01.06.2018 ՆՇՎԵԼ Է ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԸ
ՏՈՆԱԿԱՆ ՀԱԴԻՍՈՒԹՅՈՒՆ` ՎԵՐԱԾՆՆԴԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
Որպես ավանդական տոն, Արցախում երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը նշվում է բազմապիսի հագեցած միջոցառումներով, ուրախ տրամադրությամբ: Ու, քանի որ այն զուգադիպում է ամռան առաջին օրվա հետ, բնականաբար, ավելի բանուկ են դառնում զբոսայգիներ և պուրակներ, հրապարակներ, տեսարժան այլ վայրեր տանող ճամփաները: Արևի, շրջապատի, ջերմությունից կրկնապատկվում է երեխաների ուրախությունը, նրանց նկատմամբ ավելի ընդգծվում հարազատների և մտերիմների սերն ու գուրգուրանքը: Բնական է և այն ուշադրությունը, որ իշխանությունների կողմից դրսևորվում է երեխաների հանդեպ` բարեմաղթանքների և նվիրատվության <<ձևաչափով>>: Հիշարժան տոնի կապակցությամբ մինչևիսկ Արցախի նախագահն է նրանց շնորհավորել և անհոգ մանկություն ու երջանկություն մաղթել: Չէ որ, ինչպես ընդունված է ասել, մանուկներն են երկրի ապագան, նրա վաղվա օրվա տերն ու պատասխանատուն, լավագույն ավանդույթների շարունակողը: Եվ պետությունն, անկասկած, շահագրգռված է, որպեսզի խաղաղ ու առողջ մեծանան, ստանան հայեցի կրթություն և դաստիարակություն, ապահովվի նրանց անվտանգությունը: Այդ գաղափարի իրականացմանն է միտված ուսումնական հաստատությունների և նախադպրոցական հիմնարկների ցանցի ընդլայնումը, ինչը երեխաներին հնարավորություն է ընձեռնում լիարժեք դրսևորելու իրենց ընդունակություններն ու կարողությունները, ստանալու կայուն գիտելիքներ, արդարացնելու բոլոր ակնկալիքները: Վերջին տարիներին ԱՀ կառավարության և <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի համաֆինանսավորմամբ հանրապետության բնակավայրերում տասնյակ նորակառույց հնարակրթական, արվեստի դպրոցներ ու մանկապարտեզներ, խաղահրապարակներ ու զբոսայգիներ են կառուցվել, ուր երեխաները սիրով պարապվում և հանգստանում են, ուսումը զուգորդում հետաքրքիր ժամանցի հետ: Պատերազմող, չճանաչված երկրի կարգավիճակ ունենալու հանգամանքը նորանոր մարտահրավերների առաջ է կանգնեցնում իշխանություններին, և ժամանակը <<հորդորում է >> մշտապես զգոն լինել և ճիշտ վճիռներ կայացնել, որպեսզի կապույտ երկնքի տակ, խաղաղությամբ անցնի մանուկների յուրաքանչյուր օրը, այն լինի իմաստալից, հագեցած և զրնգուն: Հունիսի 1-ի տոնի կապակցությամբ հանրապետության բնակավայրերում ուրախ հանդեսներ ու համերգներ են կազմակերպվել երեխաների մասնակցությամբ, արժևորվել է նրանց դերը հասարակության մեջ և հնչեցվել են սրտաբուխ շնորհավորանքներ: Այդ միջոցառումներից անմասն չեն մնացել և ստեփանակերտցիները: Խորհրդանշական տոնի մասնակիցների գլխավոր հավաքատեղին դարձել էր մայրաքաղաքի Վերածննդի հրապարակը, ուր կրթության, գիտության և սպորտի նախարարության հետ համատեղ քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության բաժինը տոնական շքերթ էին կազմակերպել` ներգրավելով կրթօջախների և նախադպրոցական հիմնարկների շնորհաշատ երեխաներին: Ծնողների, տատիկների ու պապիկների, ուսուցիչների ներկայությունից նրանց ոգևորությունն ավելի էր կրկնապատկվել, և ուրախ ու զվարթ երգերով, պարերով, գեղեցիկ արտասանություններով երեխաները նվաճեցին հանդիսատեսների սրտերը` արժանանալով ջերմ ծափերի: Տոնական համերգին հաջորդեց տիկնիկային ներկայացման ցուցադրությունը: Մանուկների կենսախինդ ժպիտները միահյուսվել էին արևոտ օրվա ջերմությանը, և տոնն ավելի է ընդգծվել նրանց երգերում ու պարերում, գունեղ և լուսավոր նկարներում, անգամ <<շիկացած>> ասֆալտի վրա, ուր ամենացածր տարիքի երեխաները խաղաղություն և հավերժություն խորհրդանշող իրենց սիրելի <<քանդակներն>> էին թողել` Հայաստանի ու Արցախի դրոշների, ճերմակ աղավնիների պատկերներով: Նրանցից յուրաքանչյուրն ուներ իր հետաքրքրությունների ներաշխարհը, սիրած թեման, ու ձգտում էր տեսանելի դարձնել իր ընկալումներն ու մտահղացումները: Երեխաների տոնը ծնողների և ուսուցիչների հետ մեկտեղ կիսելու էին եկել ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը,Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, պատգամավորներ, կառավարության անդամներ, մայրաքաղաքի հասարակության ներկայացուցիչներ: Հանդեսի վերջում, միջոցառման ժամանակ աչքի ընկած երեխաները նախարարության և քաղաքապետարանի կողմից արժանացան հուշանվերների: Հավելենք, որ տոնակատարության շրջանակում համերգներ են կայացել նաև Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում և մայրաքաղաքի Ստեփան Շահումյանի անվան պուրակում: Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն |
< Վերադառնալ |