Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   484.55  դրամ
EUR   551.61  դրամ
RUB   7.21  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
02.08.2018   ՀԱՄԱԼՐՎՈՒՄ է ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԱԾ ՀԱՐԹԱՔԱՆԴԱԿՆԵՐԻ ՇԱՐՔԸ

ՀԱՎԵՐԺԱՑՎԵՑ ՀԵՆՐԻԽ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԸ

 

Մայրաքաղաքում տեղադրված հարթաքանդակների շարքը համալրվեց ևս մեկով: Քաղաքապետարանի որոշմամբ, Հ.Հակոբյան փողոցի հ.46 տան պատին, ուր ծնվել, ապրել է պետական գործիչ Հենրիխ Պողոսյանը, տեղադրվեց նրա բրոնզաձույլ հարթաքանդակը:

Բացման հանդիսավոր արարողությանը ներա էին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, Նախագահի աշխատակազմի ղեկավար Մարատ Մուսայելյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, պետական քաղաքական հասարակական կառույցների ներկայացուցիչներ, մայրաքաղաքի բնակիչներ, հյուրեր:

Բացելով միջոցառումը, քաղաքապետարանի մամուլի քարտուղար Դավիթ Միքայելյանը մասնավորապես ասաց. <<Այսօր մենք այստեղ  ենք հավաքվել  հիշարժան իրադարձության` պետական գործիչ, կուսակցության մարզկոմի նախկին առաջին քարտուղար, ԽՍՀՄ նախկին ժողպատգամավոր Հենրիխ Պողոսյանի հարթաքանդակի հանդիսավոր բացման առիթով, մեր հարգանքն  ու խոնարհումը բերելու երջանկահիշատակ   մի պայծառ մարդու նկատմամբ, ով իր ողջ գիտակցական կյանքն ու գործունեությունը նվիրաբերել է Արցախ աշխարհին, իր ժողովրդի ինքնության պահպանմանն ու արցախյան հիմնախնդրի արդարացի լուծմանը: Իմ խորին համոզմամբ, այսպիսի միջոցառումները լավ առիթ են վերարժևորելու հայրենիքի արժանավոր զավակների վաստակը, ովքեր իրենց ազգանպաստ գործունեությամբ անջնջելի հետք են թողել Արցախի, նրա մայրաքաղաքի պատմության տարեգրության էջերում` սերունդներին կտակելով մնայուն գործեր և հիշողություններ>>:

Հենրիխ Պողոսյանն այն բացառիկ անհատականություններից է, ով արցախահայության համար բախտորոշ ծանր ժամանակներում ստանձնելով կուսակցության Լեռնային Ղարաբաղի մարզկոմի առաջին քարտուղարի պարտականությունները, մտահոգված լինելով հինավուրց լեռնաշխարհի, հարազատ ժողովրդի ճակատագրով, իրենից կախված հնարավոր ամեն ինչ անում էր Բաքվի հակահայկական հարձակումներին հակազդելու և իշխանությունների վտանգավոր վարքագիծը հրապարակայնորեն մերկացնելու, միջազգային բարձր ատյաններում  Արցախի ձայնը բարձրացնելու համար: Այդ տեսանկյունից անուրանալի է նրա դերը` Արցախից ընտրված ժողպատգամավորների համախմբման, նրանց գործունեության համակարգման և ընդհանուր նպատակների իրագործման  խնդրում:  Դեռ այսօր էլ մեր  հիշողության մեջ վառ է մնում ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նստաշրջանում` արցախյան հիմնախնդրի շուրջ ծավալված քննարկումներում Հենրիխ Պողոսյանի ունեցած կրակոտ և համաձակ ելույթը, որի նկատմամբ անտարբեր չէին կարող մնալ անգամ մեր հակառակորդներն ու թշնամիները:

Միանգամայն արդար և  ազնիվ վճիռ է կայացրել Ստեփանակերտի քաղաքապետարանը` որոշելով Հենրիխ Պողոսյանի  ապրած տան պատին հարթաքանդակ տեղադրել, արժևորել նրա վաստակը և  հավերժացնել  հայրենիքի արժանավոր զավակի հիշատակը:

Հարթաքանդակի բացման իրավունքը վերապահվում է քանդակագործ Ալբերտ Հարությունյանին և երջանկահիշատակ Հենրիխ Պողոսյանի քրոջը` Էլմիրա Պողոսյանին:

Հանդիսավոր արարողության մասնակիցները հարթաքանդակի մոտ ծաղիկներ են տեղադրում: Ծաղկեպսակ է տեղադրվում Ստեփանակերտի քաղաքապետարանի անունից:

Միջոցառմանը ելույթներ  ունեցան և քաղաքապետարանի ձեռնարկումը ողջունեցին

Արցախի գրողների միության նախագահ, բանաստեղծ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդան Հակոբյանը, ԼՂՀ մարզգործկոմի նախկին նախագահ, ԽՍՀՄ նախկին ժողպատգամավոր Սիմոն Բաբայանը, Սպարտակ Թևոսյանը և Վլադիմիր Թովմասյանը,  որոնց  բախտ է վիճակվել երկար տարիներ աշխատելու Հ.Պողոսյանի հետ: Նրանք հետաքրքիր  հուշեր պատմեցին վաղամեռիկ  գործչի, պայծառ արցախցու մասին:

Վերջում շնորհակալական խոսքով հանդես եկավ  երջանկահիշատակ Հ.Պողոսյանի քույրը` Էլմիրա Պողոսյանը,  ով երախտագիտություն հայտնեց եղբոր հիշատակը հավերժացնելու համար:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի  մամուլի ծառայություն