03.04.2018 ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՑԻՆԵՐԸ ՆՇԵԼ ԵՆ ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿԸ
Մայրաքաղաք Ստեփանակերտում մեծ ոգևորությամբ ու խանդավառությամբ է նշվել եկեղեցական ավանդական տոնը` Սուրբ Զատիկը, որը մեկնարկել է Սուրբ Հակոբ եկեղեցուց` լուսաճրագի <<փոխանցմամբ>>: Բնակչության տոնական տրամադրությանը նպաստել է և Ստեփանակերտի քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության բաժնի կողմից պատրաստված հետաքրքիր և հագեցած ծրագիրը: <<Էմբադա>> առևտրի կենտրոնի բակում մշակույթի տան երգի-պարի համույթը` հանրակրթական հաստատությունների երեխաների մասնակցությամբ հանդես է եկել համերգով, որի ժամանակ հնչել են եկեղեցական, ազգագրական, ժողովրդական երգեր ու խաղիկներ, հայրենասիրական ստեղծագործություններ: Միջոցառմանը շուք են հաղորդել քաղաքի տարբեր կրթօջախների սովորողների` տոն օրվա խորհուրդը բնորոշող զատկական առատ սեղանները` գեղարվեստական հյութեղ ու ներդաշնակ ձևավորմամբ: Դպրոցականների կողմից ներկայացվել էին նաև նկարչական և ձեռագործ աշխատանքներ: Հայտարարված մրցույթում լավագույնը ճանաչված խմբերն արժանացել են քաղաքապետարանի սահմանած մրցանակներին: Նվերներ են ստացել միջոցառման գրեթե բոլոր մասնակիցները: Մրցանակները հաղթողներին է հանձնել քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության բաժնի պետ Կարինե Հարությունյանը:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն
|
< Վերադառնալ |