Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   481.56  դրամ
EUR   542.00  դրամ
RUB   7.56  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
01.06.2017   ՆՇՎԵԼ Է ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԸ

ԹՈՂ ԿԱՊՈՒՅՏ ԵՐԿՆԻ  ՏԱԿ  ԱՆՑՆԻ ՆՐԱՆՑ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ

 

Որպես ավանդական տոն, Արցախում երեխաների իրավունքների պաշտպանության  օրը նշվում է բազմապիսի հագեցած  միջոցառումներով, ուրախ տրամադրությամբ: Ու, քանի որ այն զուգադիպում  է ամռան առաջին օրվա հետ, բնականաբար բանուկ են դառնում զբոսայգիներ և պուրակներ, հրապարակներ, տեսարժան այլ վայրեր  տանող ճամփաները: Նրան հնարավորություն է ընձեռնվում  լիարժեք  անցկացնելու հանգիստը: Արևի, շրջապատի, ջերմությունից կրկնապատկվում է  երեխաների ուրախությունը, նրանց նկատմամբ ավելի է ընգծվում հարազատների և մտերիմների սերն ու գուրգուրանքը:

Հատկանշական է և այն ուշադրությունը, որ իշխանությունների կողմից  դրսևորվում է երեխաների հանդեպ` բարեմաղթանքների և նվերների տեսքով: Տոնի կապակցությամբ մինչևիսկ Արցախի նախագահն է նրանց շնորհավորել և անհոգ մանկություն ու երջանկություն մաղթել: Չէ որ մանուկներն են երկրի ապագան, հարստությունը, և պետությունը շահագրգռված է, որպեսզի խաղաղ ու առողջ մեծանան, ստանան հայեցի կրթություն և դաստիարակություն,  ապահովվի նրանց անվտանգությունը: Այդ գաղափարի իրականացմանն են միտված  ուսումնական հաստատությունների և  նախադպրոցական հիմնարկների ցանցի ընդլայնմանը միտված ձեռնարկումները, որոնք  երեխաներին հնարավորություն են ընձեռնում դրսևորելու իրենց ընդունակություններն ու կարողությունները, ստանալու կայուն գիտելիքներ:

Վերջին տարիներին կառավարության և <<Հայաստան>> համահայկական  հիմնադրամի, բարեգործական կազմակերպությունների միջոցներով հանրապետության բնակավայրերում տասնյակ նորակառույց  հանրակրթական ու արվեստի դպրոցներ  ու մանկապարտեզներ, խաղահրապարակներ ու զբոսայգիներ են կառուցվել, ու երեխաները լիարժեք պարապվում և հանգստանում են, ուսումը զուգորդում  հետաքրքիր ժամանցի հետ: Ստեփանակերտի քաղաքապետարանի կրթության և  սպորտի բաժնի պետ Կառլեն Մարգարյանի համոզմամբ <<Երեխաներին նվիրվելն ու ծառայելը յուրաքանչյուր գիտակից մարդու կյանքի նպատակը պիտի համարվի: Որպես կրթական համակարգի աշխատող, այդ տեսակետից ավելի է մեծանում մեր պատասխանատվությունը: Եվ կարծում եմ, որ ոչ միայն այսօր այլև  օրացուցային յուրաքանչյուր օր մեզ պարտավորեցնում է մշտապես պատշաճ հոգ տանել նրանց նկատմամբ: Մանավանդ, որ պատերազմող, չճանաչված երկրի կարգավիճակ  ունենալու հանգամանքը նորանոր մարտահրավերների առաջ է կանգնեցնում մեզ, և ժամանակը <<հորդորում է>> մշտապես զգոն լինել և ճիշտ վճիռներ կայացնել: Առիթից օգտվելով  շնորհավորում եմ հիշարժան  իրադարձության առիթով, թող կապույտ երկնքի տակ, խաղաղությամբ անցնեն նրանց յուրաքանչյուր օրը, լինի իմաստալից, հագեցած և զրնգուն >>, ասում է նա:

Երեկ տոնի կապակցությամբ հանրապետության բնակավայրերում  ուրախ հանդեսներ ու համերգներ են  կազմակերպվել երեխաների  մասնակցությամբ, արժևորվել է   նրանց դերը հասարակության մեջ և հնչեցվել են սրտաբուխ շնորհավորանքներ: Այդ միջոցառումներից անմասն չեն մնացել և ստեփանակերտցիները: Մայրաքաղաքի պատկերասրահում  բացվել է դպրոցականների ստեղծագործությունների ցուցահանդեսը, ուր ներկայացվել են տաղանդավոր երեխաների ձեռքով պատրաստված հուշանվերներն ու կենցաղային իրերը, կախարդիչ գույներով  վրձնաներկված կտավները:

Մարդաշատ են եղել և  քաղաքի պուրակներն ու զբոսայգիները, ուր հնչել են  մանուկների զվարթ կատարումները: Հունիսի 1-ին, օրվա գլխավոր հավաքատեղն դարձել էր Ստ.Շահումյանի անվան օղակաձև պուրակը, ուր կենսախինդ շատրվանների ուղեկցությամբ քաղաքապետարանի մշակույթի և զբոսաշրջության բաժինը տոնական  համերգ էր կազմակերպել` ներգրավելով արվեստի դպրոցի և  մանկապարտեզների շնորհաշատ երեխաներին: Ծնողների, տատիկների ու պապիկների, ուսուցիչների ներկայությունից նրանց ոգևորությունն ավելի էր կրկնապատկվել, և ուրախ երգերով ու պարերով, գեղեցիկ արտասանություններով երեխաները նվաճեցին հանդիսատեսների սրտերը` արժանանալով ջերմ ծափերի: Վերջում փոքրիկներին հաճելի անակնկալներ էր սպասվում: Համերգի բոլոր մասնակիցները Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից պարգևատրվեցին նվերներով:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն