27.07.2012   Շուրջօրյա ջուր` ևս 600 ընտանիքների

Մայրաքաղաքի շուրջօրյա ջրամատակարարման ծրագրի շրջանակներում 1500 խոր.մետր տարողությամբ նոր ջրամբարի գործարկմամբ ավարտին հասցվեցին 11-րդ գոտու շինարարական աշխատանքները: Կառույցի ընդհանուր արժեքը կազմում է 590 մլն դրամ: Ջրամբարի շինարարությամբ, որն իրականացրել է <<Մեչտա>> արտադրական կոոպերատիվը, այսպիսով լուծվեց ավելի քան 600 ընտանիքների շուրջօրյա ջրի խնդիրը:

Ջրամբարի գործարկման հանդիսավոր արարողությանը հանդես գալով բացման խոսքով, քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժնի պետ Կառլեն Մարգարյանը Ստեփանակերտի քաղաքապետարանի, ողջ ստեփանակերտցիների անունից երախտագիտություն հայտնեց ԼՂՀ իշխանություննրին, բոլոր այն շինարարներին, որոնց ջանքերով կյանքի են կոչվում շուրջօրյա ջրամատակարարման ծրագրերը:

Նորակառույց ջրամբարի բացումն ազդարարող կարմիր ժապավենի <<հատման>> իրավունքը վերապահվեց  ԼՂՀ քաղաքաշինության փոխնախարար Վազգեն Աբրահամյանին և Ստեփանակերտի քաղաքապետի առաջին տեղակալ Սուրեն Թամրազյանին:

Շինարարական աշխատանքներին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար, վերջում քաղաքաշինության նախարարության և <<Մեչտա>> արտադրական կոոպերատիվի մի խումբ մասնագետներ ու շինարարներ Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի կողմից պարգևատրվեցին պատվոգրերով: