Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   476.34  դրամ
EUR   530.17  դրամ
RUB   7.45  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
21.09.2018   ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ` ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ ՔԱՂԱՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ  ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 

Ստեփանակերտի քաղաքապետարանում  բարի ավանդույթ է դարձել քաղաքի օրվա առթիվ ընդունելության կազմակերպումը և բարեխիղճ աշխատանքի ու վաստակի համար` արժանավորների պարգևատրումը: Հիշարժան իրադարձությանն էր նվիրված սեպտեմբերի 21-ին Ստեփանակերտի  քաղաքապետարանում կազմակերպված ընդունելությունը, որին ներկա էին նաև փոխքաղաքապետեր Սուրեն Թամրազյանն ու Արմեն Հակոբյանը, աշխատակազմի ղեկավար Գագիկ Նազլուխանյանը:

Ջերմորեն ողջունելով տոնի առիթով ստեփանակերտցիներին, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանն արժևորեց օրվա խորհուրդը, ինչը  մեծ իմաստ և բովանդակություն  է ներառում իր մեջ: <<Մեզնից յուրաքնչյուրն, իրավամբ, հպարտանում է մեր քաղաքի անցյալով ու ներկայով, նաև որոշակի պարտավորվածություն զգում նրա նկատմամբ: Ինչպես ընդունված է ասել, տոներն առիթ են հետադարձ հայացք ձգելու մեր անցած ճանապարհին և վերարժևորելու այն,- նշեց  քաղաքապետը` անդրադառնալով նախկին մարզկենտրոն Ստեփանակերտը  վերանվանելու մասին պատմությանը: - Որոշումը կայացվեց 95 տարի առաջ, 1923 թվականի սեպտեմբերի 23-ին, Բաքվի 26 կոմիսարների չարանենգ սպանության 5-րդ տարելիցի կապակցությամբ: Այդ օրվանից, հաճախակի հայտնվելով փորձությունների առաջ, քաղաքը բնակչության անսասան կամքի, միասնական ջանքերի շնորհիվ արժանապատվորեն հաղթահարել է բոլոր դժվարություններն ու արգելքները: Շարունակելով լավագույն ավանդույթները, մեզ հաջողվեց համախմբվել մեկ ընդհանուր նպատակի շուրջ ու շարունակել մեր պայքարը թշնամու դեմ, Հայաստանի, համայն հայության աջակցությամբ վերականգնել ավերված քաղաքը, զարգացնել տնտեսությունը ու հետևողականորեն ապահովել նրա առաջընթացը>>:

Ինչպես իր ելույթում  ընդգծեց Ս.Գրիգորյանը, շինարարական-վերականգնողական լայնածավալ աշխատանքների շնորհիվ  վերջին տարիներին անճանաչելիորեն փոխվել է մայրաքաղաքը, դարձել գեղեցիկ և ավելի հրապուրիչ: <<Մենք ականատեսն ենք այն գործընթացների, որոնք իրականացվում են ամենատարբեր ոլորտներում: Դրանք մասնավորապես վերաբերում են բնակարանաշինությանն ու դպրոցաշինությանը, փողոցների և զբոսայգիների, բազմաբնակարան շենքերի բակերի վերակառուցմանն ու հիմնանորոգմանը, առողջապահական հաստատությունների ընդլայնմանը, քաղաքի ջրամատակարարման խնդրին, ինչը ոչ միայն կենսական, այլ ռազմավարական մեծ նշանակություն ունի: Շարունակվում են քաղաքապետարանի ուշադրության  կենտրոնում մնալ ծայրամասային  փողոցների և թաղամասերի բարեկարգման,  արտաքին լուսավորման, քաղաքի սանիտարական մաքրության բարելավման ու կանաչ տարածքների ընդլայնման խնդիրները>>,- ասաց քաղաքպետը, համոզմունք հայտնելով, որ այսուհետև ևս  քաղաքային իշխանությունները ստեփանակերտցիների աջակցությամբ ջանք չեն խնայի քաղաքի բարեկարգման և ճարտարապետական տեսքի բարելավման, կենսական խնդիրների լուծման համար:

<<Գաղտնիք չէ, որ քրտնաջան, բոլորանվեր աշխատանքով է պայմանավորված մեր քաղաքի հետագա զարգացումն ու առաջընթացը,- դիմելով ներկաներին` հավելեց քաղաքապետը: - Չէ, որ Արցախ ժամանած այցելուների մոտ երկրի հանդեպ առաջին տպավորությունը ձևավորվում է հենց Ստեփանակերտում: Եվ գիտակցելով այդ իրողությունը, բոլորս պիտի ձգտենք, որպեսզի Ստեփանակերտը լինի ավելի մաքուր ու գեղեցիկ, ներդաշնակ: Լիահույս եմ, որ այսուհետ ևս դուք ձեր արժանի ավանդը կբերեք մայրաքաղաքի զարգացմանը, առավել պատասխանատվությամբ և նվիրումով կկատարեք ձեր պարտականությունները>>,- ասաց Ս.Գրիգորյանը` վերստին շնորհավորելով ներկաներին:

Քաղաքապետը երկարատև, անբասիր աշխատանքի համար և քաղաքի օրվա կապակցությամբ պատվոգրերով և արժեքավոր նվերներով պարգևատրեց Ստեփանակերտի մի շարք կազմակերպությունների աշխատակիցների, մաղթեց նրանց նորանոր ձեռքբերումներ, ամենայն բարիք:

 

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի  մամուլի ծառայություն