07.05.2018   ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԱՌԱՋՆԱԳԻԾ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Տոնական օրերի կապակցությամբ Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակիցների այցերը`  պաշտպանության բանակի զորամասեր, վաղուց բարի ավանդույթ են դարձել և շարունակում են նորովի դրսեվորվել`  ամենատարբեր ձևաչափերով:

Մայիսի 5-ին  իրականացված հերթական այցը` ՊԲ զորամաս և առաջնագիծ, լիովին համահունչ է քաղաքապետարանի կողմից մշակված` Հաղթանակի տոնի, Արցախի պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա 26-րդ տարեդարձի միջոցառումների ծրագրին: Իսկ ձեռնարկված  այցելությունը, որ եկավ  համալրելու նախորդների շարքը, դեռ երկար կմնա քաղաքապետարանի աշխատողների և զինվորականների հիշողության մեջ:

Աշխատակազմի կոլեկտիվին առաջնորդում էին քաղաքապետի տեղակալներ Սուրեն Թամրազյանը, Արմեն Հակոբյանը և աշխատակազմի ղեկավար  Գագիկ Նազլուխանյանը: Նրանք տեղում ծանոթացան զորամասի հրամանատարության, անձնակազմի սպաների և զինվորների հետ, անկեղծ ու անկաշկանդ զրույց ունեցան, շոշափեցին համաբանակային կյանքին  և առօրյային վերաբերող տարբեր  հարցեր: Այնուհետև հրամանատարության  ուղեկցությամբ  խումբը մեկնեց առաջնագիծ` մայիսյան եռատոնի կապակցությամբ շնորհավորելու  դիրքապահ տղաներին, ոգևորելու նրանց և մաղթելու անփորձանք, խաղաղ ծառայություն: Հյուրերը, նաև հավաստիացրին, որ հարկ եղած դեպքում կանգնած են լինելու նրանց կողքին:

Ինչպես միշտ, այս անգամ  էլ Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատողները դատարկաձեռն չէին  ներկայացել առաջնագիծ ու զինվորների համար քաղցրավենիք և հուշանվերներ էին տարել: Նրանք բարձր տրամադրությամբ, անմոռանալի տպավորություններով տուն վերադարձան, համոզված լինելով, որ երկրի սահմաններն անվտանգ են,  և հայ զինվորը միշտ զգոն է ու ամուր է կանգնած դիրքերում: 

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի  մամուլի ծառայություն