Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   476.13  դրամ
EUR   525.98  դրամ
RUB   7.47  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
11.07.2019   ԿԱՅԱՑԵԼ Է ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԸ

 

ՍԵՓԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԱՃԵԼ ԵՆ ՄՈՒՏՔԵՐԸ

 

Հուլիսի 11-ին Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու կայացած նիստում, որ վարում էր քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, ի թիվս մի շարք հարցերի, օրակարգում ընդգրկված էր քաղաքային համայնքի 2019 թվականի բյուջեի 1-ին կիսամյակի կատարման մասին հաղորդումը, որով հանդես եկավ քաղաքապետարանի ֆինանսա-բյուջետային բաժնի պետ Մարատ Համբարձումյանը:

Ըստ պաշտոնական տվյալների, Ստեփանակերտի քաղաքային համայնքի 2019 թվականի 1-ին կիսամյակի ընդհանուր մուտքերը կազմել են 673194.3 հազ.դրամ` պլանավորված 758359.3 հազ.դրամի դիմաց: Ըստ որում, ընդհանուր մուտքերի 27.9 %-ը կազմել են սեփական եկամուտները: Հավաքագրվել է 188194.3 հազ.դրամ կամ կատարողականը կազմել է 91.6%:

Շենքերից և շինություններից գանձվող գույքահարկի գծով մուտքերը կազմել են 41200.9 հազ.դրամ, հողի հարկից գանձվող մուտքերը` 4111.6 հազ.դրամ: Փոխադրամիջոցներից մուտքագրվել է 71061.3 հազ.դրամի գույքահարկ, որը կազմում է պլանավորված 85680.0 հազ.դրամի 82.9%-ը:

Տեղական տուրքերի գծով մուտքագրվել է 30025.3 հազ.դրամ կամ կատարողականը կազմել է 101.9%: Գոհացուցիչ են և պետական տուրքերի գծով տվյալները: Պլանավորված 7140.0 հազ.դրամի դիմաց մուտքագրվել է 9245.3 հազ.,դրամ: Կատարողականը կազմել է շուրջ 130.0%:

Համայնքի բյուջեի ընդհանուր եկամուտների 72.0%-ը կազմել է պետական բյուջեից տրամադրվող դոտացիան: 2019 թվականի 1-ին կիսամյակի բյուջեի պլանավորված դոտացիայի գումարը կազմել է 552986.0 հազ.դրամ, որից հատկացվել է 485000.0 հազ.դրամ:

Քաղաքային համայնքի 2019 թվականի 1-ին կիսամյակի բյուջեի ծախսերը ֆինանսավորվել են 655931.2 հազ.դրամի չափով, որը կազմում է պլանավորված 767106.2 հազ.դրամի 85.5 %-ը:

Իր տեսակետն արտահայտելով քաղաքային համայնքի 2019թ. 1-ին կիսամյակի արդյունքների վերաբերյալ, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը մասնավորապես նշեց, թե ընդհանուր առմամբ բոլոր հարկատեսակների մասով ապահովվել են մուտքերը: Հատկանշական է, աճի միտումն առանձնապես սեփական եկամուտների գծով: Միևնույն ժամանակ նա պարտադիր համարեց մյուս հարկատեսակներով նախատեսված մուտքերի ապահովման անհրաժեշտությունը: Քաղաքապետն ընդգծեց գույքահարկի հավաքագրման գործընթացի արդյունավետության բարձրացման կարևորությունը` նախանշված գումարների ապահովման խնդրում և քաղաքապետարանի պատասխանատուներին հանձնարարեց ուժեղացնել վերահսկողությունը` հարկատուների պարտականությունների անվերապահ կատարման համար:

Նիստում ի գիտություն ընդունվեց քաղաքային համայնքի 2019թ. 1-ին կիսամյակի արդյունքների վերաբերյալ հաղորդումը: Ավագանու կողմից նախկինում ընդունված որոշումներում կատարվեցին համապատասխան փոփոխություններ` մասնավորապես կապված սեզոնային բնույթի շինարարության ծրագրերի իրականացման, բնակելի նպատակային նշանակության շենքերում և շինություններում կոշտ կենցաղային թափոնների աղբահանության վճարների դրույքաչափերի սահմանման հետ: 2019թ. 2-րդ եռամսյակի ծախսերի փոխհատուցման նպատակով` հավանություն տրվեց քաղաքային համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից, որպես փոխհատուցում, 450 հազ.դրամ ավագանու անդամներին հատկացնելու վերաբերյալ որոշման նախագծին:

Ավագանու հավանությանն արժանացան նաև համայնքի սեփականություն հանդիսացող Վ.Մեհրաբյան 1-ին նրբանցքի հ.22 տունը, ինչպես նաև թվով 4 բնակարաններ նվիրատվության կարգով օտարելու մասին նախագծերը:

Օրակարգը սպառվելուց հետո, ավագանու անդամների կողմից մի շարք հարցեր բարձրացվեցին մայրաքաղաքի կենսական նշանակության խնդիրների լուծման վերաբերյալ: Այդ առնչությամբ անհրաժեշտ պարզաբանումներով հանդես եկավ քաղաքապետ Ս.Գրիգորյանը:

 

 

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի  մամուլի ծառայություն