Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   479.98  դրամ
EUR   534.46  դրամ
RUB   7.42  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
21.09.2018   ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍՈՒՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ` ՔԱՂԱՔԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

 

Սիրելի ստեփանակերտցիներ

 

Ստեփանակերտի օրվա կապակցությամբ ընդունեք իմ  անկեղծ շնորհավորանքները:

Մեզնից յուրաքանչյուրն անկեղծորեն հպարտանում է մեր քաղաքի անցյալով ու ներկայով, նրա հոգևոր, պատմամշակութային արժեքներով: Այդ առումով տոներն  առիթ են  ևս մեկ անգամ հետադարձ հայացք ձգելու մեր անցած ճանապարհին և վերաարժևորելու այն:

Կազմավորման օրվանից, դժվարին, բայց պատվաբեր ճանապարհ է անցել մայրաքաղաք Ստեփանակերտը: Չնայած Ադրբեջանի իշխանությունների կողմից` նախկին մարզի ու նրա կենտրոնի նկատմամբ վարվող խտրական քաղաքականությանը, մարզկենտրոնի հայկական ճարտարապետական դիմագիծն ամեն կերպ խաթարելու և արմատներից կտրելու փորձերին, Հայաստանի և Արցախի երևելի արվեստագետների ու ճարտարապետների ազգապահպան առաքելության շնորհիվ, հոգևոր-մշակութային կյանքը շարունակում էր գոյատևել:

1988-ի Արցախյան ազգային-ազատագրական շարժումը մեր ժողովրդի հոգևոր զարթոնքի սկիզբը հանդիսացավ: Ստեփանակերտը, որպես հարազատ օջախ, իր տանիքի տակ առավ  ազատության համար պայքարի ելած զավակներին:  Այն ժողովրդի համար դարձավ ոչ միայն գլխավոր հավաքատեղի, այլև ռազմական իրադրության  հետ կապված զարգացող գործընթացները համակարգող կենտրոնակայան: Այս տեսանկյունից անգնհատելի է  մայրաքաղաքի դերը` թշնամու դեմ մարդկանց ուժերն համախմբելու և միասնաբար պայքարն առաջ մղելու գործում:

Վերջին տարիներին շինարարական-վերականգնողական լայնածավալ աշխատանքների շնորհիվ անճանաչելիորեն փոխվել է քաղաքը, դարձել գեղեցիկ ու բարեկարգ: Հաջողվել է լուծել առաջնահերթ, կենսական նշանակության մի շարք խնդիրներ, որոնց մասին երազում էինք: Իշխանությունների համար  այսօր մայրաքաղաքում աշխատանքների ծավալման գլխավոր ուղղություններ են շարունակում հանդիսանալ բնակարանաշինությունն ու դպրոցաշինությունը, առողջապահությունը, փողոցների և զբոսայգիների, բազմաբնակարան շենքերի բակերի վերակառուցումն ու հիմնանորոգումը: Քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում է մնում ծայրամասային փողոցների և թաղամասերի բարեկարգման ու արտաքին լուսավորման խնդիրը, քաղաքի կանաչ  տարածքների ընդլայնումը, օրինակելի սանիտարական  մաքրության պահպանումը:

Որպես հանրապետության մայրաքաղաք, Ստեփանակերտը տարեցտարի առաջընթաց զարգացում է ապրում, ինչին իրենց անձնական ձեռնարկմամբ նպաստում են հազարավոր համաքաղաքացիներ, մեզնից  յուրաքանչյուրը: Չէ՞ որ Արցախ ժամանած այցելուների մոտ երկրի հանդեպ առաջին տպավորությունը ձևավորվում է Ստեփանակերտում: Հետևաբար, մեր քաղաքը   մշտապես մաքուր և գեղեցիկ, հրապուրիչ պիտի լինի բոլորի համար, մեր հանրօգուտ  աշխատանքով նպաստենք սիրելի  մայրաքաղաքի զարգացմանն ու բարգավաճմանը:

Թանկագին ստեփանակերտցիներ

Վերստին շնորհավորում եմ քաղաքի օրվա առթիվ, մաղթում նորանոր հաջողություններ, խաղաղություն, անձնական երջանկություն: