27.07.2019 ՀԱՄԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԸ ԿԱՅԱՑԱՎ
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՆԱԽԱՇԵՄԻՆ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՆ ԱՎԵԼԻ ԳԵՂԵՑԻԿ ՈՒ ՄԱՔՈՒՐ ԿԼԻՆԻ Արցախի մայրաքաղաքը Համահայկական 7-րդ ամառային խաղերի նախաշեմին ավելի գեղեցիկ ու մաքուր տեսնելու ակնկալիքով էր այսօր Ստեփանակերտի քաղաքապետարանը կազմակերպել համաքաղաքային շաբաթօրյակը, որին վաղ առավոտից առաջինն էին ձեռնամուխ եղել <<Սանմաքրում>>, Ակադեմիկոս Թախթաջյանի անվան <<Ստեփանակերտի բուսաբանական այգի>>, <<Բնակարանային շահագործման տնտեսություն>>, և <<Ջրմուղ կոյուղի>>, ընկերությունների աշխատակիցները: Շատ չանցած նրանց են միացել Արտակարգ իրավիճակների պետական ծառայության հրշեջները, քաղաքի հիմնարկ-ձեռնարկությունների և ուսումնական հաստատությունների կոլեկտիվները: Շաբաթօրյակի մասնակիցների ուշադրության կենտրոնում են գտնվել հրապարակներն ու փողոցները, զբոսայգիներն ու պուրակները, մայրաքաղաքի տեսարժան վայրերը: Մասնավորապես սանմաքրման և բարեկարգման մեծածավալ աշխատանքներ են իրականացվել Ս.Շահումյանի անվան կենտրոնական մարզադաշտում և հարակից տարածքներում, քաղաքի Վերածննդի և Հաղթանակի հրապարակներում, Ս.Շահումյանի անվան պուրակում, <<Մենք ենք, մեր սարերը>> հուշահամալիրի շրջապատում, Ստեփանակերտի <<մուտքի մոտ>>, փողոցներում և բակերում: Լվացվել են Ստեփանակերտում գտնվող բոլոր հուշարձանները, մաքրվել և քաղաքից դուրս է բերվել մեծ քանակությամբ աղբ, այդ թվում` շինմնացորդներ: Կտրտվել են չորացած ծառերն ու թփերը, հեռացվել գերաճած մացուռները, փխրեցվել, մշակվել են հարյուրավոր հեկտար կանաչ տարածքներ: Փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանի հավաստմամբ, ով քաղաքապետարանի պատասխանատուների ուղեկցությամբ շրջում ու հետևում էր շաբաթօրյակի ընթացքին, իրենց ակտիվությամբ աչքի են ընկել նաև ՊԲ Ն զորամասի զինծառայողները, ովքեր ավանդույթի համաձայն, սանմաքրման և բարեկարգման աշխատանքներ են իրականացրել Աշոտ Ղուլյանի /Բեկորի/ անվան զբոսայգում` փորձելով այդպես հավերժացնել հերոսի հիշատակը: Ա.Հակոբյանը վստահեցնում է, որ Համահայկական խաղերի մասնակիցներին և հյուրերին ավելի գեղեցիկ ու ներդաշնակ մայրաքաղաքը կընդունի գրկաբաց և արժանապատվորեն: Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն |
< Վերադառնալ |