Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   483.02  դրամ
EUR   546.97  դրամ
RUB   7.23  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
28.12.2012   ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔԸ ՄՈւՐԱՑԱՆԻ ԱՆՎԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՎԵՐԱԲԱՑՄԱՆ ԱՌԻԹՈՎ

Մայրաքաղաքի գրասեր հասարակության հարգելի ներկայացուցիչներ

Սիրելի ստեփանակերտցիներ

Ուրախ եմ ձեզ ողջունելու այս, հիրավի, հաճելի, վաղուց սպասված շարժառիթի կապակցությամբ: Շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելուց հետո այսօր համաքաղաքացիների, ընթերցողների առաջ վերստին իր հյուրընկալ դռներն է բացում հայ մեծ վիպասան, մեր հայրենակից, Մուրացանի անունը կրող հիմնանորոգված և ճաշակով կահավորված քաղաքային գրադարանը:

Հայ ժողովուրդն իր պատմության ողջ ընթացքում աչքի է ընկել ընթերցասիրությամբ ու բարձր մշակույթով, առանձնահատուկ սեր տածել գրքի, գրականության նկատմամբ` սերունդներին ձգտելով կրթել ու դաստիարակել հայրենասիրական ոգով: Չնայած մեզ սպառնացող հոգևոր սովին, հանդիսանալով այդ արժեքների կրողը հիմա էլ շարունակում ենք հավատարիմ մնալ ավանդույթներին: Եվ պատահական չէ որ հաշվի առնելով այս իրողությունը, <Յունեսկո>-ի որոշմամբ 2012թ. Հայաստանի մայրաքաղաք Երևանը հռչակվել է գրքի համաշխարհային քաղաք: Ուրախալի է, անշուշտ և այն հանգամանքը, որ ազգովի նշում ենք խորհրդանշական համարվող ևս մի գեղեցիկ տոն` Հայ գրատպրության 500-ամյակը:

Սիրելի համաքաղաքացիներ

Կրթամշակութային օջախների նկատմամբ ուշադրությունը մշտապես գտնվում է երկրի ու քաղաքային իշխանությունների տեսադաշտում: Պետությունն անչափ կարևորում է նրանց դերակատարությունը հայրենիքի համար առողջ, կայուն գիտելիքներով օժտված սերունդ դաստիարակելու գործում, ձգտում ըստամենայնի բավարարել նրանց հոգևոր պահանջմունքները` բնակչության համար ստեղծելով ազատ ժամանցի և հանգստի նորմալ պայմաններ: Մենք ականատեսն ենք այդ ընդգծված քաղաքականության, որի արդյունքում հանրապետությունում, այդ թվում Ստեփանակերտում տարեցտարի համալրվում է նմանօրինակ հիմնարկների շարքը: Ասվածի ապացույցներից կարելի է համարել և պետական միջոցներով վերակառուցված քաղաքային գրադարանի վերաբացումը, ինչի առիթով դրվատանքի խոսքեր եմ ուզում ուղղել շինարարներին, որոնք բարեխղճորեն են կատարել իրենց պարտականությունները:

Օգտվելով ընձեռնված հնարավորությունից, քաղաքապետարանի ողջ անձնակազմի և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ գրադարանի կոլեկտիվին, բոլոր ընթերցողներին և համոզմունք հայտնում, որ այն արժանապատվորեն կծառայի իր կոչմանը, արգասաբեր աշխատանքի շնորհիվ հասարակության շրջանում էլ ավելի կբարձրանա գրքի դերն ու նշանակությունը, հազարավոր ստեփանակերտցիների համար կդառնա, իրոք, հոգեհարազատ օջախ, հետաքրքիր ժամանցի յուրահատուկ հավաքատեղի:

Միաժամանակ իմ ջերմ բարեմաղթանքներն եմ հղում ձեզ` Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մաղթում երջանկություն ու ամենայն բարիք: