15.06.2017 ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ ԿՀԱՆԳՍՏԱՆԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱՄԲԱՐՆԵՐՈՒՄ
ՈՐ ՈՒՐԱԽ ՈՒ ՀԱԳԵՑԱԾ ԱՆՑՆԻ ԱՄԵՆ ՄԻ ՕՐԸ
Որպես հին ուսումնականի ընդհանրացման և նոր ուսումնական տարվա նախապատրաստականի անբաժան մաս է դիտարկվում Արցախի կրթական համակարգի պատասխանատուների կողմից դպրոցականների ամառային հանգստի արդյունավետ կազմակերպումը, որ այս օրերին քննարկման նյութ է հանդիսանում կրթօջախներում, և մանկավարժական կոլեկտիվները շահագրգռված են, որպեսզի առավել արժանավորներն ընդգրկվեն ճամբարներում: Ըստ Ստեփանակերտի քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժնի պետ Կառլեն Մարգարյանի, ամռանը երկրի և Հայաստանի Հանրապետության ամենատարբեր ճամբարներում իրենց հանգիստը կազմակերպելու հնարավորություն կունենան շուրջ երկու հազար դպրոցականներ: Միայն <<Երկրապահ>> կամավորականների <<Սևան>> ճամբարը կհյուրընկալի 900 երեխաների: Հատկանշական է, որ արցախցիների առաջին խմբերն /այդ թվում` Ստեփանակերտից/ արդեն մեկնել են հանգստանալու: Դպրոցականների մի խումբ այս օրերին իջևանել է Ծաղկաձորի <<Հանքավայր>> ճամբարում: Գերատեսչության պատասխանատուի խոսքով, այստեղ գլխավորապես ամառային իրենց հանգիստը կանցկացնեն սոցիալապես անապահով երեխաները: Մեծ թվով դպրոցականներ կհյուրընկալվեն ՀՀ <<Տիրամայր>> և <<Թեժ լեռ>> /Վանաձոր/ ճամբարներում: Կ.Մարգարյանը հավաստիացնում է, թե <<եղած հնարավորությունները դրանով չեն սպառվում և առաջիկայում անակնկալներ շատ են լինելու>>, մանավանդ, որ Հայաստանից նոր հրավերներ են ստացվում և <<անհրաժեշտ է վերջնականորեն հստակեցնել ճամբար մեկնողների ցուցակները>>: Անդրադառնելով հանրապետությունում գործող ճամբարների աշխարհագրությանը, պետական աջակցությամբ և բարեգործական խողովակներով երեխաների տեղաբաշխմանը, պարոն Մարգարյանը նշեց, թե նախորդ տարիների համեմատ <<և այդ հիմնարկների և հանգստացողների թիվը բավական խոսուն է>>, և քայլեր են ձեռնարկվում մի քանի փուլերով դպրոցականներին ընդգրկելու համար: Ընդ որում նա հավելեց, թե հանգստի և ժամանցի համար ստեղծված են լավագույն պայմաններ, երեխաները հնարավորություն ունեն անկաշկանդ շփվել ու <<բացահայտել>> իրար, ամենատարբեր ուղղություններում ցուցադրել իրենց շնորհքն ու կարողությունները, շրջապատի հանդեպ լինել բարի և ներողամիտ: Հաշվի առնելով բարձր դասարանցիների հետաքրքրությունը` ռազմական գործի ու զինվորական կարգապահության պահանջների նկատմամբ, հուլիսին 10-11-րդ դասարան փոխադրվածները կընդգրկվեն Այգեստանի ռազմամարզական ճամբարում, ուր նրանք ՊԲ սպաների մասնակցությամբ հատուկ դասընթացներ և վարժանքներ կանցնեն, կամաց-կամաց կընտելանան ու կհմտանան զինվորական առօրյային: Կառլեն Մարգարյանի տեղեկացմամբ, առաջին փուլում ռազմամարզական ճամբարը կհյուրընկալի մայրաքաղաքի կրթօջախների աշակերտներին: Ամռանը <<բանուկ կլինեն>> նաև դպրոցներին կից գործող ճամբարները, որտեղ կազմակերպիչները խոստանում են հագեցած մշակութային ու մարզական միջոցառումներ, լիարժեք սնունդ: Այդ նպատակին կծառայեն մայրաքաղաքի թվով 2 կրթօջախներ: Հայտերն արդեն ներկայացված են ու մնում է ավարտին հասցնել նախապատրաստական աշխատանքները: Պարոն Մարգարյանը համոզված է, որ փոքրիկները գոհ կմնան առօրյայից և ուրախ կանցնի նրանց ամեն մի օրը:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն
|
< Վերադառնալ |