Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   483.14  դրամ
EUR   549.86  դրամ
RUB   7.16  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
14.02.2018   ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ՎԵՐԱԾՆՆԴԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ` 1988-Ի ԲԵՄԱԳՐՈՎ

ԱՆԿԱԽ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ  ԳԵՐԱԳՈՒՅՆ ԱՐԺԵՔ

 

Ուղիղ 30 տարի առաջ փոթորկվել էր Ստեփանակերտը: <<Նիրհից>> սթափվել ու իրավունքների, ազատության համար պայքարի էր ելել ողջ արցախահայությունը: Հաշված օրեր անց, փետրվարի 20-ին` արտահայտելով ժողովրդի կամքը,  ԼՂԻՄ մարզխորհրդի  20-րդ գումարման արտահերթ նստաշրջանն ընդունեց պատմական որոշում, որով ամրագրվեց սեփական  ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու Արցախի  բնակչության վճռականությունը: Պայքարի ճանապարհին բազում կորուստներ կրեց ժողովուրդը, սակայն դժվարությունների առաջ երբեք չերկնչեց, արժանապատվորեն դիմակայեց բոլոր փորձություններին: Այսօր նա անկախ պետականություն ունի կերտած, հաղթանակած երկիր, որի լիիրավ տերն ու տիրակալն է, և Աստծո օրհնությամբ շարունակում է իրագործել նվիրական իղձերն ու երազանքները:

Գրեթե 1988-ի փետրվարի 13-ի <<բեմագրով>> է Ստեփանակերտում անցել ուսանողական  և երիտասարդական կազմակերպությունների բազմամարդ երթը, որին միացան արցախյան շարժման ակտիվ մասնակիցներ, բուհերի դասախոսներ և հանրակրթական դպրոցների ուսուցիչներ, մտավորականության, աշխատանքային կոլեկտիվների ներկայացուցիչներ, դպրոցականներ: Մեկնարկը տրվեց Արցախի պետական համալսարանից:

Երթի մասնակիցները 1988-ի շարժումն ազդարարող ցուցապաստառներով, 30-ամյա տարեդարձի տարբերանշանով, դրոշներով և նկարներով, հայրենասիրական ոգեշունչ կոչերով Ազատամարտիկների պողոտայով շարժվում են դեպի Ս.Շահումյանի անվան պուրակ:

Այն առաջնորդում են գերազանց սովորող ուսանողները, ովքեր իրենց ձեռքերին տանում են 25 մետր երկարությամբ ձգվող Արցախի Հանրապետության դրոշը: Շահումյանի անվան պուրակում նրանց առանձնակի ջերմությամբ է ողջունում Ստեփանակերտի քաղաքապետարանի փողային նվագախումբը` խմբավար և դիրիժոր, արվեստի վաստակավոր գործիչ Ալբերտ Սաֆարյանի գլխավորությամբ:

Շուտով ամբիոն են բարձրանում  հանրապետության ղեկավարները` նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ և շարժման ակտիվիստները: Հանրահավաքին, աշխատանքային բազմաթիվ կոլեկտիվների թվում,  մասնակցում էր և  Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմը` քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի գլխավորությամբ:

Շեփորահարը հնչեցնում է 1988-ի շարժման կոչնակը, որով և ազդարարվում է հանրահավաքի սկիզբը: Ելույթներ են ունենում  շարժման ակտիվ մասնակից, Արցախի պետհամալսարանի դասախոս Համլետ Գրիգորյանը, Ազգային  ժողովի պատգամավոր, Արցախի հերոս Ժաննա Գալստյանը, Ապրիլյան պատերազմում բազմաթիվ սխրանքներով աչքի ընկած մարտիկ,  երիտասարդ սպա, <<Մարտական Խաչ>> առաջին աստիճանի շքանշանի ասպետ Մարատ Պետրոսյանը:

Շնորհավորանքի ուղերձով  հանրահավաքի մասնակիցներին, արցախցիներին, հայ ժողովրդին է դիմում հանրապետության նախագահ  Բակո Սահակյանը:

 Ներկաներին  օրհնանքի խոսքեր ուղղեց Հայ Առաքելական  եկեղեցու Արցախ հոգևոր թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը

Շեփորի կոչնակներով  ավարտվում է հանրահավաքը: Հրապարակը տրամադրվում է <<Կարին>> ազգագրական, <<Մենք ենք, մեր սարերը>>, <<Արացախ>> երգի, պարի համույթներին: Ժողովրդական և ազգագրական ոգեղեն ստեղծագործությունների հնչյունների ներքո միասնության շուրջպար են բռնում երիտասարդները, որոնց միանում են շարժման ակտիվիստներն ու արցախյան ազատամարտի վետերանները: Ավագների <<ուղղորդմամբ>>  փոքրիկները երկինք են բաց թողնում արցախյան շարժման 30-րդ տարեդարձը խորհրդանշող տարբերանշանով օդային գունեղ փուչիկներ, որոնց հետևում է ճերմակ աղավնիների ճախրանքը` խաղաղությունը թևերեին:

Մինչև երեկո Վերածննդի հրապարակում թևածում էին  հայկական երգն ու երաժշտությունը: Մայրաքաղաքում ժողովրդական ուրախ տոնախմբություն էր:

 

 

 Ստեփանակերտի քաղաքապետարանի  մամուլի ծառայություն