28.02.2018 ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ` ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ հ.1 ԴՊՐՈՑՈՒՄ
ՓԱՌԱԲԱՆՎՈՒՄ ԵՆ ՀԱՅՐԵՆԻՔՆ ՈՒ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ
Մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում շարունակվում են Արցախյան ազգային-ազատագրական շարժման 30-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները: Հիշարժան տարեդարձի կապակցությամբ հերթական միջոցառում անցկացվեց Ստեփանակերտի Խ.Աբովյանի անվան հ.1 հիմնական դպրոցի դահլիճում, ուր հյուրընկալվել էին ԱԺ պատգամավորներ, ԿԳՍ պատասխանատու աշխատողներ, մտավորականության ներկայացուցիչներ, արցախյան ազատամարտում նահատակված աշակերտների ծնողներ և հարազատներ: Ավելի քան մեկ ժամ տևած գրական-երաժշտական հանդեսի ժամանակ /կազմակերպիչ` Անուշ Ավանեսյան/ դպրոցականների կողմից հնչեցին հայրենասիրական ստեղծագործություններ` բանաստեղծություններ, երգեր, երաժշտական համարներ, հայկական խրոխտ պարեր ցուցադրեցին շնորհաշատ պատանիներն ու աղջիկները: Փառաբանվեցին հայրենիքն ու հայ զինվորը, արժևորվեց արցախյան շարժման ակտիվ մասնակիցների և նվիրյալների վաստակը, խնկարկվեց գոյամարտում , այդ թվում` ապրիլյան պատերազմի ժամանակ հերոսաբար նահատակված տղաների պայծառ հիշատակը: Հուզիչ էր ԱԺ պատգամավոր, դպրոցի նախկին տնօրեն Ռոմելա Դադայանի խորհրդավոր <<երկխոսությունը>> պատերազմից տուն չդարձած իր սաների հետ: Գրական-երաժշտական հանդեսն ավարտվեց դպրոցականների` հայրենիքին, Արցախին նվիրված խմբերգով: Տոնի առթիվ ներկաներին շնորհավորեց և միջոցառման կազմակերպիչներին ու մասնակիցներին, դպրոցի տնօրեն Ժաննա Բալայանին շնորհակալություն հայտնեց Ստեփանակերտի քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժնի պետ Կառլեն Մարգարյանը:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն
|
< Վերադառնալ |