Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   478.40  դրամ
EUR   539.06  դրամ
RUB   7.43  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
14.02.2019   ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՑԻՆԵՐԸ ՆՇԵԼ ԵՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՏՐՆԴԵԶԸ

ՏՈՆԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ԽԱՐՈՒՅԿԻ ՇՈՒՐՋ ՈՒՐԱԽ ՊԱՐ ԵՆ ԲՌՆԵԼ

 

Փետրվարի 13-ին ստեփանակերտցիները նշեցին ավանդական դարձած ազգային, հոգևոր տոներից մեկը` Տրնդեզը, որը բազմաբովանդակ խորհուրդ ունի  իր մեջ և բնության զարթոնքի խորհրդանիշն է: Տոնի ամենատարածված բաղադրիչներից մեկը, որ պահպավել է մինչև օրս, խարույկն է:

Հատկանշական է, որ Տյառնընդառաջի տոնը Հայ Առաքելական եկեղեցին համարում է Տերունական տոն, որովհետև այն <<40 օրական  Հիսուսին տաճար բերելու հիշատակությունն է խորհրդանշում>>: Կրակի /խարույկի/ միջոցով մարդիկ պայքարում են ցրտաշունչ ձմռան և բքի դեմ`<< բարձրաձայնելով>>, թե` ժամանակն է տեղը զիջել գարնանը… Եվս մի հետաքրքիր խորհուրդ է տոնն իր մեջ պարունակում: Հին ժամանակներում խարույկի մոխիրը թափում էին տան չորս անկյուններում, որպեսզի հայ օջախները միշտ հաջողությունների մեջ լինեն և հեռու մնան փորձանքներից: Նրանք կրակի ածուխը քսում էին իրենց կոպերին, որպեսզի տեսողությունն ավելի լուսավոր ու պայծառ լինի: Կանայք էլ թաշկինակները նետում էին խարույկի մեջ ու երջանկություն, պտղաբերություն ակնկալում…

Ժողովրդական տոնի կապակցությամբ պետթատրոնի ընդարձակ բակում` Ստեփանակերտի քաղաքապետարանի մշակույթի տան նախաձեռնած միջոցառումը, որին մասնակցում էին բազմաթիվ պատանիներ ու երիտասարդներ, մեծ թվով  զինվորականներ, ուղեկցվում էր բարեմաղթանքի խոսքերով, ասմունքով, երգ-երաժշտությամբ, ուրախ և զվարթ պարերով: Ավանդույթի համաձայն, տոնակատարության մասնակիցներին բաժանվել են անուշահամ բարիքներ` աղանձ, չրեղեն, խնձոր ու քաղցրավենիք: Տոնական հագեցած ծրագիրը տևել է երկար, և մասնակիցները հնարավորություն են ունեցել հորդաբուխ ուրախանալ և շուրջպար բռնել:

Երբ քաղաքի վրա դանդաղ ու մեղմ իջել է երեկոն, երիտասարդները խարույկ են վառել և, սովորության համաձայն, առաջինը նրա վրայով ցատկելու/թռչելու/ իրավունքը վերապահվել է նորապսակ զույգերին:

Միջոցառմանը ներկա է գտնվել Ստեփանակերտի փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանը:

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն