23.05.2019   ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍՈՒՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ` ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

 

Սիրելի շրջանավարտներ

Ջերմորեն շնորհավորում եմ դպրոցական կյանքի հիշարժան իրադարձության` 2018-2019 ուսումնական տարվա Վերջին զանգի կապակցությամբ: Զանգ, որ հնչում է որպես նոր և հասուն կյանքի սկիզբն ազդարարող ղողանջ:

Բնական է այն հուզմունքը, որ այս պահին ապրում եք դուք` հրաժեշտ տալով ձեզ համար հոգեհարազատ դարձած կրթօջախներին, սիրելի ուսուցիչներին: Դպրոցական ուսումնառության ավարտը խորհրդանշող վերջին զանգն ունի մեկ այլ խորհուրդ ևս: Այն ձեզ առաջնորդում է դեպի նոր կյանք, դեպի ինքնադրսևորման և ինքնահաստատման ավելի լայն ասպարեզ: Համոզված եմ, որ դպրոցական տարիներին ստացած գիտելիքները, հայեցի կրթությունն ու ազգային արժեքների ոգով դաստիարակությունը կօգնեն ձեզ` սեփական ընդունակություններն ու կարողությունները ներդնելու մեր երիտասարդ, անկախ երկրի շենացմանն ու բարգավաճմանը, մեր ստեղծարար, հերոսական ժողովրդի իղձերի ու նպատակների իրագործմանը:

Այսօր դուք գտնվում եք կյանքի մի նոր շրջանի նախաշեմին: Ու ճանապարհներն ուր էլ որ ձեզ տանելու լինեն, ցանկանում եմ, որպեսզի այն անցնեք առանց ցնցումների, հաստատուն և վստահ քայլերով: Համոզված եմ, որ դպրոցում ձեռք բերած գիտելիքները կկարողանաք կատարելագործել, հետզհետե ավելի ամրապնդել և դուրս գալ նոր ուղեծիր:

Ձեզնից ոմանք կանգնած են ուսումն ավագ դպրոցներում կամ միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում շարունակելու, այսօր առավել պահանջված արհեստ սովորելու ընտրության առաջ: Մյուսները հրաժեշտ են տալիս կրթօջախին` բուհերում քննության բռնելու և ուսանողի կարգավիճակ ստանալու ակնկալիքով: Ինչպիսի մասնագիտություն էլ որ ընտրելու լինեք, միշտ հիշեք, որ ձեր յուրաքանչյուր քայլին հետևում են ձեր ծնողներն ու ուսուցիչները, հարազատները, և պարտավորված եք արդարացնել նրանց ակնկալիքները:

Սիրելի շրջանավարտներ

Վերստին ընդունեք իմ շնորհավորանքները` Վերջին զանգի առիթով: Մաղթում եմ ձեզ կանաչ ճանապարհ, խաղաղ ու ստեղծագործ աշխատանք, նոր ձեռքբերումներ` առօրյա կյանքում, ուսման մեջ, նախընտրած բնագավառում:

Թող իրականություն դառնան ձեր բոլոր ձգտումներն ու ցանկությունները: