կունենան երկրի ղեկավարության հետ, կծանոթանան պատմամշակութային հուշարձաններին, կայցելեն կրթօջախներ, կմասնակցեն քաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառումներին:

Հանդիպմանը ներկա են գտնվել Ստեփանակերտի փոխքաղաքապետներ Սուրեն Թամրազյանը, Արմեն Հակոբյանը, աշխատակազմի ղեկավար Գագիկ Նազլուխանյանը, Ստեփանակերտի քաղաքային համայնքի անդամներ Ռադի Միքայելյանը և Ալբերտ Գոտանյանը, այլ պատասխանատուներ:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն